
Ուղևորները դժգոհ են. «Fly One Armenia»-ն չի փոխհատուցում նրանց տոմսերի գումարները
«Fly One Armenia» ավիաընկերությունը, որը մոտ յոթ ամիս է, ինչ սկսել է Հայաստանից և դեպի Հայաստան ուղևորափոխադրումներ կատարել, արդեն հասցրել է բազմաթիվ բողոքներ ստանալ ուղևորներից։ Մարդիկ դժգոհում են, որ իրենց զանգերը և նամակները կա՛մ մնում են անպատասխան, կա՛մ շատ դժվարությամբ են կարողանում կապ հաստատել ավիաընկերության հետ։
Այս դժգոհություններին վերջին շրջանում ավելացել է նաև այն, որ գնված տոմսերի գումարները, որոնց չվերթներն այդպես էլ չեն կայացել կամ հետաձգվել են, ավիաընկերությունը դեռևս չի վերադարձրել ուղևորներին։
«Հետքը» զրուցել է «Fly One Armenia» ավիաընկերությունից տուժած ուղևորների հետ․ նրանց պատմությունները ներկայացնում ենք ստորև։
Երևան-Փարիզ
Ժասմեն Հայրապետյանն իր և դստեր համար Փարիզից դեպի Երևան տոմսերը գնել էր դեռևս այս տարվա հունվարին՝ մեկնումը ապրիլի 8-ին, իսկ վերադարձը՝ նույն ամսվա 23-ին։
«Fly One Armenia» ավիաընկերությունը մինչ այդ նրան ծանոթ չի եղել, բայց քանի որ տոմսերի արժեքը բավականին մատչելի է եղել, որոշել է գնել․ երկու տոմսի համար վճարել է 437 եվրո, առանձին վճարել է նաև բեռի համար։
«Ամսի 8-ին գնում ենք օդանավակայան, մեզ ասում են, որ այսօր թռիչք չկա, վաղն է, բայց դրա մասին մեզ նախապես չէին տեղեկացրել։ Էնտեղից զանգում եմ Հայաստան՝ իրենց գրասենյակ, կազմակերպում եմ, տոմսը փոխում են ապրիլի 9-ին։ Դրանից հետո նորից 200 կմ հետ ենք գալիս տուն, որ հաջորդ օրը էլի գնանք։ Ընթացքում ես հավելյալ 50 եվրո ճանապարհի վրա եմ ծախսում, 150 եվրո էլ հեռախոսակապի վրա»,-պատմում է Ժասմենը։
Վերադարձի չվերթը, որը պետք է կայանար արդեն ապրիլի 24-ին, հետաձգվում է։ Սկզբում տեղեկացնում են, որ թռիչքը տեղափոխվել է ապրիլի 25-ին, այնուհետև՝ չեղարկում։
«Զանգում եմ իրենց, ասում են՝ չվերթը անորոշ ժամանակով հետաձգվել է, նույնիսկ պատճառը չեն նշում նորմալ, ասում են՝ մինչև հունիս այս պահին վերադարձ չկա։ Մենք էլ չէինք կարող սպասել․ ես աշխատանքի էի, աղջիկս՝ դասի, տոմս ենք գնում «Transavia»-ից ու վերադառնում։ Նույն չվերթում շատ մարդիկ կային, ովքեր մեզ նման «Fly One Armenia»-ի տոմս էին գնել ու թռիչք չունեին»,-ասում է Ժասմենը։
Վերջին անգամ, երբ Ժասմեն Հայրապետյանը խոսել է ավիաընկերության աշխատակցի հետ ու հարցրել գումարի վերադարձի մասին, նրան պատասխանել են, որ այն կփոխանցեն իր հաշվեհամարին։ Երկու ամսից ավելի է՝ դեռ փոխհատուցում չի ստացել։
Ժասմենի ընկերը՝ ազգությամբ ֆրանսիացի Պատրիկ Լեֆեվղը, բազմաթիվ նամակներ է գրել ավիաընկերությանը, սակայն պատասխաններ չի ստացել։ Գումարի վերադարձի դիմումը գրելուց հետո «Fly One Armenia»-ից տեղեկացրել են, որ այն գործակալությունը, որի միջոցով գնվել է տոմսը, պետք է կապվի ավիաընկերության հետ, որից հետո կարող են սկսել վերադարձի գործընթացը։
«Մենք դիմեցինք գործակալությանը, իրենք մեզ ասացին, որ դա մեր գործը չէ, վերադարձը պետք է կատարի ավիաընկերությունը, դրանից հետո մենք ձեզ կփոխանցենք։ Մոտակա օրերին մենք նորից պատրաստվում ենք Հայաստան գալ ու անպայման գնալու ենք իրենց գրասենյակ՝ պարզաբանում ստանալու»,- ասում է Պատրիկ Լեֆեվղը։
Փարիզ-Երևան
Հայրիկո Հովհաննիսյանը Փարիզ-Երևան տոմսը գնել է մոտ 200 եվրոյով։ Չվերթի նախատեսված օրը՝ մայիսի 13-ին, օդնավակայան է գնացել, որտեղ պարզվել է, որ թռիչքը հաջորդ օրն է։ Մայիսի 14-ին թռիչքը չի կայացել, նույն պահին դրամարկղից նոր տոմս է գնել մոտ 500 եվրոյով ու եկել Հայաստան։
Ժամանելուց մեկ շաբաթ հետո Հայրիկո Հովհաննիսյանը և թոռնուհին՝ Ալյոնան, գնացել են «Fly One Armenia»-ի գրասենյակ՝ հանձնելու տոմսի փոխհատուցման դիմումը։ Նրանց պատասխանել են, որ գրավոր դիմումներ չեն ընդունում, պետք է առցանց լրացնեն։
«Երկրորդ անգամ արդեն մենակ եմ գնում իրենց գրասենյակ։ Ինձ ասում են՝ միջնորդ գործակալության (Mytrip) հետ կապվեք, թող մեզ գրեն, որ կարողանանք վերադարձնել գումարը։ Ասում եմ՝չէ՞ որ մենք տոմսը ձեզնից ենք գնել, ձեզ հետ ենք գործարք կնքել, միջնորդը ի՞նչ կապ ունի։ Ասում է՝ եթե մենք անգամ միջնորդին գումարը փոխանցենք, իրենք ձեզ չեն տալու»,-պատմում է Ալյոնան։
Ալյոնան կապ է հաստատում գործակալության հետ, որի միջոցով տոմսը գնել էին։ Այնտեղից նրան առաջարկում են կապ հաստատել ավիաընկերության հետ, խնդրել տրամադրել հաստատում, որ գումարը փոխանցվել է գործակալությանը՝ Mytrip-ին, որից հետո նրանք գումարը կվերադարձնեն։
«Ես իրենց ասում եմ՝ թռիչքը իրականացնելու էիք դուք, հետևաբար գումարը ձեզ մոտ է, իրենք ասում են՝ գումարն օդի մեջ է։ Էդ ժամանակ ես շատ նյարդայնացած էի, հազիվ էի ինձ զսպում, իրենք ասացին, որ ստիպված են անվտանգություն կանչել, որ դուրս գամ, չնայած ես բարձր չէի խոսում։ Ի վերջո, կանչեցին ու ես դուրս եկա»,-պատմում է Ալյոնա Հովհաննիսյանը։
Հիմա նրանք դիմել են իրավաբանի, որն էլ զբաղվում է այդ հարցով, որևէ նորություն մինչ այս պահը չկա։
«Իրենք մեզ առաջարկեցին տոմսը փոխարինել հուլիս ամսվա ընթացքում դեպի Փարիզ տոմսով։ Դա մեզ հարմար չէր, քանի որ պապիկս աշնանն է գնալու, բացի այդ՝ իրենք փոխհատուցման երեք ձև են առաջարկում, մենք ընտրում ենք գումարի վերադարձը»,-ասում է Ալյոնան։
Մոսկվա-Երևան
Ազատ Սիմոնյանն ապրում է Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկ քաղաքում, 2-3 տարին մեկ Հայաստան է գալիս՝ հիմականում «Aeroflot»-ով։ Այս տարի տեսել է, որ նոր ավիաընկերություն է հայտնվել շուկայում, առաջարկը մատչելի է եղել, որոշել է գնել։ Կնոջ տոմսի համար վճարել է 28500 ռուբլի (մոտ 200 հազ. ՀՀ դրամ), իսկ իր համար վճարել է «ՎՏԲ» բանկի բոնուսներով՝ 28500 բոնուս, որը համարժեք է նույնքան ռուբլու։
«Մենք հունիսի 24-ին Խաբարովսկից պիտի թռչեինք Մոսկվա, էնտեղից էլ՝ Հայաստան։ Թռիչքից 10 ժամ առաջ «Fly One Armenia»-ն մեզ հայտնում է, որ ժամը փոխվել է, չվերթն ավելի շուտ է։ Բայց քանի որ էդ դեպքում մենք չէինք հասցնի, խնդրեցինք հաջորդ օրը փոխեն թռիչքը։ Կնոջս տոմսը բարեհաջող եղավ, իսկ իմը՝ ոչ, ասեցին, որ իրենց համակարգում Մոսկվայից Երևան իմ տոմսը չկա։ Ասում եմ, որ միասին եմ գնել, հնարավոր չի նման բան լինի, ասում են, որ ձեր միջնորդ գործակալությունն է չեղարկել։ Ես կապվեցի «One to trip»-ի հետ, իրենք ասացին, որ նման բան չկա ու դուք թռիչք ունեք»,-պատմում է Ազատը։
Ապարդյուն ճշտումներից հետ օդանավակայունում Ազատը «Fly One Armenia»-ի արդեն նոր տոմս է գնում 1150 եվրո արժեքով՝ Մոսկվա- Երևան, Երևան-Մոսկվա ու գալիս Հայաստան։ Ազատն ավիաընկերությանը խնդրել էր իրեն ուղարկել որևէ ապացույց, որ թռիչքը չեղարկել է գործակալությունը, որպեսզի պարզի՝ ի վերջո ո՞վ է մեղավոր։ Դրանից հետո ստացել է մեկ նախադասությամբ պատասխան՝ Ձեր թռիչքի այդ հատվածը (երկկողմանի թռիչքի Մոսկվա-Երևան ուղղությունը-հեղ․) չեղարկվել է, կապվեք գործակալության հետ։
«Ես արդեն իրենց դիմում եմ ներկայացրել, ասել են, որ 2 ամսվա մեջ կփոխհատուցեն, բայց պատրաստվում եմ նաև էս քանի օրվա մեջ գնամ իրենց օֆիս, որովհետև, որ լսում եմ, թե ինչեր են խոսում իրենց մասին, շատ հավանական է, որ էդպես էլ չստանամ փոխհատուցում։ Զանգերին շատ դժվար են պատասխանում, միայն 2000 ռուբլի ծախսել եմ Ռուսատանից իրենց հետ խոսելու վրա, հետո արդեն եղբորս խնդրեցի, որ Հայաստանից ինքը զանգի»,-ասում է Ազատը Սիմոնյանը։
Մեկ անգամ նույնսիկ հեռախոսազրույցի ժամանակ, երբ Ազատի եղբայրը հարցրել է, թե ինչ են առաջարկում, հիմա ի՞նչ պետք է անի, պատասխանել են, որ եթե ուզում է կարող է դատի տալ։
«Լոուքոսթերներով առաջին անգամը չէր, որ թռնում էինք, բայց նման բան դեռ չենք տեսել։ Տպավորություն էր՝ ոնց որ մարշրուտկով թռնեինք, նստել էինք ու մտածում էինք՝ կարո՞ղ ա չհասնենք»,-ասում է Ազատ Սիմոնյանը։
Մոլդովական «FlyOne» և «Fly One Armenia». Որտե՞ղ է, ի վերջո, խնդիրը
«Հետքն» իր նախորդ հրապարակումներում արդեն գրել է, որ «Fly One Armenia»-ն մոլդովական «FlyOne» ավիաընկերության ցանցի ընդլայնումն է Հայաստանում։ «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի 54%-ը պատկանում է պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված անձանց, իսկ մնացած 46%-ը՝ մոլդովական «FlyOne»-ին։
Հետաքրքրվելով, թե ինչ վարքագիծ է դրսևորում «FlyOne»-ը Մոլդովայում՝ մեր մոլդովացի գործընկերներից տեղեկացանք, որ մինչ այս պահը ավիաընկերության դեմ դատարանում մի քանի գործ է քննվել, որոնց վճիռները եղել են հոգուտ հայցվորի՝ ուղևորի։
Դեպքերի մեծ մասը վերաբերում է չեղարկված թռիչքների տոմսերի գումարի վերադարձին։ Մի դեպքում, օրինակ, ավիաընկերությունը հրաժարվել է փոխհատուցել չեղարկված թռիչքի տոմսի արժեքը, քանի որ այն պայմանավորված է եղել Covid-19 համաճարակով։ Դատարանը պարատավորեցրել է ավիաընկերությանը փոխհատուցել ուղևորին։
Օրեր առաջ՝ հուլիսի 9-ին, Մոլդովայի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Անդրեյ Սպինուն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով «FlyOne»-ին։ Նախարարը գրել է, որ կապված վերջին շրջանում մեծ քանակով թռիչքների չեղարկման հետ՝ հանձնարարել է Քաղավիացիայի պատասխանատու մարմնին քննել «FlyOne»-ի աշխատանքը։
«Եթե ավիաընկերությունը չի հարգում իր պարտավորությունները այն մարդկանց նկատմամբ, ում տոմսեր է վաճառում, պետք է նրանից հետ վերցնել կամ կասեցնել գործունեությունը թույլատրող փաստաթղթերը»,-գրել է Սպինուն։
«Fly One Armenia» ավիաընկերության շուրջ ծագած դժգոհությունների մասին զրուցել ենք ուղևորների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Passenger.am» ՍՊԸ-ի տնօրեն Վաներ Հարությունյանի հետ։
Նրա խոսքով՝ այս պահին «Fly One Armenia»-ն կառավարման և կադրերի հարցում մեծ ճգնաժամ ունի։ Ավիաընկերության կայքը նույնպես բազմաթիվ տեխնիկական խնդիրներ ունի։
«Իմ շատ ֆրանսիացի ընկերներ ինձ ասում են, որ չեն կարողանում կայքից տոմս գնել, ու երբ դիմել են բանկ՝ ճշտելու համար, պատասխանել են, որ ոչ վստահելի կայքերի հետ ձեր քարտով գործարքներ չեք կարող կատարել»,-ասում է Վ․Հարությունյանը։
Նրա խոսքով՝ պատահում են դեպքեր, երբ ավիաընկերությունները խուսափում են տոմսերի գումարի վերադարձից, բայց «Fly One Armenia»-ը դա անում է շատ ուղիղ ու կոպիտ ձևով։
«Ինչ «Fly One Armenia»-ն շուկա է մտել, տարբեր ձևերով իրենց ասվել է, որ եթե նման անպատասխանատու ձևով շարունակեք, լուրջ խնդիրներ կունենաք։ Փաստն այն է, որ դեռ ոչինչ չի փոխվել։ Այս պահին մենք հնարավորինս շատ ուղևորների ենք փորձում հավաքել ու կոլեկտիվ հայցով դիմել դատարան։ Նաև զգուշացնելու ենք ավիաընկերությանը, որ հաշտություն կնքելու տարբերակ չի լինելու։ Մենք սպասելու ենք դատարանի կայացրած վճռին, քանի որ կարևոր է նաև ստեղծել նախադեպ մյուսների համար»,-ասում է Վ․Հարությունյանը։
Նրա կարծիքով՝ «Fly One Armenia»-ի շատ թռիչքներ, երբ չեղարկվում կամ հետաձգվում են տարբեր պատճառներով, զուտ արդարացումներ են, քանի որ հնարավոր է՝ ավիաընկերության ունեցած երեք ինքնաթիռներով չեն հասցնում ժամանակին նախապատրաստվել, կազմակերպել թռիչքը և դրա համար արտաքին գործոններ են փնտրում։
«Ավիաընկերության եկամտի հիմնական աղբյուրը հենց ուղևորն է, ամեն ինչի համար հենց նա է վճարում, և այս դեպքում, եթե դու չես հարգում նրան, ապա ի՞նչ ես ակնկալում, ինչպե՞ս կարող ես լինել ֆինանսապես առողջ ընկերություն։ Վստահորեն կարող եմ ասել, որ ոչ ոք երկրորդ անգամ իրենցից տոմս չի գնելու, բոլորը գերադասելու են մի քիչ թանկ վճարել, բայց վստահելի ընկերության հետ թռչել,-ասում է Հարությունյանը,- ինձ համար բացարձակ կապ չունի՝ կլինի ֆրանսիական, գերմանական, մոլդովական թե հայկական ավիաընկերություն, եթե օրենք հարգել չգիտի, պիտի պատժվի»։
«Fly One Armenia»-ն համարում է, որ բարձրացված աղմուկը չափազանցված է
«Fly One Armenia» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հիմնականում երկար ժամանակ են պահանջում այն տոմսերի փոխհատուցումները, որոնք գնվել են որևէ տուրիստական գործակալության կամ կայքէջի միջոցով։ Անմիջապես ավիաընկերությունից գնված տոմսերի գումարները շատ ավելի հեշտ և արագ են փոխհատուցվում։
«Հաճախ մենք գումարը փոխանցում ենք միջնորդ կազմակերպությանը, որը երբեմն այն չի փոխանցում ուղևորին, և այստեղից էլ խնդիրը սկսում է։ Այս պարագայում մենք խնդրում ենք ուղևորին կապվել միջնորդի հետ, որը մեզ հետ կապ կհաստատի, որից հետո նոր կարող ենք սկսել վերադարձի պրոցեսը»,-ասում է Արամ Անանյանը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր դեպք ունի իր յուրահատկությունը, որը պետք է քննել առանձին։
«Խնդիրներ առաջանում են բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Ես հավաստիացնում եմ, որ իրականության և խնդիրների հարաբերակցությունը անպիսին չէ, ինչպիսին հակված ենք ասելու»,-ասում է Արամ Անանյանը։
Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ։
Տեսանյութը՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանություններ (17)
Մեկնաբանել