
Մոսկվայից Երևանով փորձել են 800 միլիոն ռուբլու ոսկե ձուլակտոր տեղափոխել ԱՄԷ
Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում ձերբակալվել է 6 մաքսանենգ, որոնք փորձել են 800 միլիոն ռուբլու ոսկե ձուլակտորներ տեղափոխել Արաբական Միացյալ Էմիրություններ։ ՌԴ դաշնային մաքսային ծառայության մամլո ծառայության փոխանցմամբ՝ մաքսանենգները բաժանվել են երկու խմբի, որոնցից մեկը մեկնել է Երևան։
Տարածված հաղորդագրության համաձայն՝ Երևան ուղևորվող խումբը, որը բաղկացած է եղել երեք անձից, մաքսային հսկողության գոտու միջոցով անց է կացրել 45 ձուլակտոր, որի ընդհանուր զանգվածը կազմել է 225 կիլոգրամ։ Ռուսական կողմի պնդմամբ՝ Երևան ուղղությունն ընտրվել է այն պատճառով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և ուղևորների մաքսային հսկողություն չի իրականացվում։
Երկրորդ խումբը, զբոսաշրջիկների անվան տակ, ձեռք է բերել դեպի Դուբայ ավիատոմսեր, իսկ օդանավակայան ժամանել համանման, բայց դատարկ ուղեբեռով։ Անցնելով հսկիչ-անցագրային կետը՝ մաքսանենգները հանդիպել են և չեզոք գոտում փոխանակվել պայուսակներով։ Ռուսական ուժայինները նրանց ձերբակալել են հենց ինքնաթիռում։ Ձերբակալվածները Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիներ են։
Ավելի ուշ, Հայաստանի քաղաքացիները կալանավորվել են, իսկ Ռուսաստանի քաղաքացիներից ստորագրություն վերցրել չհեռանալու մասին։ Հարուցվել է 3 քրեական գործ։
Լուսանկարը՝ ՌԴ դաշնային մաքսային ծառայության
Մեկնաբանել