
Փաշինյան. «ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները»
2021-ին ունեցանք 5.3% տնտեսական աճ ունեցանք, չնայած ի սկզբանե կանխատեսված էր 3,1 %: Բյուջեի եկամտային մասը գերակատարել ենք 147 միլիարդ դրամով:
Այս մասին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 2021 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը:
«Մենք հարկեր-ՀՆԱ առումով ունեցել ենք աննախադեպ ցուցանիշ, երբ ՀՆԱ-ի 22,7 %-ը արձանագրել ենք հարկային եկամուտների ձևով: 2021-ի ընթացքում 146 միլիարդ դրամի ԱԱՀ-ի հարկ է վերադարձվել տնտեսվարողներին: 2017-ին ԱԱՀ-ի վերադարձը կազմել է 60 միլիարդ դրամ, 2017-ի նկատմամբ 140 %-ով ավելացրել ենք ԱԱՀ-ի վերադարձը: 2021-ի ավարտին չի եղել դեբետային գումարների վերադարձի գծով հարկ վճարողների ստացված որևէ դիմում, որի դիմաց գումարը փաստացի վերադարձված չլինի: ԱԱՀ-ի գծով մենք պարտքի խնդիրը լուծել ենք»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` կառավարությունը որքան ժրաջան է հարկեր հավաքագրելու գործում, նույնքան ժրաջան է գումարները քաղաքացիներին վերադարձնելու հարցում:
Նա ներկայացրեց քաղաքացիներին վերադարձված եկամտային հարկի տարբեր ցուցանիշները, ըստ որոնց եթե 2017-ին վերադարձվել է 2 միլիարդ 417 միլիոն եկամտային հարկ, ապա 2021-ին վերադարձվել է 32 միլիարդ 640 միլիոն եկամտային հարկ:
«Ընթացիկ տնտեսական վիճակը համարում եմ լավատեսական, տնտեսությունը դիմակայունություն է ցույց տալիս, լավատեսության ֆոնը էականորեն բարելավում է այն ուղևորահոսքերը, որ այսօր ունենք, մենք տեսնում ենք, որ դեպի Հայաստան ուղևորահոսքերը էականորեն աճում են, և արդեն բավական լավատեսական ցուցանիշներ են ի հայտ գաիս, երբ Հայաստան ժամանողների ու մեկնողների սալդոն դրական է»,- ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց` պետությունը բոլոր գործարքները անկանխիկ տարբերակով դարձնելու ճանապարհով է գնում, օրենսդրության փոփոխության համաձայն` բնակարան և մեքենա վաճառելը չի կարող լինել կանխիկ եղանակով:
«Ուզում եմ նաև ընդգծել մեր քաղաքական վճռականությունը, որ մենք պետք է ներդնենք համընդհանուր հայտարագրման համակարգ, ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի արդեն 2024 թվականին` 2023-ի եկամուտների համար, որը և տնտեսական, և քաղաքական, և քաղաքակրթական նշանակություն ունի»,- ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց, որ այս տարվանից ուժի մեջ է մտել գույքահարկի նոր համակարգը, որը էականորեն ուժեղացնելու է ՏԻՄ մարմինները և նաև քաղաքակրթական նշանակություն է ունենալու: Փաշինյանի կարծիքով` հանրության կյանքում տնտեսական հաշվարկը ավելի մեծ տեղ է զբաղեցնելու, որն իր հերթին բերելու է քաղաքակրթական հետևանքների:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել