
Պետական պարտքը մոտենում է 10 մլրդ դոլարի շեմին
2022 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 9 մլրդ 933 մլն դոլար։ Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության հրապարակած վիճակագրությունից։
Այս առաջին վեց ամիսներին պետական պարտքն աճել է 706 մլն դոլարով կամ 7.7%-ով։
Պարտքն աճել է ներքին պարտքի հաշվին, մինչդեռ արտաքին պարտքը պակասել է։
Մասնավորապես, 2022 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 496 մլն դոլար, որը տարեսկզբի համեմատ կրճատվել է 152 մլն դոլարով կամ 2.3%-ով։
Ներքին պարտքը կազմել է 3 մլրդ 436 մլն դոլար՝ աճելով 859 մլն դոլարով կամ 33.3%-ով։
Դոլարի էժանացումը դրական է ազդել պարտքի վրա
Ինչպես և ենթադրվում էր, դոլարի էժանացումը դրական ազդեցություն է թողել պետական պարտքի բեռի վրա։
Այս տարվա հունիսի վերջի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքի մեծ մասը՝ 65%-ը, արտաքին պարտքն է։
Արտաքին պարտքը հիմնականում ստացվում և մարվում է դոլարով, սակայն դրա համար պետական բյուջեից տրամադրվող գումարը ՀՀ դրամով է։ Հետևաբար, որքան ավելի էժան է լինում դոլարը, այնքան ավելի քիչ դրամ է ուղղվում պետական պարտքի մայր գումարներին ու տոկոսավճարներին։
Ու քանի որ դրամը արժևորվել է, հետևաբար պետական պարտքը դրամային արտահայտությամբ նվազել է։ Այստեղ կարևոր է ոչ միայն արտաքին պարտքի սպասարկման գործոնը, այլև՝ ներքին պարտքի, քանի որ այն ամբողջությամբ ստացվում և մարվում է դրամով։
Եթե պետական պարտքը հաշվարկում ենք դրամով, ապա հունիսի վերջին այն կազմում է 4 տրլն 429 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ նվազելով 8.5%-ով։
Մասնավորապես, ներքին պարտքը կազմել է 1 տրլն 403 մլրդ դրամ՝ աճելով 13.4%-ով։ Փոխարժեքի այս կտրուկ տատանումների դեպքում ներքին պարտքի դրամային արժեքը ավելի ճիշտ է նկարագրում աճի տեմպը, քանի դոլարովը։
Ինչ վերաբերում է արտաքին պարտքին, ապա այն կազմել է 2 տրլն 652 մլրդ դրամ՝ նվազելով 16.9%-ով։
Կառավարության պարտքի տոկոսավճարներին պլանավորվածից քիչ գումար է ուղղվել
Հայաստանի արտաքին պարտքի փոքր մասը Կենտրոնական բանկի պարտքն է, մնացածը՝ Կառավարությանը։ Ներքին պարտքը ևս ամբողջությամբ Կառավարությանն է։
2022 թվականի հունիսի վերջի դրությամբ ԿԲ-ի արտաքին պարտքը կազմել է 542 մլն դոլար։
Այդպիսով, Կառավարության ընդհանուր պարտքը կազմել է 9 մլրդ 390 մլն դոլար, որից 5 մլրդ 954 մլն դոլարը արտաքին պարտքն է, իսկ 3 մլրդ 436 մլն դոլարը՝ ներքին։
Այս տարվա առաջին կիսամյակում՝ վեց ամիսներին, պետական բյուջեից Կառավարության պարտքի տոկոսավճարներին է ուղղվել 96.9 մլրդ դրամ, այն դեպքում, երբ բյուջեի տարեկան ծրագրով պլանավորված է եղել ուղղել մոտ 214 մլրդ դրամ։
Թե՛ ներքին, և թե՛ արտաքին պարտքին պլանավորվածից քիչ գումար է ուղղվել։ Ենթադրվում է, որ ի թիվս այլ գործոնների, օրինակ՝ պլանավորածից քիչ պարտքի ներգրավումը, տոկոսավճարների ցածր ցուցանիշը պայմանավորված է նաև դրամի արժևորմամբ։
Ինչպես երևում է ինֆոգրաֆիկայում, արտաքին պետական պարտքին պլանավորված է եղել ուղղել 82.1 մլրդ դրամ, մինչդեռ փաստացի ծախսվել է 36.3 մլրդ դրամ։
Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2022 թվականի հունիսի 30-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 407.2 դրամ։ Համեմատության համար, տարվա առաջին աշխատանքային օրվա դրությամբ՝ հունվարի 1-ին, այն կազմել է 481.59 դրամ։
Մեկնաբանել