
Վերին Լարսում կուտակումների հետեւանքով բեռնափոխադրողները խոշոր վնասներ են կրում
Վերին Լարսի անցակետում կուտակումները դեռևս շատ են. հայկական բեռնափոխադրողները, արտահանողներն ու ներմուծողները խոշոր վնասներ են կրում: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Մենք շարունակում ենք աշխատանքները մեր ռուս և վրացի գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս արագ վերադառնանք նորմալ աշխատանքային ռեժիմի, մանավանդ, որ հիմա թևակոխում ենք գյուղատնտեսական ապրանքների սեզոն, և կարիք կա, որ տրանսպորտային հանգույցներն անխափան աշխատեն»,- ասաց նախարար Քերոբյանը:
Նա հիշեցրեց, որ հունիսի 11-ին ռուս գործըներների հետ հանդիպելու է Լարսի անցակետում՝ տեղում հասկանալու, թե ինչպես կարող են արագացնել գործընթացը:
Քերոբյանի խոսքով` ռուսական կողմը հավաստիացնում է, որ մաքսային գործողությունները հնարավորինս արագ են իրականացնում:
«Սակայն, մենք տեսնում ենք, որ խնդիրը սկզբունքային առումով դեռ չի լուծվել: Մեր բեռնափոխադրողները, արտադրողները, արտահանողներն ու ներմուծողները խոշոր վնասներ են կրում այս առումով»,- ասաց նա:
Խոսելով ներդրվող լաստանավային հաղորդակցության մասին, որը գործելու է հունիսի 15-ից, Վահան Քերոբյանն ասաց, որ օրեր առաջ հանդիպում են ունեցել տրանսպորտային կազմակերպությունների, լաստանավի օպերատորի հետ և համաձայնեցրել աշխատանքային կարգը:
«Այս պահին մեր աշխատանքը գործարկելու համար մնացել է ընդամենը մեկ խնդիր լուծել՝ դա Վրաստանի կառավարության թույլտվությունն է՝ իրենց նավահանգիստներից օգտվելու առումով: Իրենք ունեն մի շարք դիտողություններ: Դրանք, մեր կարծիքով, ամբողջությամբ հարթվել են: Ամեն րոպե սպասում ենք»,- ասաց նա:
Նախարարը վստահեցրեց` լաստանավային հաղորդակցությունը թույլ է տալու լուծել արագ փչացող ապրանքների փոխադրման հարցը:
Մեկնաբանել