
400 մլն դրամ՝ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովության աջակցության ծրագրին
Կառավարությունը 400 մլն դրամ կտրամադրի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ․ ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար։ Որոշումն ընդունվեց գործադիրի հունիսի 2-ի նիստում։
«Ծրագիրն ունի երեք բաղադրիչ՝ միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, երկրորդ բաղադրիչը՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն` ապահովագրական վճարը մուծելու համար և երրորդը՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ աջակցություն։ Ես ցանկանում եմ շեշտել այս ծրագիրը, քանի որ բավականին մեծ է դիմելիությունը այս ծրագրի առնչությամբ»,- հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Ըստ նախարարի՝ եթե ընտանիքում ծնվում է առաջին կամ երկրորդ երեխան, վարկի մնացորդի 10 %-ի չափով գյուղերում, Երևանում՝ 5 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամ աջակցություն է տրվում, երրորդ և չորրորդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ։ Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30-ը, և ընտանիքում արդեն 3-րդ երեխան է ծնվում, պետությունը մինչև 4 մլն դրամ աջակցություն է տրամադրում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի ձեռքբերման աջակցության ծրագիրն ընդունել են 2020-ին և երկար ժամանակ բյուջեով նախատեսված միջոցները ոչ միայն բավարարում էին, դեռ մի բան էլ ավելի էին։
«Հիմա առաջին անգամ մի իրավիճակի առաջ ենք կանգնել, երբ բյուջեով ի սկզբանե նախատեսած միջոցները չեն բավականացնում, և մենք դրանից ուրախանում ենք և ավելացնում միջոցները»,- ասաց Փաշինյանը։
Նախարարն էլ հավելեց՝ ծրագրի մեկնարկից ի վեր 3250 շահառու ընտանիք աջակցությունից օգտվել է, և պետության մասնակցությունը այս ծրագրին մոտ 2,2 միլիարդ դրամ է։
«Մենք նախատեսում ենք, որ այս տարի ծրագրից կօգտվի 2500 ընտանիք։ Դա մոտ այնքան է, որքան 2020 և 2021 թվականների ցուցանիշները միասին վերցրած։ Եվ 2022 թվականին ծրագրից արդեն օգտվել է շուրջ 900 շահառու։ Այս պահի դրությամբ էլ ունենք 150 բավարարված հայտ, և այս նախագծի ընդունման դեպքում անմիջապես նրանց գումարները կվճարվեն»,- եզրափակեց նախարարը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել