
Առաջարկվում է խնամքի նպաստ նշանակել մինչև 2 տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող լինելու հանգամանքից
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առաջակում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող և մինչև երկու տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող հանդիսանալու հանգամանքից:
Օրենքի նախագծում նշվում է, որ օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո։ Ընդ որում, վարձու աշխատողների և գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղաբնակ ծնողի դեպքում՝ նաև եթե գյուղական բնակավայրում առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված լինելու՝ օրենքով սահմանված պայմանին ծնողը բավարարելու է 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ։
Օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ խնամքի նպաստ նշանակվում է խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին, ինչպես նաև երեխայի ծննդյան կամ դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի գյուղական բնակավայրի հաշվառում ունեցող և փաստացի բնակվող ծնողին։
Նախագծով առաջարկվում է՝
- խնամքի արձակուրդում գտնվող ծնողին նշանակվող խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ տոկոսով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի նկատմամբ,
- խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին նշանակվող խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը չի կարող գերազանցել խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 տոկոսը:
Նշենք, որ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման հավելվածի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 17.2-րդ կետով նախատեսված է, որ 2023թ. հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակվում է բոլոր մայրերին՝ անկախ նրանց հաշվառման (բնակության) վայրի։ Եվ ըստ այդմ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես է եկել «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին այս առաջարկությամբ։
Մեկնաբանել