HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դուք Արցախի ինքնիշխան պետականության կառուցման առաջամարտիկներից եք»․ Արցախի ԱԺ նախագահի ուղերձը՝ լրագրողի օրվա կապակցությամբ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել լրագրողի մասնագիտական օրվա կապակցությամբ․

«Սիրելի´ լրագրողներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա կապակցությամբ:

Ամենայն համոզվածությամբ կարող ենք ասել, որ դուք Արցախի ինքնիշխան պետականության կառուցման ու կայացման գործի առաջամարտիկներից եք: Այս տարիների ընթացքում դուք յուրատեսակ կամուրջ էիք իշխանության ու հասարակության միջև: Միշտ բարձրաձայնել եք հասարակ մարդուն հուզող խնդիրների մասին, դարձել ուղեցույցը մեր անելիքների:

Լրագրողի մասնագիտությունը պահանջում է բանիմացություն, մարդկային շփումների հմտություններ, կոռեկտություն ու բարձր արհեստավարժություն: Այսօր, առավել քան երբևէ, լրագրողները պահանջված են տեղեկատվական դաշտի մարտահրավերներին դիմագրավելու համար:

Արցախի լրատվական դաշտի բանակն իր դերակատարություն է ունեցել Արցախյան երեք պատերազմներում՝ դառնալով մեր պատմության տարեգիրը, տարածելով ճշմարտությունը, իր ձեռքին որպես զենք ունենալով տեսախցիկն ու համակարգիչը:

Դուք, վտանգելով ձեր կյանքը, բարձր նշաձող եք սահմանել լրագրողի մասնագիտության համար, վեր եք գտնվել մարդկային թուլություններից՝ հայրենիքի շահը վեր դասելով անձնական հարմարվետությունից: Մեր խոնարհումը ազատամարտում իրենց կյանքը նվիրաբերած լրագրողներին:

Ուզում եմ, որ ձեզ գնահատված զգաք ու շարունակեք ճշմարտությունը աշխարհին հասցնելու բարձր առաքելությունը, դիմակայեք առկա մարտահրավերներին՝ ձեր նպաստը բերելով Արցախի կայունությանը, մեր ժողովրդի համերաշխությանն ու միասնությանը:

Ձեր ուժը ձեր գրչի զորությունն է, թող այն  բեղուն լինի, չընկրկի ժամանակավոր դժվարություններից, հավատարիմ մնա լրագրողական էթիկային ու չորրորդ իշխանություն լինելու պատասխանատվությանը:

Առողջ եղեք, ուշիմ ու բանիմաց, եռանդով լեցուն՝ նեցուկ եղեք ճնշվածին ու իր իրավունքներին տեր կանգնել չկարողացողին: Մենք հավատում ենք ձեզ»,- ասված է ուղերձում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter