
Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրեց Քաղաքացիական ժողով. վերադարձ Ազատության հրապարակ հունիսի 4-ին
Մայիսի 21-ին տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած Քաղաքացիական ժողովը: Այն բաց էր հանրության համար, և դրան արձագանքել ու մասնակցում էին հարյուրավոր քաղաքացիներ, քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
ՀՀ կառավարության դահլիճում բացելով Քաղաքացիական ժողովը՝ Րաֆֆի Հովհանիսյանն արժեքային իմաստով կարևորեց ոչ միայն 1991 թվականից մինչ օրս ընկած ժամանակահատվածը, անկախության և ինքնիշխանության համար երկարատև պայքարի շրջափուլը, այլև այն ապագան, որը պիտի կերտենք միասին, և որը մեզ տանելու է դեպի 2021 թվական, երբ մենք միասին կդառնանք 30 տարեկան:
«Ահա այդ նպատակով, այդ թիրախով մենք քաղաքացիական ազգային նոր օրակարգի ճշգրտման հրամայականի առջև ենք: Հնարավոր բոլոր եղանակներով առաջ տանենք մեր պայքարը և իշխանությունը վերադարձնենք ժողովրդին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ժողովը պայմանականորեն բաժանված էր երեք թեմատիկ նիստերի՝ ա/ Մարդու իրավունքներ և արդարություն, բ/ Հանրային կյանք, գ/ Ներքաղաքական և իրավաքաղաքական ելքեր:
Մարդու իրավունքների ու արդարության թեմայի շրջանակում ելույթ ունեցան Ավետիք Իշխանյանը, Սիրանույշ Դվոյանը և Արմեն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով քաղբանտարկյալների խնդրին՝ Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ մերօրյա քաղբանտարկյալների ազատումով խնդիրը, որը սկզբնավորվել է դեռևս 1995 թվականից, արմատապես չի լուծվի:
«Եթե չունենք դատական իշխանություն, ապա ցանկացած քաղաքական լարվածությունների ժամանակ կարող ենք նորից ունենալ քաղբանտարկյալներ»,- համոզված է Ավետիք Իշխանյանը:
Սիրանույշ Դվոյանն իր խոսքում ընդգծեց քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացման, ինչպեսև քաղաքացիական նախաձեռնությունների համագործակցված պայքարի կարևորությունը:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը բոլոր քաղաքական ուժերից պահանջեց ստեղծել այնպիսի պայմաններ, որ ինքնին վերանա իր՝ քաղաքականությամբ զբաղվելու անհրաժեշտությունը, և ինքն ու իր նմանները «պարզապես կկարողանան ապրել անձնական կյանքով՝ շրջապատված մերձավորներով»։
Քննարկման ընթացքում իրենց դիտարկումները ներկայացրին Պարույր Հայրիկյանը, Լևոն Մարգարյանը, Ռաֆայել Համբարձումյանը, Հենրիկ Մխիթարյանը, ակադեմիկոս Լեոնիդ Պետրոսյանը, Արսեն Համբարյանը և ուրիշներ:
Հանրային կյանքին վերաբերող մարտահրավերները շարադրեցին Հրանուշ Խառատյանը, Տարոն Առաքելյանը և Մարատ Ատովմյանը:
Մասնավորապես, ազգագրագետ Հրանուշ Խառատյանն անդրադարձավ քաղաքացիների՝ սեփական ճակատագիրը տնօրինելու խնդրին: Նրա կանխատեսմամբ՝ արտագաղթը գնալով ուժգնանալու է:
«Այսօր երկրում անվստահության մթնոլորտ է և ամենուր արժանապատվության կորուստ: Մարդիկ կմնան Հայաստանում, եթե իրենք կարողանան տնօրինել իրենց գործունեությունը, եթե հավատան»,- շեշտեց նա:
Քննարկման ընթացքում համապատասխան նկատառումներով բանախոսներին լրացրին Գաբրիել Ավետիսյանը, Արման Մուշեղյանը, հաշմանդամ օդաչուների ներկայացուցիչ Միրզոյանը, սեփականազրկված քաղաքացիների անունից՝ Վաչագան Հակոբյանը, քաղաքացիներ Իրինա Հովակիմյանը, Հովիկ Սարգսյանը, Արմեն Պողոսյանը, Տիգրան Սուքիասյանը, Ռաֆիկ Ստեփանյանը և ուրիշներ:
Ներքաղաքական և իրավաքաղաքական ելքերի թեման արծարծեցին Կարապետ Ռուբինյանը, Գեղամ Նազարյանը և Տիգրան Նահապետյանը:
Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը նշեց, որ «իրար հաջորդող իշխանությունները չեն կարողացել երկրում ապահովել քաղաքացիների պարզ ակնկալիքների իրականացումը՝ ստեղծել իրավապես և սոցիալապես պաշտպանված միջավայր»:
Կարապետ Ռուբինյանի խոսքով՝ ՀԱԿ-ը հեռացավ արմատական ընդդիմության դաշտից և, փաստորեն, նախընտրեց իշխանության հետ բաց երկխոսության ճանապարհը, որի արդյունավետության մասին միայն ենթադրություններ կարող են արվել:
«Հայք» թերթի նախկին գլխավոր խմբագիր Գեղամ Նազարյանը նշեց, որ չի կարելի անցած դարի 30-ականների ոգով ազգի դավաճաններ, լրտեսներ կամ վնասարարներ փնտրել: «Եթե կանգ չառնենք և շարունակենք ատել միմյանց, դրանից որևէ մեկը չի շահի, իսկ ավելի ճիշտ՝ կշահեն մեր պետության հակառակորդները, որոնք նստած սպասում են, թե երբ ենք մեր ձեռքով կործանելու մեր անկախությունը»,- ասաց Նազարյանը՝ հավելելով, որ «սևի ու սպիտակի» ժամանակները վաղուց անցել են:
Թեմայի մասին խոսեցին «ՄԻԺԻ» ՀԿ-ի ղեկավար Արփինե Գալֆայանը, ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը և այլք:
Եզրափակիչ ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորին հունիսի 4-ին՝ ժամը 15-ին, հրավիրեց Ազատության հրապարակ, ուր «կշարունակվեն այս բազմախոսությունը, հաղթանակի ելքը գտնելու համար այս ազատ քաղաքացիների փնտրտուքը»:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել