
Քյոթահիայի հնագույն խեցեգործությունը վերածնվում է գյումրեցի վարպետների ձեռքերում
«Քաղաքակրթությունները փակվում են շերտերով եւ ընդհատվում են, կարեւորն այդ շերտերը բացելն ու ընդհատվածին շարունակականություն ապահովելն է,- ասում է Հայաստանում Իտալիայի պատվո հյուպատոս, Գյումրիում կերամիկայի դպրոցի հիմնադիր Անտոնիո Մոնտալտոն,- Գյումրիում կերամիկայի դպրոցի հիմնումը թերեւս Քյոթահիայի (Կուտինա) հայերի ստեղծած խեցեգործական ավանդույթների պահպանումն ու նորովի մեկնաբանելու լավագույն հնարավորությունն է այսօր: Մենք շերտ առ շերտ բացում ենք անցած դարի վարպետների աշխատանքների նրբություններն՝ ավելացնելով մեր մտահղացումները»:
Քյոթահիա կամ Կուտինա քաղաքը, որ գտնվում է Կ. Պոլսից հարավարեւելք, Փոքր Ասիայի այն բնակավայրերից է, որտեղ հայությունը բավական վաղ շրջանից է հաստատվել: Քյոթահիան համարվել է արհեստների եւ արվեստների կենտրոն, որտեղ զարգացել են խեցեգործությունն ու արծաթագործությունը, դարբնագործությունը, դերձակությունը եւ այլ արհեստներ: Բնակավայրը 15-րդ դարից հայտնի է եղել կերամիկայի արտադրությամբ: Քյոթահիայի հայ վարպետները մեծ ավանդ են ունեցել տարածաշրջանի խեցեգործության զարգացման գործում:
17-18-րդ դարերում Կուտինայի հախճապակու արվեստը պարզապես ծաղկում էր: Այդ շրջանի լավագույն նմուշները պահպանվում են Էրմիտաժում, Լուվրում, Վենետիկի Սբ. Ղազարի Մխիթարյան Միաբանության թանգարանում, արվեստի ու պատմության Բրիտանական թանգարանում: Հայ վարպետների հախճասալիկներով զարդարված են Երուսաղեմի Սբ. Հակոբյանց վանքի Հարության տաճարը, Կեսարիայի Սբ. Կարապետ վանքի Հրեշտակապետաց եկեղեցին, Կ.Պոլսի և Նոր Ջուղայի մի քանի եկեղեցիներ։ 18-րդ դարի 1-ին կեսին Քյոթահիայում պատրաստված կավե խնկամանը՝ զարդարված խաչի պատկերով ու հայերեն գրերով՝ նվիրված Սբ. Աստվածածնին, ներկայումս պահվում է Ցինցինատիի թանգարանում (ԱՄՆ, Օհայո նահանգ):
Արտերկրներում, չիմացության պատճառով, հաճախ հայ խեցեգործների աշխատանքները ներկայացվում են որպես իսլամական: Սակայն, մասնագետների պնդմամբ, մահմեդական խեցեգործները հիմնականում սիմետրիկ դիզայնով աշխատանքներ են կատարել, իսկ հայ խեցեգործների ստեղծած եղնիկներն ու այլ կենդանիներ գտնվել են շարժման մեջ:
«Շարունակելով Քյոթահիայի հայկական խեցեգործության ավանդույթները՝ մենք փորձում ենք աշխարհին ներկայանալ Գյումրու խեցեգործական դպրոցի լավագույն աշխատանքներով,- նկատում է Անտոնիո Մոնտալտոն,- ինձ համար շատ կարեւոր է, որ միջազգային ցուցահանդեսներում հայկական կերամիկան ներկայացնում է Գյումրին, մարդկանց ստիպում քարտեզի վրա փնտրել այս քաղաքն ու շնորհիվ կերամիկայի՝ գնել ինքնաթիռի տոմս եւ գալ մնացյալի հետեւից: Այն, ինչ մենք անում ենք, շաղկապում է երկու քաղաքակրթությունների պատմությունը: Քյոթահիան ու Գյումրին, շնորհիվ կերամիկայի, այլեւս անբաժան են: Նրանք պատմականորեն գտնվում են աշխարագրական տարբեր լայնություններում, ձեւավորվել են տարբեր դարաշրջաններում, սակայն 21-րդ դարը հետաքրքիր մի օրինաչափությամբ նրանց միավորել է»:
Զրույցն ընթանում է «Վիլլա Կարս» հյուրանոցում գտնվող կերամիկական իրերի ցուցադրության համար նախատեսված սրահում: Անտոնիո Մոնտալտոն կապույտ նախշազարդ վերնաշապիկով է, որ համահունչ է դարձնում սրահի տիրոջը ցուցադրվող խեցե նրբագույն աշխատանքներին:
-Պարոն Մոնտալտո, դուք մասնագիտությամբ բժիշկ եք, Հայաստան եք եկել երկրաշարժից անմիջապես հետո՝ որպես հումանիտար եւ շինարարական մեծ խմբի ղեկավար: Ծրագրի ավարտից հետո շարունակեցիք ձեր գործունեությունը Հայաստանում՝ որպես Իտալիայի պատվո հյուպատոս: Հետո սիրահարվեցիք Գյումրուն ու նրա հնագույն շինություններին: Ունեք որոշակի դերակատարում հայկական տուրիզմի ոլորտում: Վերջին տարիներին ձեր անունն ամուր կապվում է Գյումրիում խեցեգործության զարգացման հետ: Դուք եկաք փրկելու եւ աջակցելու Սպիտակի աղետյալներին: Հետո սկսեցիք Գյումրու մեկդարյա շինությունների փրկության ուղղությամբ ծրագրեր իրականացնել: Քյոթահիայի հայ խեցեգործների ավանդույթների վերականգնումը եւս փրկության ծրագիր կարելի է որակել: Ո՞րն է ձեր գործունեության շարժիչ ուժը:
Թարգմանությունն ավարտված է, սակայն պատասխան չկա: Զրուցակիցս մի քանի վայրկյան էլ է մտորում՝ կկոծելով աչքերը:
-Ես աննուղելի լավատես եմ: Կարծում եմ ՝ դա աշխարհում գոյատեւելու միակ ձեւն է: Ու քանի որ կյանքն ինչ-որ բան անելու համար է մեզ տրված, չենք կարող ապրել՝ երեւակայելով, թե թունելի միջով ենք ընդամենն անցնում: Ռիսկ կա, որ մենք միշտ վազում ենք եւ կոնկրետ ունենք տեսլական, որից այն կողմ շատ հաճախ չենք տեսնում: Իրականում կյանքն ավելի հարուստ է, քան այն, ինչ մենք տեսնում ու պատկերացնում ենք: Գաղտնիքն ինքդ քեզ գերազանցելու մեջ է: Մեր փորձառությունը միշտ շատ սահմանափակ է, ու նորից կրկնվեմ՝ ռիսկ կարող է լինել, որ դու ամբողջ կյանքդ անցկացնես թունելի մեջ, որտեղ ամեն ինչ որոշված է եւ կանխատեսելի: Մարդն ամեն օր արթնանալիս պետք է ասի՝ ես շատ բախտավոր եմ, քանի որ մի քանի ժամ ժամանակ ունեմ ինչ-որ մի բան անելու՝ ոչ երեկ, ոչ վաղը, այլ հենց այսօր, հենց այս պահին, որպեսզի փոխվեմ ես՝ փոխելու համար աշխարհը: Սա է եղել, կա ու կմնա իմ բոլոր նախաձեռնությունների շարժիչ ուժը:
-Այդ թվում եւ խեցեգործությու՞նը,- կրկնում եմ հարցս՝ ակնկալելով կոնկրետ պատասխան:
-Այո: Այդ թվում եւ խեցեգործությունը: Եվ այնպես չէ, որ ես վաղօրոք մտածել էի այդ մասին: Ամեն ինչ սկսվեց հեռավոր 1989թ-ին: Սպիտակ քաղաքում մենք իտալական թաղամասն էինք կառուցում: Մեր կենտրոն հաճախ էին գալիս հայ երեխաներ: Քաղաքում դա այն քիչ տեղերից էր, որտեղ տաք էր ու լուսավոր: Մենք փորձում էինք նրանց զբաղեցնել՝ մաքրամե էինք սովորեցնում, փայտից ինչ-որ իրեր պատարստել, փոքրիկ գորգեր էին գործում: Որպես օգնություն ուղարկած իրեր մեջ մի փոքրիկ վառարան էինք գտել՝ 30x 20 չափերով, մեր վարպետ Վաչիկը, որ գեղանկարիչ է, կավից ինչ-որ փոքր իրեր էր պատրաստել ու դրել վառարանի մեջ, որ տեսնի ինչ դուրս կգա: Մեր թիմում մի տարեց անգլիացի կար, պարզվեց կավե վառարանների վարպետ է, նրա հետ էլ որոշեցինք Սպիտակում կերամիկայի դպրոցի հիմքը դնել: Բայց այն ժամանակ, ինչ որ անում էինք, ընդհանրապես կապ չուներ Քյոթահիայի կերամիկայի հետ․ դա ընդամենը պարզ խեցեգործություն էր: Ամեն ինչ փոխվեց, երբ եկա Գյումրի: Վեպեր կարդալիս միշտ ճակատագրական հանդիպումներ են նկարագրվում: Ինձ համար ճակատագրականն եղավ Գյումրին: Գալով Գյումրի՝ կերամիկայի մասին պատմող իմ վեպն ամբողջացավ: Ես հասկացա, որ գտել եմ այն ճիշտ վայրը, որտեղ պետք է զարգանա աշխարհին իր գույներով ու կատարողականով այնքան գրաված հայկական հինավուրց խեցեգործությունը:
Գյումրու կերամիկայի դպրոցը գրեթե 15 տարվա պատմություն ունի: Անցած տարիների ընթացքում մոտ 40 հոգի են ուսանել արհեստանոց-արվեստանոցում՝ տիրապետելով խեցեգործության եւ նախշազարդելու գաղտնիքներին: Շրջում ենք կերամիկայի դպրոցի երեք մեծ սրահներում, որ գտնվում են 20-րդ դարասկզբի գյումրեցի ամենահայտնի տոհմերից մեկի՝ Դրամփյանների կողմից կառուցված եւ նրանց սեփականությունը համարված շինություններից մեկում: Ամենուր իշխում է կավը: Ասում են՝ կավե կախարդանքը սկսվում է բրուտագործական չարխի պտույտներից: Կավի հետ աշխատելիս սովորում ես լինել համբերատար: Անզգույշ մի շարժում եւ ստիպված ես ամեն ինչ սկսել զրոյից: Կավագործությունը բնավորություն է կոփում՝ վստահեցնում են բրուտները:
Ընդարձակ սրահի մի անկյունում հենց այդ բնավորությունը կոփելու, զգուշության ու կավն ամեն ինչից վեր դասելու դասերն են: Չարխը շրջապատածներն ուշադիր հետեւում են խոշորակազմ տղամարդու ձեռքի շարժումներին: Թարգմանչուհին պարբերաբար խոնարհվում է բրուտագործի կողմը՝ փորձելով ֆրանսերեն հնչած ոչ մի բառ բաց չթողնել: Գյումրու կերամիկայի արվեստանոցում Ֆրանսիայից ժամանած մասնագետներն իրենց փորձն են փոխանցում հայ խեցեգործներին: Ֆրանսուա Ֆղենեն Փարիզից է, 38 տարի է նրա կյանքի փիլիսոփայությունը կավն է ու նրանից ծնվող իրերը: «Կավը խոսում է ինձ հետ,- ասում է Ֆրանսուան,- ես 63 տարեկան եմ եւ գիտակցական կյանքիս կեսից ավելին նվիրել եմ բրուտագործությանը: Դպրոցական էի, երբ կավագործների խմբակում առաջին անգամ ձեռքս վերցրի կավն ու այդ օրվանից մենք անբաժան ենք: Այսքան տարիներ անց կարող եմ ասել գոհ եմ, որ ընտրել եմ հենց խեցեգործությունը՝ որպես կյանքի ուղի»:
Ֆրանսուան խոստովանում է, որ հայկական խեցեգործության, առավել եւս Քյոթահիայի հինավուրց խեցեգործական արվեստի մասին գաղափար չի ունեցել մինչեւ Գյումրի այցելելը: Հունգարիայում է առիթ ունեցել ծանոթանալ արեւելքի այլ երկրների խեցեգործության հետ եւ կարծում է, որ նրանք բոլորը շատ ընդհանրություններ ունեն: Նրա գործընկերը՝ Ժակ Լաղդընը, Ֆրանսիայի Ռուան քաղաքից է, խեցեգործությամբ զբաղվում է 44 տարի: Ֆրանսիացի խեցեգործ Ժերար Լեկլերկը քչախոս է եւ հրաժարվում է հարցազրույցից: Նա առավելապես հետեւում եւ ցուցումներ է տալիս զարդանախշողների խմբին: Ֆրանսուան, Ժակը եւ Ժերարն առաջին անգամն են Հայաստանում: Կապված այցի խիստ մասնագիտական բնույթի հետ՝ ֆրանսիացի բրուտագործները հայերի երկիրը բացահայտելու առայժմ մեկ բանալի են ստացել՝ Գյումրին:
«Փոքրիկ, սիրուն քաղաք է հետաքրքիր շինություներով, որ հասցրեցինք սիրել,- նկատում է Ժակը,- ցավոք, ժամանակ չունենք շատ վայրեր այցելելու: Մենք այստեղ ենք, որ մեր իմացածը փոխանցեք հայ խեցեգործներին: Ես առավելապես մասնագիտացած եմ Ռուանի խեցեգործության մեջ, որ դարերի պատմություն ունի եւ հայտնի է 1540-ականներից: Այստեղ իմացա, որ հայկական կերամիկան էլ սկսել է զարգանալ նույն ժամանակահատվածում: Ինձ համար էլ այս այցը լավ հնարավորություն էր համեմատելու Ռուանի եւ Քյոթահիայի խեցեգործությունը»:
Ֆրանսիացի կավագործները Գյումրի էին հասել շնորհիվ Լիոնում գործող «Մուսկարիի ասոցիացիայի», որ ղեկավարում է Մանուել Փամօկճեանը: Ֆրանսիացի մասնագետները հիացած են տեղացիների զարդանախշման հմտություններով: Խոստովանում են, որ այս ոլորտում իրենք գրեթե սովորեցնելու բան չունեն: Գյումրու կերամիկայի դպրոցի արտիստ, գեղանկարիչ Մհեր Հովհաննիսյանն ինքնագոհ ժպտում է: Նրա եւ դպրոցի մյուս աշխատակիցների աշխատանքները մեծ գնահատանքի էին արժանացել 2021թ-ի աշնանը Լիոնում տեղի ունեցած կերամիկայի միջազգային ցուցահանդեսում:
«Մասնագիտությամբ գեղանկարիչ եմ, կերամիկայի հետ շատ քիչ առնչություն ունեցել եմ «Ընտանիք» կենտրոնում, երբ աշխատում էի, հետո իմացա կերամիկայի դպրոցի մասին ու արդեն հինգ տարի է՝ թիմի անդամ եմ: Ճիշտն ասած, առաջին գործս, որ պատվիրել է ինձ պարոն Մոնտալտոն, եղել է գեղանկար, հավանաբար նկարչական, գունային ընկալումներս էր փորձում,- Մհերը ժպտում է,- երկու ամիս փորձաշրջան եմ անցել: Սկզբնական շրջանում սալիկների վրա էի նկարում՝ բնություն, եկեղեցի, հետո կամաց-կամաց սկսեցին ավելի լուրջ աշխատանքներ վստահել: Հիմա ոչ միայն նախշում եմ, այլեւ գլազուր եմ անում, որն էլի այստեղ եմ սովորել»:
Արվեստանոցի հնաբնակ աշխատակիցներից Մարիամ Խաչատրյանը մասնագիտությամբ դիզայներ-մոդելավորող է, սակայն 2014թ-ից «հագցնում» եւ զարդանախշում է խեցե ստեղծագործությունները: Նարինեն թիմին միացել է երեք տարի առաջ, իսկ Անին նորեկներից է, ընդամենը մի քանի ամիս է, որ հաճախում է արվեստանոց: Անցած տարիների ընթացքում շատերն են եկել մի քանի ամսով կամ տարով աշխատել, յուրացրել իրենց անհրաժեշտն ու հեռացել՝ շարունակելու ճանապարհն իրենց պատկերացրած ձեւով:
«Պարտադիր չէ, որ բոլորն, ովքեր ուսանել են մեզ մոտ, շարունակեն աշխատել կամ հետագայում զբաղվեն խեցեգործությամբ,- նկատում է Անտոնի Մոնտալտոն,- մենք նրանց հնարավորություն ենք տալիս բացահայտելու հայկական հնագույն խեցեգործությունը, ավելի խորությամբ ծանոթանալու հայկական մանրանկարչության հետ, դաստիարակել գեղագիտական ճաշակ: Բացի Գյումրուց, ծրագրեր կան այլ բնակավայրերում եւս ունենալ կերամիկայի դպրոցներ՝ հատկապես սահմանամերձ հատվածներում: Այս առումով մեր հայացքն ուղղված է հարավ: Մենք հիմա աշխատանքներ ենք անում Գորիսում եւ Հարթաշեն գյուղում»:
-Պարոն Մոնտալտո, լինելով իտալացի, դուք հանրահռչակում եք հայկականը: Ձեր գործելակերպը շատերին հիացնում է, մարդկանց որոշ հատվածի՝ տարօրինակ թվում: Ինքներդ ի՞նչ եք մտածում այս մասին։
-Մշակույթը, արվեստը, արհեստները հանրայնացնելու համար ազգությունն էական նշանակություն չունի եւ չպետք է ունենա: Իմ կարծիքով՝ կարեւորն այդ ամենի նկատմամբ մարդու ունեցած սերն ու կիրքն են: Դա այն սոսինձն է, որ թույլ է տալիս քո գաղափարները միավորել ու կյանքի կոչել: Եվ չմոռանանք, որ ինչ անում ենք, անենք հանուն կողքինի բարօրության: Նման վարքագծից շահում են բոլորը: Ես երջանիկ եմ, երբ միջազգային ցուցահանդեսներում հնարավորություն ունենք ներկայացնել հայկական կերամիկան՝ «Գյումրու կերամիկայի արվեստանոց» խորագրով: Մենք այսպես ստիպում ենք մարդկանց ծանոթանալ անցյալին (Քյոթահիայի խեցեգործություն), ուսումնասիրել ներկան (Գյումրու խեցեգործություն) ու երազել ապագայի մասին:
Լուսանկարները՝ Վազգեն Ասատրյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել