
Նախատեսվում է պետական սահմանի անցման կետերում ներդնել «մեկ կանգառ-մեկ պատուհան» սկզբունքը
Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած «Մաքսային կարգավորման մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է պետական սահմանի անցման կետերում ներդնել «մեկ պատուհանի» սկզբունք։ Տնտեսվարողները կմոտենան մեկ պատուհանի, անցման կետերում ֆիզիկապես ներկա կգտնվի և վերահսկողություն կիրականացնի միայն երկու պետական մարմին` ԱԱԾ սահմանապահ զորքերը և մաքսային մարմինները:
Նախագիծը ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը: Նրա խոսքով` փոփոխությունները միտված են պետական սահմանի անցման կետերում «մեկ կանգառ-մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանը:
Գործող օրենքով` պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն և հսկողական գործառույթներ են իրականացնում՝ ԱԱԾ սահմանապահ զորքերը, մաքսային մարմինները, ոստիկանությունը, տեսչական մարմինը, ինչպես նաև տրանսպորտային տեսչական մարմինը:
«Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ պետական սահմանի անցման կետերում մշտապես ֆիզիկապես ներկա կգտնվեն միայն երկու մարմիններ՝ ԱԱԾ սահմանապահ զորքերը՝ սահմանային վերահսկողություն իրականացնելու համար, ինչպես նաև մաքսային մարմինները՝ մաքսային հսկողություն իրականացնելու համար: Իսկ, երբ անհրաժեշտություն կլինի պետական վերահսկողական գործառույթ իրականացնել, ապա դրանք կիրականացվեն այդ մարմինների կողմից»,-ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:
Նախատեսվել է նաև կարգավորում, որ առանձին դեպքերում ժամանակավորապես պետական սահմանի անցման կետերում հնարավոր կլինի տեղակայել նաև վերահսկողական գործառույթներ իրականացնող այլ մարմիններ: Առանձին դեպք կարող է հանդիսանալ օրինակ կարանտինը:
Նախագծի հարակից զեկուցող, պատգամավոր Ծովինար Վարդանյանը վստահեցրեց` նախագիծը միտված է տնտեսվարողների կյանքը հեշտացնելու կառավարության ցանկությանը:
«Եթե մաքսային անցման կետերում տնտեսվարողները գործ էին ունենում տարբեր պետական մարմինների հետ, ապա նախագծի ընդունման արդյունքում տնտեսվարողը ընդամենը մեկ պատուհանի է մոտենալու և մեկ անգամ է առնչվելու պետական մարմնի հետ»,- ասաց նա:
Մեկնաբանել