
Մոմավառություն՝ նվիրված ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրվան
Մայիսի 20-ին՝ ժամը 20.00, Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան և Եզնիկ Կողբացու փողոցների միջև գտնվող հրապարակում տեղի կունենա մոմավառություն՝ նվիրված ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրվան։
Մայիսի 20-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ՁԻԱՀ-ի հետևանքով մահացած մարդկանց հիշատակի միջազգային օր: Այն սահմանվել է 1983 թ. և նշվում է յուրաքանչյուր տարվա մայիս ամսվա 3-րդ կիրակի օրը՝ աշխարհի 115 երկրի 1200 հասարակական և համայնքային կազմակերպության աջակցությամբ: Այս տարվա մոմավառությունն անցկացվում է «Առողջության և արժանապատվության խթանումը միասին» խորագրի ներքո:
Համաձայն UNAIDS-ի վերջին վիճակագրական տվյալների՝ աշխարհում շուրջ 34 միլիոն մարդ ապրում է ՄԻԱՎ-ով: Չնայած ՄԻԱՎ-ի բուժման մատչելիության ապահովումը նպաստել է համաճարակի կայունացմանը՝ այնուամենայնիվ, ամեն տարի 1.8 միլիոն մարդ մահանում է ՁԻԱՀ-ի հետևանքով առաջացած հիվանդություններից, ՄԻԱՎ-ով վարակման մոտ 2.7 միլիոն նոր դեպք է գրանցվում: Ամեն տարի առնվազն 390.000 երեխա է ծնվում ՄԻԱՎ-ով. մի բան, որն ամբողջովին կարելի է կանխարգելել արդի բժշկական գիտելիքների շնորհիվ:
Մոմավառությունը նպատակ ունի բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ սոցիալական գիտակցությունը: Այս օրը նաև կանխարգելող նշանակություն ունի համընդհանուր համերաշխության, խարանի ու խտրականության խոչընդոտների հաղթահարման համար: Այս մասին հայտնում է «Սերունդների համերաշխություն» երիտասարդական ՀԿ-ն:
Մեկնաբանել