
Պայթյուն «Սուրմալու»-ում. օգոստոսի 17
Օգոստոսի 17-ը և 18-ը Հայաստանում հայտարարվել են սգո օրեր` ի հիշատակ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից զոհված քաղաքացիների։
Քաղաքացիները օրվա տարբեր ժամերին ծաղիկներ էին խոնարհում առեւտրի կենտրոնի մուտքերից մեկի մոտ։ 2 մարդ մինչև այսօր համարվում է անհետ կորած, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում էին, դեպքի վայրում աշխատում էին փրկարարները, բժիշկները, «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպության կամավորները, ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաեւ քաղաքացիներ, որոնք կամավոր միացել էին աշխատանքներին։ Տարածքում լռություն էր, աշխատանքների ընթացքի մասին որևէ մեկնաբանություն ոչ ոք չէր տալիս՝ հորդորելով հետևել միայն պաշտոնական լրահոսին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 16 մարդ, 62 քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, 2 հոգի համարվում է անհետ կորած։
Մեկնաբանել