
Եթե կաթողիկոսն օգտագործեր իր կապերը
Փոշոտ ճանապարհներ, հոգնած ու դժգոհ դեմքով մարդիկ. ահա այսպիսին է այսօրվա գյուղի նկարագիրը: Ամենուր մարդիկ դժգոհում են եւ բողոքում իրենց չարքաշ կյանքից, սակայն միայն «պատերի տակ», իսկ երբ միացնում ես ձայնագրիչը, սկսում են միանգամից փոխվել` ինչ դժգոհություն, ինչ անարդյունք տանջանք…
Գյուղի նույն նկարագիրն ու անշուք տեսքն ունի նաեւ Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքը: Ոսկեհատը աչքի է ընկնում միայն մեկ փաստով`այստեղ է ծնվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, իսկ նրա եղբայրը` Գեւորգ Ներսիսյանը համայնքի ղեկավարն է:
Գյուղում խնդիրները բազմազան են` սկսած ոռոջման ցանցի անմխիթար վիճակից մինչեւ դպրոցի շենքի վերանորոգումը, սակայն, համայնքապետի ասելով, ֆինանսական հնարավորությունները չեն ներում լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու համար:
Երբ փողոցում զրուցում էինք գյուղացիների հետ, բոլորն էլ նշում էին, որ Ոսկեհատը շատ առաջ կգնար, եթե համայնքապետն ու կաթողիկոսը իրենց կապերն օգտագործեին` հօգուտ գյուղի զարգացման: Սակայն Գեւորգ Ներսիսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, թե Վեհափառը միջնորդություններով չի զբաղվում:
Ըստ համայնքապետի` Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայր լինելն իր համար էլ որեւէ առավելության կամ արտոնյալ լինելու հնարավորություն չի ընձեռում:
«Վեհափառի համար բոլոր գյուղերը, բոլոր ժողովուրդները հավասար են: Դիմում եմ որոշ հարցերով, եթե հնարավորություն լինում է` օգնում է: Օրինակ` դպրոցի ճանապարհի ասֆալտապատման համար եմ դիմել: Գիտե՞ք ոնց, ասում է` ի՞նչ խնդիրներ ունես, ես էլ ասում եմ, որ այս խնդիրն ունեմ»,-նշեց Գ. Ներսիսյանը: Նա դժվարացավ նշել գյուղում մեկ խնդիր, որը լուծում է ստացել Վեհափառի միջամտությամբ:
Գեւորգ Ներսիսյանը նշեց, թե Գարեգին Բ-ն, ուշ-ուշ է գյուղ գալիս եւ խնդիրներին չի խառնվում: Նշենք, որ կաթողիկոսը Ոսկեհատում ունի շքեղ առանձնատուն, որի պարիսպները բարձրությունը մի քանի մետրի է հասնում:
Ինչ վերաբերում է դպրոցի 600 մետր երկարության եւ 12 մետր լայնության ճանապարհի ասֆալտապատմանը, համայնքապետն ասաց, որ նույնիսկ նախահաշիվ չեն կազմել, քանի որ գիտեն`իրենց միջոցներով ասֆալտապատում հնարավոր չէ անել, «թանկ հաճույք» է:
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է եւ ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինությունը։
Ոսկեհատն ունի 3400 բնակիչ: Մարդիկ հիմնականում զբաղվում են անաստանապությամբ եւ հողագործությամբ, սակայն ոռոգման ջրի խնդիրը մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսության այս երկու ճյուղերին էլ: Գյուղը ոռոգման ինքնահոս ջուր չունի, հետեւաբար չորանում են նույնիսկ արոտավայրերը: Գյուղացիներն իրենց հողերը ոռոգում են 19 խորքային հորերի միջոցով, որտեղից էլ ջուրը պոմպերով հասնում է հողագործին: Սակայն, եթե գյուղում էլեկտրաէներգիայի խափանում լինի, գյուղացին ստիպված է հաշտվել բերքի կորստի հետ, քանի որ դաշտերը չորանալու են:
Համայնքապետը նշեց, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով 1,5 կմ կիսախողովակ են անցկացրել, որն արժեցել է 20 միլիոն դրամ: Գումարի 15 տոկոսը ներդրվել է համայնքային բյուջեից, մինչդեռ վերանորոգման կարիք ունեցող հատվածները հաշվվում են տասնյակ կիլոմետրերով:
Գյուղի 630 հա հողից մոտ 70 հա-ը չի մշակվում: Պատճառներից մեկն էլ ոռոգման ջրի խնդիրն է, մյուս կողմից էլ հող մշակել կարող են միայն շատ թե քիչ ապահովվածները: Համայնքապետի հաշվարկով 1 հա հողի հերկումն ու հարթեցումն արժե 60 հազար դրամ, չհաշված պարարտանյութը, թունաքիմիկատը, սերմացուն եւ այլն:
Մինչ գյուղնախարարն ազդարարում է այս տարվա ծիրանի բարձր բերքատվության մասին, ոսկեհատցիները ցույց էին տալիս իրենց ցրտահարված խաղողի ու ծիրանի այգիները: Գեւորգ Ներսիսյանն էլ փաստեց, որ հունվարին եղանակը տաք է եղել, ծառերը բողբոջել են եւ ցուրտը տարել է: Ոսկեհատում այս տարի ծիրանենիներն այդպես էլ չեն ծաղկել:
Համայնքի բյուջեն 30 միլիոն դրամից մի փոքր ավել է` ներառյալ դոտացիան: Գեւորգ Ներսիսյանն ասում է, որ այդ բյուջեով կարողանում են գյուղի մանկապարտեզը պահել, համայնքային աշխատողների աշխատավարձերը վճարել եւ մի քանի ընթացիկ խնդիրներ լուծել:
Նախատեսված է, որ համայնքապետարանի շենքի լոկալ ջեռուցման հարցը պետք է այս տարի լուծվի: Գումարը կազմում է 30 միլիոն դրամ, որի 10 տոկոսը տրամադրելու է համայնքապետարանը: Գ. Ներսիսյանի ասելով`բյուջեն կատարելու առումով իրենք խնդիրներ չեն ունենում եւ ամեն տարի կատարում են 100 տոկոսից ավելի:
Ոսկեհատն ունի մշակույթի տուն, որն իր նպատակին գրեթե չի ծառայում: Ոսկեհատցի Իշխան Մուրադյանը, ով գյուղի կինոմեխանիկն է եղել, ասում է, որ հիմա էլ հնարավոր է երիտասարդությանը գյուղում պահելու համար նրանց ժամանցն ապահովել ` ֆիլմերի ցուցադրումով, երգի, պարի, ասմունքի խմբակներով, սակայն ոչինչ չի ձեռնարկվում:
«Ի՞նչ համար վերանորոգեցին մշակույթի տունը, թե այն իր նպատակին չի ծառայելու»,-զարմանում է Ի. Մուրադյանը: Համայնքապետի ասելով` գյուղի մշակույթի տունը 2009թ. վերանորոգվել է Սոցներդրումների հիմնադրամի միջոցներով, որն արժեցել է 75 միլիոն դրամ: Գումարի 10 տոկոսը նույնպես համայնքապետարանն է տրամադրել:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել