
«Արաբկիր» բժշկական համալիրում կատարվել է երիկամի 200-րդ փոխպատվաստումը
«Արաբկիր» բժշկական համալիրում երիկամի առաջին փոխպատվաստումն արվել է 1991թ.-ի մայիսին: Ծրագրի գաղափարը պրոֆեսոր Արա Բաբլոյանի մոտ ծնվել է երկրաշարժից հետո, երբ ավերակների տակ մնացած բազմաթիվ մարդկանց, նաև երեխաների, կարիք էր լինում երիկամի հեմոդիալիզ իրականացնել: Սակայն հեմոդիալիզը, հատկապես երեխաների դեպքում, խնդրի վերջնական լուծում չէ, այն ազդում է կյանքի որակի վրա: Փոխպատվաստումն ավելի արդյունավետ ու երաշխավորող մոտեցում է համարվում:
«Արաբկիր» ԲԿ-ի հաղորդագրության համաձայն՝ երիկամի փոխպատվաստումն իրականացնում է բազմամասնագիտական թիմը:
«Նախ ընտրվում է պացիենտ-դոնոր զույգը` բոլոր` բժշկական, հոգեբանական եւ այլ ասպեկտներ քննարկելով եւ հաշվի առնելով, ապա տեղի է ունենում բուն վիրահատությունը: Վիրաբույժներն աշխատում են երկու վիրասրահներում` զուգահեռաբար: Առաջինում դոնորից օրգանը վերցնելու, երկրորդում ռեցիպիենտի մարմնում այն տեղադրելու պրոցեսներն են ընթանում: Վիրահատությունից հետո էլ հետվիրահատական փուլն է եւ, իհարկե, օրգան-փոխպատվաստված պացիենտների դիսպանսեր հսկողության մշտական գործընթացը:
«Արաբկիր» ԲՀ-ում գործող օրգան-փոխպատվաստված պացիենտների դիսպանսեր բաժանմունքն, ի դեպ, միակն է Հայաստանում: Այս պահին այստեղ գրանցված է 180 մարդ, մեծամասնությունը` 163-ը, փոխպատվաստված երիկամով, 16-ը` լյարդով եւ մեկ պացիենտ` փոխպատվաստված սրտով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել