
Բացվել է ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի «ԼՌՈՒԹՅԱՆ ՃԻՉԸ» ֆոտոցուցահանդեսը
Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացվել է ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի ցուցահանդեսը։ Սա լուսանկարչի առաջին ցուցահանդեսն է Հայաստանում և կրում է «ԼՌՈՒԹՅԱՆ ՃԻՉԸ». հայ հիշողության հետքերը» խորագիրը։
Ցուցահանդեսը ներկայացնում է հեղինակի մոտ երեսուն տարվա աշխատանքը։ Այդ ընթացքում Անտուան Ագուջյանը լուսաբանել է Իրաքի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները։ Հեղինակը մինչև 2015թ․ լուսանկարել է սև ու սպիտակով, դրանից հետո միայն սկսել է աշխատել նաև գույների հետ։
Անտուան Ագուջյանի մեծ ծնողները ցեղասպանությունից փրկվել ու, ի վերջո, հաստատվել են Ֆրանսիայում, որտեղ էլ լուսանկարիչը ծնվել է։ Նրա խոսքով՝ ինքը փորձել է պատկերների մեջ ներդնել ցեղասպանությունից մազապուրծ տատիկների ու պապիկների կտակած մշուշոտ պատմությունները, 1915թ. հայերի մասին պատմություններ:
Ցուցահանդեսը ներկայացնում են Բեռնար Գանիմյանը և «Ազնավուր» հիմնադրամը։ Ցուցահանդեսի գործընկերներն են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ), Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Գասկոնի թատրոնը, «Երազ» պարային համույթը, MyOuai ընկերությունը, «Մուսկարի» ընկերությունը և «Արմենիա» հիմնադրամը։
Մեկնաբանել