
Չարենցավան համայնքի ղեկավարը չի՞ ընկալել քաղաքացու պահանջը կամ արդարադատության նախարարության պարզաբանումը
Չարենցավան համայնքի բնակիչ Տիգրան Ծատուրյանը համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանից պահանջում է Չարենցավան համայնքի պաշտոնական կայքէջում հրապարակել իր ընդունած բոլոր կարգադրությունները։ Կայքի կարգադրություններ հղման ներքո, որը փակ է հանրության համար, տեղադրվում են համայնքապետարանի աշխատակազմին խրախուսելու՝ պարգևատրելու որոշումները, դրամական օգնությունները, աշխատակիցների նկատմամբ կիրառվող տույժերը, գործուղելու հրամանները, տարբեր նպատակների համար հանձնաժողովներ ձևավորելու կարգադրությունները և այլն:
«Ձեր կողմից կայացված կարգադրությունները համայնքի բնակիչներից այսքան տարի թաքցնելն օրինական չէ և չի բխում համայնքի բնակիչների շահերից, քանի որ վերջիններս զրկված են տեղեկանալու, թե ինչ է կատարվում իրենց համայնքում։ Եվ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ համայնքում կայացված ոչ մի հանրային քննարկման, ինչպես նաև ավագանու նիստերի համար չեն ապահովվում օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը, ապա կարող ենք վստահաբար նշել, որ Չարենցավան համայնքում չի ապահովվում բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը»,- հայտնել է համայնքի բնակիչ Տ. Ծատուրյանը՝ Չարենցավան համայնքի ղեկավարին ուղղված դիմումով։
Հակոբ Շահգալդյանը դիմումին չի պատասխանել, ուստի Տ․ Ծատուրյանը դիմումի բովանդակությունը մեկ անգամ էլ հրապարակել է հանրագրի տեսքով։ Հանրագրի հեղինակը նշում է, որ համայնքի բնակիչները պատշաճ չեն տեղեկանում ավագանու նիստերի մասին, այդ նիստերն արդեն երեք տարի ուղիղ չեն հեռարձակվում: Հանրային քննարկումներին մասնակցում են բացառապես համայնքապետարանի աշխատակիցները, խորհրդակցական մարմինների նիստերը տարիներ շարունակ չեն կայանում, համայնքի բյուջեն ընդունվել է առանց հանրային քննարկման և այսպես շարունակ:
Հիմնավորելու համար, որ համայնքի ղեկավարի արձակած կարգադրությունները իրավական ակտեր են և պարտադիր ենթակա են հրապարակման, նա այս տարվա հունվարին օրենքի պարզաբանում ստանալու պահանջով դիմել է արդարադատության նախարարություն: Նախարարության իրավական ապահովման վարչությունը դիմումատուին պատասխանել է.
«Ակտն ընդունող մարմինը պետք է ներքին իրավական ակտը հրապարակի իր պաշտոնական ինտերնետային կայքէջում, իսկ նման կայքէջի բացակայության պարագայում պետք է ձեռնարկի հնարավոր միջոցները ներքին ակտն իր հասցեատերերին հասանելի դարձնելու համար: Նման կարգավորման տրամաբանությունը կայանում է նրանում, որ անձինք, որոնց ուղղված է ներքին իրավական ակտը, պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու դրան և դրևորելու դրանից բխող հետևանքներով պայմանավորված համապատասխան վարքագիծ: Ուստի, կարևոր է ներքին իրավական ակտի հասանելիությունն ապահովել դրա հասցեատերերի համար»:
Միաժամանակ հղում կատարելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասին, հայտնել են, որ ներքին իրավական ակտը հրապարակվում է ընդունող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում առանձին բաժնում տեղադրելու միջոցով, իսկ եթե ընդունող մարմինը չունի պաշտոնական ինտերնետային կայքէջ, ապա այն անձանց համար տեսանելի և հասանելի վայրում տեղադրելով, որոնց ուղղված է այդ ակտը:
Մեկ այլ գրությամբ Տիգրան Ծատուրյանը դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին։ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը հունվարի 20-ի պատասխանում նշել է․ «Ուսումնասիրելով համայնքային պաշտոնական կայքում տեղեկատվության հրապարակման վերաբերյալ Ձեր նկատառումը, գտնում ենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23 հոդվածի 7-րդ մասով սահմանված ներքին իրավական ակտերը ևս ենթակա են հրապարակման։
Ըստ այդմ, ՏԿԵՆ-ը համապատասխան առաջարկ կներկայացնի համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին՝ վերը նշված իրավական ակտերը բաց և հասանելի տարբերակով համացանցային կայքերում հրապարակելու վերաբերյալ»։
ՏԿԵ նախարարությունը «համապատասխան առաջարկը» ներկայացրե՞լ է Հակոբ Շահգալդյանին, վերջինս ծանոթացե՞լ է արդարադատության նախարարության պարզաբանմանը, որը դիմումատուից բացի, նաև նրան է հասցեագրվել: Համենայնդեպս, դրանից հետո էլ Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը կայքի կարգադրություններ բաժինը չի բացել հանրության համար, իսկ Տիգրան Ծատուրյանին այսպիսի պատասխան է ուղարկել. «Պահանջված բոլոր փաստաթղթերը հասանելի են կայքի ՏԻՄ-համայնքի ավագանի բաժնում» և հղումներով ցույց է տվել համայնքի ավագանու որոշումները։
Հակոբ Շահգալդյանը չի՞ ընկալել Տիգրան Ծատուրյանի պահանջը, իսկ արդարադատության նախարարության պարզաբանո՞ւմը, որը բացառապես ներքին իրավական ակտերը հրապարակելու մասին է, տվյալ դեպքում՝ իր արձակած կարգադրությունները հրապարակելու մասին:
Տիգրանը նախկինում աշխատել է Չարենցավանի համայնքապետարանում, նա մասնագիտությամբ հանրային կառավարման մասնագետ է և իրավագիտություն է սովորում։ Ասում է, որ համայնքապետարանում աշխատելու շրջանում փորձել է ներքին կարգով լուծում տալ բարձրացված հարցերին, բայց չի ստացվել, որից հետո հանրային կարգով և դատական ընթացակարգով է փորձում օրինական պահանջին հասնել։
Սկզբում ֆեյսբուք սոցիալական ցանցում է քննարկել այդ հարցերը, բայց դադարեցրել են նրա հասանելիությունը համայնքի ֆեյսուքյան էջին: Չարենցավանի համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը նրան տեղեկացրել է, որ բնակիչների հասանելիությունը ֆեյսուքյան էջին արգելափակվում է համայնքի ղեկավարի կարգադրությամբ։
Տ. Ծատուրյանը Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն է դիմել՝ խնդրելով արգելափակման պատճառների վերաբերյալ Չարենցավանի համայնքապետարանից պարզաբանումներ ստանալ և աջակցել իր հասանելիությունը համայնքապետարանի ֆեյսբուքյան էջին վերականգնելու հարցում։ Պաշտպանին հայտնել է, որ Չարենցավանի համայնքապետարանը իր գործունեության վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը հասարակությանը ներկայացնում է ֆեյսբուքյան էջի միջոցով և արգելափակել է իր հասանելիությունն այդ էջին՝ առանց պատշաճ հիմնավորելու։
ՄԻՊ-ը գրավոր դիմել է Չարենցավան համայնքի ղեկավարին:
Գլխավոր լուսանկարում ձախից՝ Տիգրան Ծատուրյանը, աջից՝ Հակոբ Շահգալդյանը
Մեկնաբանել