HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օգնության սպասելով. Երանուհի Գևորգյանն առողջական խնդիրների պատճառով կորցրել է աշխատանքն ու կանգնած է դրսում հայտնվելու վտանգի առաջ

«Ես մուրացկանություն չեմ անում, փող չեմ հավաքում, չեմ խնդրում՝ ինձ պահեն, ես ուղղակի ուզում եմ իմ էրեխեքի մեծանալը տեսնեմ, իրենց տեր կանգնեմ»,- ասում է 39-ամյա Երանուհի Գևորգյանը։ Նրա որդին՝ Դավիթը, 15 տարեկան է, իսկ դուստրը՝ Ռիման, 18 տարեկան։

2021 թվականին Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում արված հետազոտության արդյունքում Երանուհու վահանաձև գեղձի ու կրծքագեղձի վրա հանգույցներ են հայտնաբերվել։ Բուժումը կիսատ է թողել բավարար միջոցներ չունենալու պատճառով։

Մինչ առողջական խնդիրների ի հայտ գալը, Երանուհին «Կիլիկիա» գործարանում հավաքարար էր աշխատում, սակայն գլխացավերի, ուշագնացությունների պատճառով ազատվել է աշխատանքից։

Երանուհին գոհ է գործատուներից, ասում է՝ երկու ամիս ժամանակ էին տվել բուժվելու ու աշխատանքի վերադառնալու համար, բայց քանի որ բուժումը չի ավարտել, չի վերադարձել աշխատանքի։

Երանուհի Գևորգյանը երկու զավակների հետ բնակվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Թաիրով փողոցի տներից մեկում՝ վարձով բնակարանում։ Արդեն 2-րդ ամիսն է՝ չի վճարել բնակարանի վարձը։ Տանտերը մինչև մայիսի 25-ը տունն ազատելու պայման է դրել։

Բնակարանի համար ամսական 80 000 դրամ էր վճարում։ Սակայն տանտերը որոշել է բարձրացնել վարձը՝ դարձնելով 120 000: Երանուհին չգիտի, թե ինչ է անելու։

Հիմա գումարով մաքրում է հարևանների, շրջապատում բնակվող մարդկանց տները, բայց այդ աշխատանքը մշտական չէ ու բավարարում է միայն սնունդ գնելուն։

Երանուհու դուստրը՝ Ռիման, սովորում է 12-րդ դասարանում։ 15-ամյա որդին ավտոմեխանիկի մասնագիտություն է սովորում։ Օրվա վերջում վարպետը 1000-1500 դրամով վարձատրում է Դավիթին։ 

Երանուհու ամուսինը՝ Հարություն Մկրտչյանը, մահացել է 2020 թվականին, դրանից մեկ տարի առաջ նրանք ամուսնալուծվել էին։ Ամուսնու հետ հաշտ չեն եղել։ Ասում է՝ ինքն ու երեխաները բազմիցս բռնության են ենթարկվել, Երանուհու մարմնին բռնությունը հաստատող բազմաթիվ սպիներ կան։ Ըստ Երանուհու՝ ամուսինը հոգեկան առողջության խնդիրներ ուներ, որոնք առաջացել էին Արցախյան առաջին պատերազմից հետո, հաշմանդամության առաջին կարգ ուներ ու թոշակ էր ստանում։ 2019-ին, 15 տարվա համատեղ կյանքից հետո, ամուսնալուծվել են։ Երանուհին դիմել է «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ։ Վերջիններս կացարան եւ սոցիալական աջակցություն են տրամադրել։ Երկու ամիս անց նրանք տեղափոխվել են վարձով ապրելու՝ Մալաթիա-Սեբաստիայում գտնվող մի տնակ, ապա՝ Թաիրով փողոցի այն տուն, որտեղ ապրում են հիմա։

Երանուհու նախկին ամուսինը մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին, սեպտեմբերի 28-ին զանգահարել է Երանուհուն, ասել, որ ռազմաճակատ է մեկնում ու ուզում է երեխաների հետ խոսել, երեխաները տանը չեն եղել։  Արցախում նրա առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են Հայաստան։ Դեկտեմբերի 15-ին սրտի կաթվածից Հարությունը մահացել է։

Կնոջ խոսքով՝ նախկին ամուսինը կապ չուներ հարազատների հետ։ Հարություն Մկրտչյանը հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Երանուհին ու Հարությունը ամուսնության պետական գրանցում չունեն, բայց Հարությունը զավակների հայրությունը ճանաչել է։

2019-ի ձմռանը, երբ ծայրահեղ ծանր ֆինանսական վիճակում են եղել, Երանուհին դիմել է տարբեր ծանոթների՝ օգնության ակնկալիքով։ Նրանցից մեկը Երանուհու տվյալները փոխանցել է ամերիկահայ մի բարերարի։

«Ձմեռ էր, ցուրտ, եկավ, ամերիկահայ բարերար էր, դե, փայտ էինք վառում, եկավ, վառարանի մոտ նստեց, տունը տաք էր, հյուր պիտի գար, հո չէի բերի ցուրտ տան մեջ նստացնեի, ասեց՝ էս ինչ հարմար պայմաններ են, էս ինչ տաք տուն է, տեսավ, որ ամեն ինչ կոկիկ է, մաքուր, ասեց՝ կներեք, բայց օգնել չեմ կարող, ավելի ծանր վիճակում գտնվողներ կան։ Նեղվել էի, ասում էի՝ փաստորեն, եթե կարիքի մեջ ես, տունն էլ, որտեղ ապրում ես, պիտի կեղտոտ ու ոչ կոկի՞կ լինի»,- ասում է Երանուհին։

Մեկ տարի առաջ էլ դիմել էր Նարեկ անունով մի լրագրողի (ազգանունը չի հիշում), վերջինս իր էջում հայտարարություն էր տեղադրել ընտանիքին օգնելու անհրաժեշտության մասին։ Դրանից հետո նրանց սնունդով ու գումարով օգնել էին։

«Արդեն չգիտեմ՝ ինչ անեմ, էնքան վատ եմ ինձ զգում, օգնություն ստանալու համար ում ասես, որ չեմ դիմել՝ Սոցիալական հարցերի նախարարություն, տարբեր հիմնադրամներ, անգամ պատգամավորների էջերի եմ գրում, համարյա ոչ մեկից արձագանք չեմ ստանում»,- ասում է Երանուհին։

Հիմա նրա առաջնային ցանկությունը բուժվելն է, որի համար, սակայն, միջոցներ չունի։

«Գիտե՞ք՝ ջահել կին եմ, 39-ս դեռ ամռանն է լրանալու, բայց կարծում են ավելի մեծ եմ, ուղղակի ուզում եմ առողջ լինել, երեխեքիս կողքին լինել, որ վատանում եմ, սկսում եմ խեղդվել, ամբողջ մարմնով դողալ, երեխեքս էլ վախենում են, գալիս կողքիս նստում, ես ինձ կորցնում եմ, չեմ իմանում՝ ինչ անեմ, չեմ ուզում էրեխեքս ամեն րոպե մտածեն, որ կարող է առանց ինձ մնան»,- ասում է Երանուհին։

Նա ցանկանում է աշխատել, բայց գործատուներն առողջական խնդիրների մասին իմանալուց հետո հրաժարվում են աշխատանքի վերցնել, քանի որ հաճախակի ուշագնացություններ, ճնշման տատանումներ, գլխացավեր է ունենում։ 

Մեկնաբանություններ (2)

Գոհար
Խնդրում եմ, Երանուհու կոնտակտները տրամադրեք
Վահագն
Հարգելի Հետք, խնդրում եմ իմ էլ. հասցեին ([email protected]) ուղարկեք Երանուհու կոնտակտները, անպայման պիտի օգնենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter