
Խաղաղապահներն արձանագրել են Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքը
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը օգոստոսի 3-ի իր տեղեկագրում արձանագրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքը։ Տեղեկագիրը հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում։
«Զորախմբի պատասխանատվության գոտում իրավիճակի սրում է արձանագրվում։ Սարիբաբա (ռուս․՝ САРЫБАБА) բարձունքի շրջանում Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ միջոցներ է ձեռնարկում իրավիճակի կայունացման համար»,- ասվում է ռուսական խաղաղապահ զորախմբի տեղեկագրում։
Հարկ է ընդգծել, որ ռուս խաղաղապահների այսօրվա տեղեկագրում ոչ մի խոսք չկա Պաշտպանության բանակի զոհերի և վիրավորների մասին։ Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը Պաշտպանության բանակի դիրքերի ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրի ուղղությամբ նռնականետեր, ականանետեր և հարվածային ԱԹՍ-ներ են կիրառել, ինչի հետևանքով զոհվել է 2 զինծառայող, 14-ը տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել։
Լուսանկարը՝ արխիվային / © Հետք
Մեկնաբանել