
Լուսառատ և Եղեգնավան բնակավայրերն իրար կապող ճանապարհի մի մասը աղբանոցի է վերածվել
Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսառատ և Եղեգնավան բնակավայրերն իրար կապող ճանապարհի մի հատվածը վերածվել է աղբանոցի։ Արդեն մի քանի տարի է՝ այստեղ կենցաղային ու շինարարական աղբ է թափվում։ Աղբավայրի վերածված հատվածը գտնվում է Լուսառատի վարչական տարածքում։ Այն նախկինում եղել է Լուսառատի պոմպակայանը, որն արդեն 15 տարուց ավել է՝ չի շահագործվում։ Աղբանոցի վերածված վայրին հարակից Լուսառատ և Եղեգնավան բնակավայրերի խաղողի այգիներն ու մշակովի դաշտերն են։
Աղբավայրը պարբերաբար նաև այրվում է։ Մի քանի անգամ աղբը հողով ծածկվել է։
Լուսառատ և Եղեգնավան բնակավայրերը պայմանագիր ունեն «Մաքուր երկիր» ՍՊ ընկերության հետ։ Աշխատակիցները շաբաթական մեկ անգամ կատարում են բնակավայրերի աղբահանությունը։
«Մաքուր երկիր» ՍՊԸ-ի տնօրեն Յուրա Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընկերությունը կատարում է բնակավայրերի աղբահանությունը համայնքների խոշորացումից՝ 2022թ․ հունվարի 13-ից հետո, երբ Վեդի համայնքի խոշորացան արդյունքում 17 բնակավայրեր միավորվեցին մեկ համայնքի մեջ։ Ընկերության սահմանած աղբավայրը գտնվում է Վեդի քաղաքի մերձակայքում։
Յուրա Հարությունյանն առաջարկեց բնակավայրերի ղեկավարների հետ գնալ տարածք, տեսնել աղբավայրն ու մտածել որևէ լուծում գտնելու մասին։
Լուսառատի վարչական ղեկավար Սիրանուշ Ֆարֆարյանը «Հետքին» հայտնեց, որ ամենայն հավանականությամբ աղբը թափում են հարևան բնակավայրերի բնակիչները, պոմպակայանը գտնվում է Լուսառատի բնակելի տներից բավականին հեռու, բացի այդ չկա պահակ, որը կհսկի, որպեսզի այնտեղ աղբ չթափվի։
«Ավազ բերող մեքենաները՝ դրսից, շինաղբ բերողները՝ կողքի գյուղից, բերում են ու էդտեղ թափում են, մենք չենք կարողաում դեմն առնել։ Հեռու է, չենք կարողանում հսկել, նույնիսկ գյուղացիներին ասել եմ, որ տեսնեք, մեքենայի համարները գրե՛ք, շատը դրսից են բերում՝ Եղեգնավանից»,- ասում է Լուսառատաի վարչական ղեկավարը։
Սիրանուշ Ստեփանյանի խոսքով կենցաղային աղբը յուրաքանչյուր հինգշաբթի հավաքվում է «Մաքուր երկիր» ՍՊ ընկերության աղբատար մեքենաներով։
Եղեգնավանի վարչական ղեկավար Դավիթ Մեհրաբյանն ասում է, որ Եղեգնավանի բնակիչներին պարբերաբար հորդրում է՝ չթույլատրված վայրերում աղբ չթափել, իսկ պոմպակայանը գտնվում է Լուսառատի վարչական տարածքում, Մեհրաբյանի խոսքով՝ գուցե որոշ բնակիչներ աղբ թափած լինեն, բայց բացառվում է, որ եղեգնավանցիները բեռնատարներով աղբ թափեն տարածքում։
«Եթե կան փաստեր, որ եղեգնավանցիներն են թափում աղբ, թող ներկայացնեն, կտուգանվեն, գուցե հազարից մեկն աղբ թափած լինի, բայց դա չի նշանակում, որ տարածքն աղբանոց դարձրել են եղեգնավանցիները»,- ասում է բնակավայրի ղեկավար Մեհրաբյանը։
Նախկինում նույն թեմայով խոսել էինք Լուսառատ բնակավայրի նախկին ղեկավար Դանիել Հակոբյանի հետ։ Նա ասել էր՝ չնայած նրան, որ գյուղում աղբահանությունը կատարվում է կանոնավոր, բնակիչները տարածքում աղբ են թափում։
«Բնակիչներին բազմիցս հորդորել եմ տարածքում աղբ չթափել։ Մի քանի անգամ հողով ծածկել եմ, ցուցանակ ենք փակցրել, բայց ապարդյուն։ Վերջին մի ամսվա ընթացքում ավելի է շատացել աղբը»,- ասել է Հակաբյանը։
Դանիել Հակոբյանի հետ մեր զրույցից հետո աղբավայրը հողով ծածկել էր, բայց ամիսներ անց, նորից աղբակույտեր են հայտնվել։
Մեկնաբանել