
Հունվար-ապրիլին կաթնամթերքի արտադրությունը կրճատվել է
2022 թվականի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 2.5 մլն լիտր կաթ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 1.6%-ով: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի՝ արդյունաբերության վերաբերյալ վերջին զեկույցից։
Կրճատվել է նաև պանրի արտադրությունը։ Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին չորս ամսում արտադրվել է 5.9 հազար տոննա պանիր՝ 4.4%-ով քիչ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանից։ Վիճկոմիտեի զեկույցում նշվում է, որ պանրի ծավալները ներառում են նաև տնայնագործական պայմաններում արտադրված պանիրը, որի վերաբերյալ տվյալները ստացվում են տնային տնտեսությունների կեսնապայմանների հետազոտության ժամանակ։
1.1%-ով կրճատվել է կաթնաշոռի արտադրությունը՝ կազմելով 584 տոննա։
Մածունի արտադրությունը կազմել է մոտ 3 հազար տոննա՝ նվազելով 3.5%-ով։
9.7%-ով կրճատվել է թթվասերի արտադրությունը՝ կազմելով մոտ 2 հազար տոննա։
Էական՝ 35.9%-ով նվազել է պաղպաղակի արտադրությունը՝ կազմելով 2 մլն լիտր։
Արտադրվել է նաև 24.1 տոննա զտած յուղ, որի ծավալները նվազել են 36.6%-ով։
Կաթնամթերքի կազմում միայն կարագի և կաթնային մածուկների արտադրությունն է ավելացել՝ 3.4 անգամ և հասել 1.5 հազար տոննայի։
Մեկնաբանել