
Նիկոլ Փաշինյան. «Մեզ հայհոյելու են, դավաճան են ասելու, բայց մեր նպատակից չեն շեղելու»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին անդրադարձավ ընդդիմության մեղադրանքներին առ այն, որ գործող իշխանությունն է պատերազմը հրահրել:
«Էսօր ուզում են ասել` մենք եկել ենք, պատերազմ ենք բերել․ ո’չ, մենք չենք եկել, պատերազմ բերել։ Դուք եք պատերազմը անոնսել ու գնացել: Պատերազմը կանխելու մի ձև կար` ընդունել Ադրբեջանի բոլոր ոչ ընդունելի պայմանները և պահանջները: Սերժ Սարգսյանն ինքն է այս ամբիոնից անոնս արել, որ այլևս պատերազմ չլինելու հույս չունենաք»,- ասաց Փաշինյանը:
Նա վստահեցրեց` գործող իշխանություններն ամեն ինչ անելու են, որ ԼՂ կարգավիճակի հարցը լուծվի, ապա հավելեց` այդ օրակարգի հետևում խաղաղության հնարավոր պայմանագիրն է:
«Մենք մեր առաջ խնդիր ենք դրել հաստատել խաղաղություն, մենք ասել ենք ու ասելու ենք` գնալու ենք մեր ժողովրդի, հայրենիքի, տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հետևից: Էդ ճանապարհին վայր ենք ընկնելու, վեր ենք կենալու, մեզ հայհոյելու են, դավաճան են ասելու, տականք, սրիկա, ինչ ասես ասելու են, բայց մեր նպատակից մեզ չեն շեղելու»,- հայտարարեց Փաշինյանը:
Մեկնաբանել