
Ո՞վ է քննչականից հափշտակել 10 հազար դոլարը. կպատժվե՞ն, արդյոք, հանցագործությունը պարտակած իրավապահները եւ դատավորը
Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում իտալացիներից առգրավված մոտ 10 հազար ԱՄՆ դոլարի անհետացման վերաբերյալ հրապարակումից հետո ոստիկանապետ Վ. Գասպարյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն: Այն դեռեւս չի ավարտվել: Նշենք, որ աշխատանքից ազատվել է Արաբկիրի ոստիկանության քննչական բաժնի պետ Արծրուն Առաքելյանը, իսկ նրան փոխարինում է Վարդան Վարդանյանը:
Հիշեցնենք, որ հանցագործության, այսինքն՝ քննչական բաժնից փողի հափշտակման մասին իմացել են իրավապահ մարմինների բազմաթիվ ներկայացուցիչներ՝ hանրապետության ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, Արաբկիրի ոստիկանության պետ Արթուր Մեհրաբյանը, Արաբկիրի ոստիկանության քննչական բաժնի պետ Արծրուն Առաքելյանը, գործը քննող երեք քննիչները, հսկող դատախազը եւ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը: Նրանք բոլորն իմացել են, սակայն պարտակել են հանցագործության փաստը: Առայսօր ոչ Հատուկ քննչական ծառայությունը եւ ոչ էլ գլխավոր դատախազությունը չեն արձագանքել «Հետքի» հրապարակմանը: Չնայած հոդվածում առկա փաստերը բավարար հիմքեր պարունակում են քրեական գործ հարուցելու համար:
Ոստիկանության «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ, բացի ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից՝ հրապարակումից հետո այս հարցով զբաղվել է նաեւ քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը: Նշենք, որ Արաբկիրի ոստիկանության քննչական բաժնի պետ Արծրուն Առաքելյանը Գագիկ Համբարձումյանի սանիկն է: Իսկ վերջինիս որդին՝ Սարգիս Համբարձումյանը, Արծրուն Առաքելյանի տեղակալն էր:
Գագիկ Համբարձումյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին խնդրել էր, որ անձամբ ինքը զբաղվի իր ենթակայության տակ գտնվող կառույցով: Որոշ ժամանակ անց Գագիկ Համբարձումյանը ոստիկանապետին զեկուցել է, թե Արաբկիրի քննչականում նման դեպք չի եղել: Իսկ քանի որ հափշտակության փաստն այլեւս կասկածի տեղիք չի տալիս, ոստիկանապետի հանձնարարությամբ գործով սկսել է զբաղվել ոստիկապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
«Հետքին» հայտնի է դարձել, որ ծրարը, որից հափշտակվել է փողը, ուղարկվել է փորձաքննության: Արդյունքում հաստատվել է, որ ծրարը մինչեւ դատարանում բացվելը վնասված է եղել, այսինքն՝ արդեն բացված է եղել: Սակայն նույնիսկ այս ամենից հետո կարծես թե փորձում են հափշտակության գործը բոլորովին այլ ուղղությամբ տանել:
Մասնավորապես, Արաբկիրի ոստիկանության քննչական բաժնի պետի տեղակալ Սարգիս Համբարձումյանը՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի որդին, իր ենթականերին ասել է, թե իբր կատարվածը համարվելու է անփութություն, ինչի պատճառով ծրարները խառնվել են, եւ գործը փակվելու է: Իսկ իր նախկին պետի մասին էլ կրտսեր Համբարձումյանն ասել է, որ նրան կհեռացնեն եւ մեկ տարուց նորից կընդունեն աշխատանքի, բայց՝ մեկ այլ պաշտոնում: Սարգիս Համբարձումյանը նաեւ ասել է, որ ծրարը կրկին կուղարկեն փորձաքննության, իսկ արդյունքն արդեն այլ կլինի:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ Գագիկ Համբարձումյանի հարաբերությունները վերջին շրջանում խիստ լարվել են: Փողի հափշտակության մասին ոստիկանապետը նույնիսկ զեկուցել է նախագահ Սերժ Սարգսյանին: Ամենայն հավանականությամբ, ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանն առաջիկայում աշխատանքից կազատվի: Նա արդեն միջնորդներ է փնտրում դրսում:
Հայտնի է, որ Գագիկ Համբարձումյանի եղբայրը մեծ բիզնես ունի Ղազախստանում եւ մոտ հարաբերություններ Ղազախստանի նախագահի ապարատի որոշ անձանց հետ: Գուցե հենց այնտեղից էլ առաջիկայում ոստիկանապետին Համբարձումյանի համար միջնորդեն:
Ընդհանրապես, ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում աշխատում են Գագիկ Համբարձումյանի շատ ազգականներ (ըստ էության, քննչական գլխավոր վարչությունը վերածվել է ընտանեկան բիզնեսի): Վերջերս ոստիկանության օրվա առթիվ նրա ցուցումով 100 հազար դրամով պարգեւատրվել է ՀԿԳ-ում աշխատող նրա եղբոր որդին՝ Գարիկ Համբարձումյանը: Չնայած բաժնի պետը՝ Վահագն Հարությունյանը, այս ընտրությանը դեմ է եղել, բայց ոչինչ անել չի կարողացել:
Առայժմ դժվար է ասել, թե ինչ ընթացք կունենա այս գործը, բայց այն կաթվածահար է արել Արաբկիրի քննաչկան բաժնի աշխատանքը:
Օրերս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը առավոտյան՝ ժամը 8:45-ի սահմաններում, անձամբ այցելել է Արաբկիրի ոստիկանության բաժին, բարձրացել է քննչական բաժին և մինչև 9:15, ըստ էության, վերահսկել (արձանագրել), թե ով է ժամանակին գալիս աշխատավայր: Կռահեք, թե ժամանակին ով չի ներկայացել...
Մեկնաբանություններ (25)
Մեկնաբանել