
Ամերիկացի Կինգլին Արմեն Թորոսին ցույց տվեց ինդոնեզիական կղզուց դեպի Հայաստան տանող ճանապարհը
«Ես Ինդոնեզիայում էի՝ օվկիանոսի մեջ մի հատ փոքրիկ կղզու վրա, 2 կմ մեծության կղզի էր, կապույտ, մաքուր ջուր: Կրիաների, ձուկերի հետ լողում էինք կորալների մեջ: Շատ սիրուն տեղ էր: Էդտեղ էլ հենց, ջուրի առաջ նստած, քանդակություն էինք անում ընկերներով, գիշերները ուտում էինք, նվագում էինք: Շատ լավ կյանք էր»,- պատմում է Արմեն Թորոսը: Հենց այդ ժամանակ նա նամակ գրեց հորը՝ առաջարկելով, որ ինքը մշակի Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում գտնվող իրենց հողամասը:
Արմենը բացատրում է, թե ինչը դրդեց իրեն Հայաստանում հողագործությամբ զբաղվելու որոշում ընդունել: Նախքան այդ կղզի գնալը նա ինդոնեզիական մեկ այլ կղզում հանդիպել էր ամերիկացի Կինգլիին, ով արծաթագործությամբ ու քանդակագործությամբ էր զբաղվում և տարբեր երկրներում ճամփորդելով՝ վաճառում իր պատրաստած իրերը: Արմենը կարճ ժամանակ աշխատեց Ինդոնեզիայում գտնվող նրա գործարանում ու արհեստ սովորեց նրանից:
Նա Կինգլիին համարում է իր հոգևոր հայրը, ումից սովորել է, թե իր ապագան ինչպիսին կարող է լինել, եթե շարունակի ապրել այդ մարդու նման:
Արմենը ցույց է տալիս Կինգլիի պատրաստած, իր հյուսքերին ամրացրած զարդերը |
«Ինքը մի մարդ էր, որ հենց իմ նույն կյանքն էր ապրել. ճամփորդել էր շատ փոքրուց, մի 50 տարեկան էր, ու տեսա, որ էս մարդը իմ ապագան կարող է լինել: Ընտանիք չունի, տուն է սարքել, բայց միշտ ճամփորդում է, լավ կյանք ունի, արվեստով է զբաղվում: Ես նույն կյանքն եմ երևակայել իմ համար, բայց որ տեսա էս մարդուն ու իր կյանքը, ինձ շատ ազդեց ու հասկացա, որ եթե ես շարունակեմ էսպես ապրելը, վերջապես էդպես անտուն, անընտանիք, մենակ մարդ կլինեմ: Ու ես էդ կյանքը չեմ ուզում: Հողը կար, որոշեցի՝ գնում եմ Հայաստան ծառ տնկեմ»,- պատմում է Արմեն Թորոսը:
Չորս օր հետո նա, երկու նավ ու ինքնաթիռ փոխելով, հասավ Հայաստան և 11 օրվա ընթացքում 3000 ծառ տնկեց:
Արմեն Թորոսը ծնվել է Կալիֆորնիայում: Նրա ծնողները Իրանից են ԱՄՆ տեղափոխվել: Այժմ Արմենի բոլոր ազգականներն ապրում են Կալիֆորնիայում և Հայաստան գալիս են՝ միայն որպես զբոսաշրջիկ:
30-ամյա Արմենը 17 տարեկանից ճամփորդում է և եղել է ավելի քան 40 երկրում՝ Արգենտինայում, Լիտվայում, Ֆինլանդիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Հնդկաստանում, Սինգապուրում... Այս երկրներում նա շինարարություն է արել, հողագործություն, կոշկակարություն, պահակություն, փայտ կտրել, տրակտոր ու կոմբայն քշել, այծ պահել, կաթ-պանիր, գարեջուր պատրաստել, աշխատել է որպես դարբին ու կոշկակար, սովորել փայտագործություն, կաշեգործություն, քարտաշություն:
«Լինում էր, որ գործում էի՝ մենակ ինձ տեղ ու տուն տային, կերակրեին, ու էդտեղ կարող է շաբաթներ, ամիսներ մնայի: Ուր որ գնում եմ, եթե կարողացա մի բան ճարեմ, կմնամ, կգործեմ մի 2-3 ամիս կամ ավել, ու որ գործը պրծավ կամ արդեն պատճառ ունեմ թողնեմ երկիրը, գնում եմ ուրիշ տեղ, ուր ծանոթ կար, կամ մեկը հրավիրել էր, ու էդպես շարունակում էի իմ ճամփորդությունները, մինչև եկա Հայաստան ու ծառերը տնկեցի»,- պատմում է Արմեն Թորոսը:
Արմենը հիմա սովորում է արծաթից ու պղնձից զարդեր պատրաստել: Երբ այգու գործերը մի քիչ պակասեն, ծրագրում է սովորել նաև խաչքարագործություն ու տուֆ քանդակել:
Նա առաջին անգամ Հայաստան է եկել 16 տարեկանում և այստեղ էլ է շատ ճամփորդել: «Արագածի գյուղերը շատ եմ սիրում, սարերի մեջ լինել շատ եմ սիրում, Ղարաբաղն էլ, Քարվաճառ, Քաշաթաղ նահանգները շատ եմ սիրել: Քարվաճառից դեպի Վարդենիս մասերը շատ սիրուն են, շատ եմ սիրում ու Սևանը»,- ասում է նա:
Արմեն Թորոսի այգին |
Արմենը դպրոցն ավարտելուց հետո ԱՄՆ-ում սովորել է հոգեբանություն, բայց ոչ թե որպեսզի այդ մասնագիտությամբ աշխատի, այլ հասկանա «իր միտքը, հարաբերությունները մարդկանց, աշխարհի հետ», և առողջ ապրի: «Ու էդ մասնագիտությունը որ սովորեցի, դա տարավ ինձ դեպի, ասենք, սարերի գյուղական կյանք, հողագործություն, ուզում եմ կերակուր աճացնեմ, ուզում եմ գյուղական կյանք ապրեմ»,- ասում է նա:
Նալբանդյան գյուղի 11 հա-անոց հողամասն Արմենի հայրն է գնել: Արմենը 4 տարի առաջ այգում սկսել է տնկել սալորի, խնձորի, ընկույզի, կեռասի ծառեր, արևածաղիկ: Այս տարի այգում առաջին անգամ սալորի փոքր բերքահավաք է սպասվում: Այս տարի նա կվաճառի նաև առվույտը՝ որպես անասնակեր:
Արմենը տարվա մի մասը Հայաստանում է, մի մասը՝ այլ երկրներում: Նա տարվա մեջ մոտ 4 ամիս բանվորություն ու հողագործություն է անում ԱՄՆ-ի սարերում, և վաստակած գումարը բավարարում է, որ հոգա Նալբանդյանի իր հողամասի ծախսերն ու նոր ծառեր տնկի:
Նա ծրագրում է հետագայում ջերմոց տեղադրել հողամասում, հոսանք անցկացնել ջերմոցի համար ու ավելի շատ ծառեր տնկել: Արմենի ապագայի ծրագրերից են նաև այծեր պահել, գոմ, պահեստ ունենալ, հողամասում սարքել տնակներ, որ արտասահմանցի ընկերները գան, մնան և օգնեն:
Արմեն Թորոսի այգին |
Հողամասում Արմենի ամենամեծ խնդիրը ջուրն է. մայր առվի ջուրը երբեմն բոլորին չի հասնում, հատկապես հուլիս-սեպտեմբերին: «Միշտ պիտի կռվենք ջուրի համար: Իմ ծառերը անցած տարի չջրվան մի 2 ամիս, ու սկսան չորանալ թփերը: Ծառերը փոքր են, բերք չկար, բայց բերքի ժամանակ լիներ՝ ամենը կչորանար, կընկներ: Ամեն տարի ավելի շատ հող է ցանվում, ու ավելի շատ ջուր է պետք, ու ավելի շատ ջուր չկա»,- ասում է Արմեն Թորոսը: Նա ծրագրում է 2-3 տարում ջրի պահեստավորման համար ավազան փորել ու պոմպակայան հիմնել:
Նալբանդյանում և հարևան գյուղերում կան նույնիսկ մինչև 200 հա հողեր մշակողներ: Արմենի այգում աշխատողները մտերիմ են այդ մարդկանց աշխատողների հետ, և արդյունքում հողամասերի տերերը չեն մրցակցում իրար հետ, այլ օգնում են իրար տարբեր հարցերով և ընկերներ են դարձել: Արմենը Նալբանդյան գյուղում ունի հարևաններ, ում նոր տնկած ծառերը մյուս օրը գողացել են, բայց Արմենի նորտունկ ծառերը չեն գողանում, քանի որ պահակ ունի:
Յուրա Սարգսյանը |
Արմենի հողամասի անմիջական հարևանությամբ Յուրա Սարգսյանի տունն ու հողամասն են: Յուրան հսկում է Արմենի հողամասը և ամեն օր անում հողամասի բոլոր աշխատանքները: Երբ հողամասում պետք է ծառեր տնկել կամ հնձել, աշխատանքներին գյուղից միանում է 3-4 հարևան: Երբեմն հողամասում Արմենին օգնում են նաև ընկերները: Այս սեզոնին Արմենն ինքն էլ գրեթե ամեն օր գնում է հողամաս և աշխատում:
Նալբանդյանում և Արմավիրում եղել են մարդիկ, ովքեր Արմենին ասել են. «Խելք չունե՞ս, եկել ծառ ես տնկում էս երկրում, ժամանակդ վատնում ես»: Այս խոսքերը վիրավորել են Արմենին: «Երբ շփվում եմ ժողովրդի հետ, ասենք, 100-ից մեկը կասի՝ լավ ես անում, ուրախ ենք: Ես սա անում եմ իմ համար ու ընտանիքի համար, Սարգիսի (Յուրա Սարգսյանի 5-ամյա տղայի - հեղ.) համար: Էդ եմ սովորել էստեղ, որ էստեղ մարդիկ միացած չեն, իրար հետ կռվում են: Ու ես էլ սովորել եմ՝ իմ համար ու իմ շրջապատի համար ապրեմ. իմ հայրենիքի համար չի»,- ասում է Արմենը:
Նա մանկուց շփվել է մեքսիկացիների, լատինաամերիկացիների հետ և երբեմն իրեն ամերիկացի է զգում, երբեմն էլ՝ եվրոպացի: «Ու միաժամանակ շատ հայի պես եմ զգում, բայց որ էստեղ եմ եկել, ու շատ եմ տարբերվում ուրիշներից, ու լինում է, որ իմ հետ շատ վատ են վարվում, զգում եմ, որ ես հայ չեմ: Բայց ես էլ հասկանում եմ, որ հայը մենակ տեղացի չի, խառն է, սփյուռքահայ կա, ամենը շատ են իրարից տարբեր, ու որ իմ սփյուռքահայ ընկերների հետ եմ շփվում, ինձ պարզ է, որ ես էլ հայ եմ»,- ասում է Արմեն Թորոսը:
Նա ազդվում է, երբ Երևանի փողոցներում մարդիկ իրեն խեթ են նայում՝ իր արտաքինի, հագուկապի պատճառով: Արմենը կրում է օղեր, մատանի, իր պատրաստած թևնոցներն ու վզնոցները, իսկ հյուսքի վրա ամրացրել է այն զարդերից, որոնք Կինգլին է պատրաստել ու նվիրել: Այդ պատճառով Հայաստանում մարդիկ կոպտում ու ծաղրում են նրան, վիրավորական բառեր ասում: Շատերին, այդ թվում նաև Նալբանդյան գյուղում, երբեմն տարօրինակ է թվում Արմենի մտածելակերպը, և մարդիկ հիասթափվում են Արմենից: Արմենն էլ իր հերթին է հիասթափվում:
5-ամյա Սարգիսը օգնում է հորը հողը մշակելիս | Արմենը ցանում է առվույտի սերմերը |
«Ես մտածում եմ, որ մեկը կարող է ինչ ուզի, լինի, ինչպես ուզի, ապրի, մենակ ուրիշին չվնասի: Ես հավատում եմ՝ մարդիկ ազատ լինեն իրենց միտքով, ապրելով, ու մեկին չեմ դատել, որովհետև իր ձևը տարբեր է: Մարդկությունի հարստությունն է, որ մարդիկ տարբեր լինեն, տարբեր մտածեն. էդպես է, որ մարդկությունը զարգացել է: Բայց էստեղ էդպես չեն մտածում. եթե իրարից տարբերվում ենք, դու մի ձևի սխալ ես, վատն ես, վտանգավոր ես, ամեն բան մտածում են ու իրենց նայվածքի մեջ զգում եմ ու ժամանակներ կան, որ շատ զգայուն եմ ու նեղվում եմ»,- ասում է Արմենը:
Ամերիկայում ու Եվրոպայում ևս մարդիկ նայում են Արմենի տարօրինակ արտաքինին, բայց այնպես, որ Արմենը չնկատի, և ընդհանապես նրա այցելած մյուս երկրներում գնահատվում է այն, որ մարդն ուզում է յուրօրինակ լինել:
Այնուամենայնիվ, Արմենը շարունակում է ապրել Երևանի իր տանը և չի բացառում, որ կարող է Հայաստանում մնալ: «Առաջին 2 տարին որ տնկեցի, մի քիչ ստիպված էի գալիս, սերով չէր, հիմա սերով եմ գալիս, Յուրայի հետ, ընտանիքի հետ: Ինձ թվում է՝ ուզեմ կամ չուզեմ, Հայաստանում եմ մի բան ստեղծում ու ամեն տարի, ասենք, ավելի լավ եմ զգում էստեղ: Առաջ շատ վատ էի զգում, շատ էի նեղվում էստեղ, հիմա դեռևս ինձ ազդում է, բայց ավելի քիչ»,- ասում է Արմենը:
Մի քանի օր առաջ նա այնքան բարկացած էր, որ մտածում էր այգին վաճառելու ու Հայաստանից գնալու մասին, բայց երբ զայրույթն անցնում է, նորից վերադառնում է այգի: «Սիրում եմ՝ ինչ ենք անում էստեղ: Զգում եմ՝ ընկերուհուս հետ կարող եմ էստեղ մնամ»,- ասում է Արմենը:
Մեկնաբանություններ (31)
Մեկնաբանել