
Գլխավոր դատախազի թեկնածուն Աննա Վարդապետյանն է
Գլխավոր դատախազի թեկնածուն Աննա Վարդապետյանն է:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը ՔՊ-ականների հետ դռնփակ հանդիպման էր, և չնայած հանդիպումից առաջ խոստացել էր հանդիպման վերջում պատասխանել լրագրողների հարցերին, հանդիպումից հետո դուրս եկավ խմբակցության քարտուղարի ուղեկցությամբ, և հրաժարվեց հարցերից:
«Տիկին Վարդապետյանը, թե՛ իր մասնագիտական որակներով, թե՛ իր բարձր բարոյական և արժեքային հատկանիշներով համապատասխանում է այն կարևոր առաքելությանը, որը մեր կարծիքով պետք է ունենա ապագա գլխավոր դատախազը»,-ասաց Կոնջորյանը:
ՔՊ-ական պատգամավորը խնդիր չի տեսնում այն հարցում, որ իշխող ուժը Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրում է վարչապետի օգնականին:
Դիտարկմանը, որ նա այդ կերպ ընկալվում է քաղաքական թիմի անդամ, արդյոք կարո՞ղ է անաչառ լինել և օրինակ վարչապետի դեմ որոշումներ կայացնել, Հայկ Կոնջորյանը հարցով արձագանքեց՝ նա կուսակցակա՞ն է:
Կոնջորյանի համոզմամբ՝ Աննա Վարդապետյանն ընտրվելու պարագայում կկատարի ՀՀ օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ իրեն լիազորված գործողությունները՝ լինելով անաչառ:
Հարցին, թե արդյոք իշխանություններին չի՞ մտահոգում այն հարցը, որ Աննա Վարդապետյանը հայտնվել էր սկանդալային միջադեպում, երբ նրան է վերագրվում այն, որ խմբագրել է Ռուբեն Հայրապետյանին առնչվող քրեական գործի մեղադրական եզրակացությունը, Հայկ Կոնջորյանը պատասխանեց. «Բոլոր պետական պաշտոնյաները պարտավոր են կատարել այնպիսի գործառույթներ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ ու օրենքներով: Եթե մի պաշտոնյա կատարում է գործողություն, որը իրավական պետությունում կարող է դիտարկվել հիմնավոր և ապացուցվել, որ չի համապատասխանում վերոնշյալ չափանիշներին, ապա դրան համապատասխան իրավական որոշում պետք է կայացվի:
Ես գիտեմ, որ ձեր մատնանշած օրինակով դա չի համապատասխանում այն համատեքստին, որ փորձ էր արվում ներկայացնել:
Այդ դեպքը եղել է թիրախավորման արդյունք, և կապ չունի այն մեղադրանքների հետ, որոնք հնչեցվում են»:
Կոնջորյանն այդպես էլ չհստակեցրեց, թե ինչու գործող դատախազ Արթուր Դավթյանի թեկնածությունը չեն առաջադրել, արդյոք դժգոհ են նրա աշխատանքից:
Կոնջորյանի խոսքով՝ քաղաքական թիմը որոշել է առաջադրել Աննա Վարդապետյանին, քանի որ ըստ իշխանության քննարկումների՝ վերջինիս թեկնածությունը լավագույնն է: «Թույլ տվեք համեմատություններ չանեմ, հարգում եմ բոլորի անցած ճանապարհը, բայց էս պարագայում քաղաքական թիմը գտել է, որ լավագույն որոշումը տիկին Վարդապետյանի առաջադրումն է»,-ասաց նա:
Նշենք, որ գործող դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 15ին:
Մեկնաբանել