
Անկախ Հայաստանի, խղճի ու բանականության սահմանից այնկողմ
ԽՈՀ` ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ
Ինձ մտատանջող մի հարց կա: Այդ հարցն ինձ հաճախ են տալիս: Դրան ես այսպես եմ պատասխանում. «Իհարկե, չեմ զղջում, որ հանուն անկախության գաղափարի երիտասարդ տարիներս անցկացրել եմ խորհրդային բանտերում ու աքսորում»: Եվ ավելացնում եմ. «Անկախության պայքարը մեր ընտրությունը չէր: Այդ մենք էինք նախախնամության կողմից ընտրված: Իսկ ինչ վերաբերում է անարդարությանը, նրա հետ ես այսօր էլ եմ անհաշտ»։
Պատասխանս միանգամայն անկեղծ է: Իսկ ինչո±ւ եմ մտատանջության մեջ ընկնում, երբ ինձ դիմում են այդ հարցով: Դրա պատճառը ես իմ մեջ չեմ գտնում, այլ անկախացած Հայաստանի: Ուրեմն` նաև իմ մեջ:
ԱՐՆԱԳՈՒՅՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
Այն երկիրը, որի գաղափարախոսական պատը չինական պատի տասը հաստությունն ուներ, երկիրը, որի արդարության խորհրդանիշը աշխարհի երեսին անարդարության ու դեմագոգիայի ամենացայտուն դրսևորումներից մեկն էր` հավասարությունը, երկիրը, որի գաղափարական միակ դարբնոցը` «դարաշրջանի միտք, պատիվ ու խիղճ» կոմկուսը, իր դռները լայնորեն բացում էր բանվորի ու գյուղացու առաջ, իսկ մտավորականը թշնամու գերությունից ողջ-առողջ վերադարձածի նման կասկածի էր ենթակա, այդ երկրի գաղափարական երեսպաշտության շղթայի վերին օղակը Գլխավոր օրենքում ամրագրված` ազգերի ազատ ինքնորոշման դրույթն էր, որի մասին Խորհրդային Միությունում խոսվում էր թութակի տրամաբանությամբ ու պատասխանատվությամբ: Եթե հավատայիր այդ դրույթին և խոսեիր այն կիրառելու մասին, կամ էլ փորձեիր ապացուցել, որ ԽՍՀՄ-ում այն ֆիկցիա է, փաստացի գոյություն չունի, կհայտնվեիր այնտեղ, որտեղ անցան իմ ու ինձ նման շատերի կյանքի տարիները:
Խորհրդային հանրապետությունները, որոնք պարտավոր էին նախկինում խաբվածի պես մի կողմ դնել իրենց անցյալը, երկրպագել բոլշևիզմի խորհրդանիշերը, պարտադիր կամավորական սկզբունքով ձուլվել միասեռ զանգվածին, և դեռ այս ամենն ընդունել որպես մեծագույն արտոնություն, գրեթե բոլոր այդ «եղբայրական» հանրապետություններն ունեին իրենց «վտանգավոր տարրերը», որոնք կարմիր ներկայի ու «не положено»-ի ապազգային բռնապետական հոսանքին հակառակ էին լողում: Խորհրդային պետությունը նրանց համար որոշակի վայրեր ուներ հատկացրած. երևակայությամբ և ինքնատիպ մտածողությամբ օժտված մտավորականները պատահարի էին ենթարկվում կամ «տեղափոխվում» հոգեբուժարան, իսկ մեզ` պայքարի քաղաքական և ըստ էության` միանգամայն օրինական ձև ընտրածներիս սպասում էին քաղաքական կալանավայրերն ու աքսորը:
Այս ամենն այսպես էր իր կես դարը բոլորած և արդեն բավական «քաղաքակրթված» պետական կառույցում:
ԱՆԿԱԽԱՑՈՒՄԻՑ ԱՌԱՋ
Անազատության տարիներիս մեծ մասն անցկացրել եմ Մորդովիայի 19-րդ ճամբարում: Ընթացքում` տեղափոխություններ, պատժախուց, զրկանքներ, հոգեբանական ճնշում: «Քաղաքական դարձի» այդ համակարգը խորհրդային հանրապետությունների «վտանգավոր տարրերին» միևնույն պատժի վայրեր տեղափոխելով` ակամա հնարավորություն էր ստեղծում ծանոթությունների համար, անգամ հասցնում էինք մտերմանալ: Մեր զրույցների հիմնական թեման անկախության գաղափարն էր, մեր երազանքների անկախ հայրենիքների հնարավոր փոխհարաբերությունները: Ազգային ազատագրության գաղափարը մի կողմից մեր երիտասարդ մարմինները դատապարտել էր ցրտի ու քաղցի, մյուս կողմից` այդ զրկանքները խիստ շոշափելի կերպով ապացուցում էին մեր պայքարի արդարացիությունը:
1975 թվականի ապրիլի 23-ն էր: Պահի իրավիճակը թելադրում էր առանց ցնցումների անցկացնել Հայոց ցեղասպանության տարելիցի օրը: Այդ էր պատճառը, որ ՊԱԿ-ի աշխատակիցն ինձ հարցրեց, թե ապրիլի 24-ի հետ կապված ինչ մտադրություն ունեմ: Ասացի, որ այդ օրը անցկացնելու եմ ինչպես Հայաստանում. սգի մեջ, չաշխատելով: Հաջորդ օրը երեկոյան ինձ միացան ուկրաինացիներ, ռուսներ, մերձբալթներ, հրեաներ: Նրանց մեջ և’ ուղղափառներ կային, և’ կաթոլիկներ: Մենք զրուցեցինք, ապա աղոթքով ու մեկ րոպե լռությամբ հարգեցինք Հայոց եղեռնի զոհերի հիշատակը: Դա մի սրտառուչ, ինքնատիպ ընկերակցություն էր, որ հետագա տարիներին էլ տարբեր դրսևորումներով փորձեցինք պահպանել: Այն ազգամիջյան միաբանությունը, որի մասին տարփողում էր Խորհրդային Միությունը, ես իրականում տեսա ճամբարում:
Ցավոք սրտի, իմ գաղափարակից ընկերներից շատերը զոհվեցին անազատության մեջ: Ողջ մնացածներս, աքսորից վերադառնալով, մեր քաղաքական ընդհատված կյանքը շարունակեցինք քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի հիմնադրմամբ, որը վերածվեց միջազգային կոմիտեի: Անդամագրվեց Վրաստանը (ներկայացուցիչը` Մեհրաբ Կոստավան), Ուկրաինան, որը ներկայացնում էին Վյաչեսլավ Չորնովիլը և Միխայիլ Գորինը: Այս ամենը հիմք հանդիսացավ ճամբարում ստեղծված կապերը պահպանելու համար: 88-ի հունվարին Երևանում տեղի ունեցավ երեք հանրապետությունների ներկայացուցիչների հավաք: 90-ին Հայաստան եկան Վասիլ Օվսիենկոն և Իվան Սոկուլսկին: Այնուհետև սկսվեց ԽՍՀՄ փլուզումը ու ամենքս մեր երկրում լծվեցինք մեր անելիքներին:
Թե շարժման տարիներին ինչ ցնցումներ, դժվարություններ ու բերկրանք ապրեց մեր ժողովուրդը, բոլորին է հայտնի: Իսկ ինչ էինք զգում մենք` անկախականներս, միանգամայն այլ բան է: Պահի պատմական նշանակությունը մեզ համար յուրովի կարևոր էր ու ըմբռնելի, միաժամանակ` անձնական, քանի որ Ազգային միացյալ կուսակցությունը շարժումից շատ տարիներ առաջ` 1966-ից, արդեն իր վրա էր վերցրել գերտերությանը «ոչ» ասելու, անկախ Հայաստանի գաղափարը վեր հանելու վտանգավոր, շատերի կարծիքով` սիզիփոսյան գործը, որը, սակայն, վստահ եմ` կմնա որպես ազգային ինքնությունից հրաժարվելու դեմ մեր երկրի պայքարի հաղթաթուղթը:
ԱՆԿԱԽԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ
88-ի շարժման մեր` խորհրդային շրջանի քաղաքական այլադավաններիս կարգախոսը ամենասկզբից էլ «Անկախություն»-ն էր: Շարժման ղեկավարներն անգամ քննադատում էին մեզ` անկախական գաղափարներ արտահայտելու համար: Բայց քաղաքական անցքերի քաոսային թվացող հոսանքն արցախյան շարժումը հանգեցրեց մեր ազգային անկախությանը: Հայաստանն անկախ հռչակվեց, և ճիշտ ժամանակն էր, որ մեր նորանկախ երկրի ոտքի տակ դրվեր գաղափարական այն հիմքը, որն իրենց կյանքի գնով ստեղծել էին հայ անկախականները: Այդպես քաղաքական անսովոր կարգավիճակում հայտնված մեր քաղաքացու համար կկապվեր անցյալի ու ներկայի շղթան, նաև կձևավորվեր գնահատանքի մթնոլորտ, ինչը հատկապես կարևոր է նորաստեղծ երկրի համար:
Գրեթե այդ ամբողջ ընթացքում խորհրդային նախկին քաղբանտարկյալների հետ մեր կապը շարունակվում էր: 2009-ին նրանց հրավերով ես մեկնեցի Կիև: Օգոստոսի 24-ն էր` Ուկրաինայի անկախության հռչակագրի օրը, որ երկրի անկախության օրն է համարվում: Տոնական մեծ շքերթի ժամանակ հրապարակի ամբիոնում կանգնած էին ու երկրի ղեկավարների հետ միասին շքերթն ընդունում էին բոլոր նախկին քաղբանտարկյալները` Խորհրդային Ուկրաինայի այլախոհները: Անկախ Ուկրաինան միայն այդ քայլով չէ, որ ցուցաբերել է մարդու վաստակի գնահատման բարձր մշակույթ: Երկրի նախագահի հրամանագրով արդարացվել են քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր ուկրաինացիները: Անկախ Ուկրաինան իր տոնացույցում քաղաքական բռնությունների զոհերի հիշատակի օր ունի: Նախագահ Յուշչենկոյի հրամանագրով տարբեր շքանշաններով պարգևատրվել են Մորդովիայի և Ուրալի ճամբարներով անցած քաղբանտարկյալները: Մեր ճամբարային ընկերներից ութին Ուկրաինան հերոսի կոչում է շնորհել, որոնցից չորսին` հետմահու: Հուզմունքով կարդացի ընկերոջս` Վասիլ Ստուսին հետմահու Ուկրանիայի հերոսի կոչում ու Շևչենկոյի անվան պետական շքանշան շնորհելու մասին որոշման տեքստը. «Ոգու անընկճելիության, Ուկրաինային անձնվիրաբար ծառայելու, ազգային գաղափարախոսության պահպանման, իր ստեղծագործություններում համամարդկային բարձր արժեքներ արտահայտելու համար»: Նախագահը պետական պարգևներ է շնորհել իր երկրի հարյուր հիսուն «նախկին քաղկալանավորի ու բռնադատվածի` Ուկրաինայի ազգային ու պետական վերածնման գործում ունեցած անձնական ներդրման, ազատության և անկախության գաղափարների հաղթանակի համար մղված պայքարում ցուցաբերած անձնազոհության, ակտիվ հասարակական գործունեության համար»: Պետական պարգևներ են շնորհվել Հելսինկյան համաձայնագրի պաշտպանության խմբին անդամակցած ուկրաինացիներին: Խորհրդային քաղբանտարկյալ, Շևչենկոյի անվան պետական շքանշանակիր Էվգեն Սվերստյուկը, որ երկու անգամ հրաժարվել է Ուկրաինայի հերոսի կոչումից ու բավարարվել Ազատության շքանշանով, այսօր էլ` 85 տարեկան հասակում խրախուսվելով իր երկրից ու ժողովրդից, շարունակում է իր ազգային, հասարակական գործունեությունը: Անկախության պայքարի այդ ինտելեկտուալ գործիչը Ուկրաինայի խիղճն է համարվում: Բանաստեղծուհի Լինա Կոստենկոյի բնակարան է այցելել երկրի նախագահը` հանձնելու Ուկրանիայի հերոսի շքանշան: Կոստենկոն շնորհակալություն է հայտնել` ասելով, որ ինքը չի կրում կառավարական զարդեր: Այդ ասելով` նա ամենևին չի մտահոգվել, թե կարող է նեղացնել նախագահին և այդ դեպքից հետո էլ շարունակել է մնալ նրա բարեկամը: Պարգևների շարքը բավական մեծ է և դժվար է այն ամբողջությամբ ներկայացնելը: Հատկանշական է, որ գրեթե բոլոր պետական պարգևների հանձնման տեքստերում նախկին քաղբանտարկյալները ներկայացված են որպես օրենքի պաշտպաններ:
Այսպես, Ուկրաինայի նախկին նախագահը բարձր գնահատեց ազգային արժեքներն ու անկախության մարտիկների վաստակը, ինչն անչափ կարևոր է երկրի «քաղաքական երթուղին» ճշտելու համար: Յուշչենկոն նաև իր երկրում դրեց արդարության բարձր նշաձող. մասնակցեց նախագահական ընտրություններին և հարգելով իր երկրի ժողովրդավարական ձեռքբերումներն ու չօգտագործելով պետական, կառավարական որևէ լծակ` չընտրվեց: Տեղին է հիշել ֆոլկներյան պարտության էսթետիկայի գաղտնիքը` «Հաղթում է նա, ով պարտվել գիտի»: Ըստ նրա` պարտությունն էլ հաղթանակ է, բայց այնպիսի հաղթանակ, «որը չեն տոնում, այլ ընդունում են որպես վկայություն»: Իսկ ո±րն է մարդու վաստակի գնահատման հարցում մեր երկրի, եթե պարտություն չասենք, ապա` վրիպելու գաղտնիքը, ինչն իր հետևից բազում խնդիրներ է բերում:
Խորհրդային տարիների անկախականների բանակը ուշադիր հետևում ու սովորում էր հայ անկախականներից: Իրենց երկրի պետական պարգևները ստացած ուկրաինացի անկախականներ Ստուսը, Չորնովիլը, Օվսիենկոն, Պոպադյուկը, Շաբատուրան, Կոլինեցը, Կրավցիվը, Սեմենյուկը… Հայաստանի Ազգային միացյալ կուսակցության համակիր անդամ էին: Մեզ վրա էր սևեռված նաև խորհրդային անվտանգության աչքը` որպես քաղաքականապես առավել կոփված ու «մարտունակ» կազմակերպության: Անկախության դրոշն առաջինը Հայաստանում բարձրացվեց: Կատաղի հակախորհրդային մերձբալթյան երկրներն անգամ մեզանից էին սովորում: Բայց, ցավոք, անկախության գաղափարակիր երկրների մեջ, խորհրդային կարգերի փլուզումից հետո, Հայաստանը մնաց ամենախորհրդայինը: Եվ առավել ցավալի է, որ նման իրավիճակները մեր ժողովրդի պատմության մեջ բավական հաճախադեպ են:
ԽՈՀ` ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Գուցե ճիշտ կլիներ, եթե իմ փոխարեն մեկ ուրիշը գրեր այս ամենի մասին, քանի որ ինքս խորհրդային շրջանի քաղաքական դատապարտյալ եմ, և մտահոգությունս հնարավոր է` սխալ ընկալվի: Անհանգստությունս կապված չէ իմ ապրած կյանքն արժևորելու հետ: Նվիրաբերումս անհատույց է: Կրակի մեջ նետվողը դատողություններ չի անում ոչ այրվելու մասին, ոչ էլ «այրվողի կոչում» ստանալու: Խնդիրն իմ երազած անկախ Հայաստանի վաղն է, որը սկսվում է այսօրվա արժեհամակարգի` գնահատանքների այդ ամբողջության ընտրությամբ, ինչն ըստ էության` առաջին հերթին գնահատողին է հարկավոր:
Երեկ մենք` անկախականներս, խորհրդային երկրի սևեռուն ուշադրության կենտրոնում էինք: Այդ էին պահանջում մինչ օրս իր ուրվականային գոյությունը շարունակող երկրի ամբողջատիրական խիղճն ու բանականությունը: Այսօր, ցավոք, մեր վաստակն անտեսված է մեր ազգային պետության, նրա խղճի ու բանականության կողմից, և դա ինձ մտահոգում է ոչ թե իմ անցյալի, այլ երկրիս ապագայի առումով:
ՌԱԶՄԻԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել