
Պաշտպան. անչափահասների նկատմամբ խոշտանգում կատարելու հոդվածով քրեական գործ է հարուցվել
Անչափահասների նկատմամբ Ոստիկանության մետրոպոլիտենի բաժնում տեղի ունեցած ենթադրյալ բռնության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Խոշտանգնման հոդվածով:
«Հետք»-ի հետ զրույցում երեխաների շահերի պաշտպանությունը ստանձնած փաստաբաններից Միքայել Շխիմյանն ասաց, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, այսինքն՝ խոշտանգումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, երկու կամ ավելի անչափահաս անձանց նկատմամբ: Այս պահին դեռևս հայտնի չէ՝ երեխաները գործով տուժող ճանաչվել են, թե՞ ոչ: Դեռևս հայտնի չէ նաև՝ արդյոք գործով մեղադրյալ ներգրավված է, թե՞ ոչ։
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով նախատեսվող արարքի համար որպես պատիժ է սահմանում բացառապես ազատազրկումը՝ յոթից տասներկու տարի ժամկետով։
Երեխաների շահերի պաշտպանությունը ստանձնած փաստաբաններ Միքայել Շխիմյանն ու Արթուր Պիվազյանը, նրանց շահով առաջնորդվելով, վերջիններիս անունները չեն հրապարակում, միայն հայտնում են, որ երեխաներից մեկը 15, մյուսը՝ 17 տարեկան են:
Հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել է երկու օր առաջ՝ մայիսի 21-ին, որից հետո երեխաներին տրվել է դատաբժշկի ուղեգիր, պաշտպան Շխիմյանի խոսքով՝ ֆիսքվել են երեխաների կողմից ստացված մարմնական վնասվածքները։
Մեկնաբանել