
«Առաջին հանդիպման համար բավական կարևոր հարցեր են բարձրացվել». Սանոսյանը` սահմանազատման հանձնաժողովի մասին
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով առաջին հանդիպումը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը բավական կառուցողական է համարում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, հանձնաժողովի կազմում ներառված են ներկայացուցիչներ գրեթե բոլոր գերատեսչություններից: ՏԿԵՆ-ից հանձնաժողովի կազմում ներգրավված է փոխնախարար Հովհաննես Հարությունյանը:
«Առաջին հանդիպումից տեղյակ եմ, կարծում եմ` բավական կառուցողական հանդիպում է եղել: Տեղի է ունեցել կառուցողական, նորմալ, մասնագիտական քննարկում: Առաջին հանդիպման համար բավական կարևոր հարցեր են բարձրացվել, աշխատանանքի որոշակի օրակարգ է սահմանվել, էդ առումով դրական ենք գնահատում»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե ինչպես է դրական գնահատում այդ հանդիպումը, եթե դրանից հետո հայ զինծառայող է սպանվել՝ Գնել Սանոսյանն ասաց, որ նման միջադեպերը խանգարում են հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Դատապարտելի է, որ նորմալ աշխատանքային փուլին կարող է հաջորդել նման վարքագիծ, որի հետևանքով մեր տղաները կարող են նման անմտությանը զոհ գնալ»,- հայտնեց Սանոսյանը:
Նախարարը մանրամասներ չհայտնեց հաջորդ հանդիպման վերաբերյալ:
Հարցին, թե արդյոք հանդիպմանը անկլավների հարց քննարկվել է՝ նախարարն ասաց, թե չի կարող մանրամասներ հայտնել այդ հանդիպումից:
«Տարբեր հարցեր քննարկվել են, դեռ ամեն կողմն իր դիրքորոշումները կհայտնի, այս ամենի մեջ կարևոր են իրավաբանական հիմքերը, քարտեզները պետք է իրավական հիմքեր ունենան, ակնհայտ է, որ Արծվաշենի մասով իրավական հիմքեր ունենք»,- նշեց նա:
Մեկնաբանել