
Վաչե Մարգարյանը մերժել է դատավոր Դավիթ Հարությունյանի բողոքը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, մերժել է դատավոր Դավիթ Հարությունյանի բողոքն ընդդեմ իրեն առնչվող գործը քննող քննիչ Արման Երիցյանի և հսկող դատախազ Արամ Արամյանի անգործության: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի փաստաբան Միքայել Շխիմյանը:
Հիշեցնենք, որ դատավոր Հարությունյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվել, բայց հետագայում հաստատվել է, որ դրանք դատավարական օրենքի էական խախտմամբ են ձեռք բերվել: Նման պայմաններում ՕՀՄ արդյունքներն անթույլատրելի ապացույց են ճանաչվել:
Դատավոր Դավիթ Հարությունյանը նշել է, որ անթույլատրելի ճանաչված, իր անձի վերաբերյալ տվյալները պետք է գործից դուրս բերվեն, որ դրանք չեն կարող հասանելի դառնալ երրորդ անձանց: Դատավորը բողոքով պնդում էր, որ փաստորեն, վարույթն իրականացնող մարմինն ապօրինի տիրացել է իր հեռախոսային խոսակցությունների մասին տեղեկատվությանը, որոնք օգտագործվել չեն կարող՝ անկախ դրանց բովանդակությունից, ու դրանք շարունակվում են պահպանվել ԱԱԾ-ում:
Փաստաբան Շխիմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բողոքի քննությունը մայիսի 15-ին պետք է ավարտվեր, դրանից հետո ինքը բազմիցս փորձել է կապվել դատավոր Մարգարյանի աշխատակազմի հետ, չեն պատասխանել:
«Երեկ ինձ համար անակնկալ կերպով աշխատակազմից հայտնեցին, որ բողոքը մերժվել է: Որոշումը դեռևս չենք ստացել իրավական վերլուծությունների մասով ոչինչ չեմ կարող ասել, բայց դժվարանում եմ որևէ լեգիտիմ հիմք պատկերացնել, որով կարող էր բողոքը մերժվել»,- ասաց Միքայել Շխիմյանը: Փաստաբանը հիշեցրեց նաև, որ բողոքի քննության ժամանակ դատավոր Մարգարյանը սեփական նախաձեռնությամբ որոշել է անդրադառնալ այն դռնփակ քննելու հարցին, ու չնայած այն հանգամանքին, որ իրենք առարկել են գործի դռնփակ քննությանը՝ Վաչե Մարգարյանը որոշել է բողոքը դռնփակ քննել:
Փաստաբանը նշեց, որ Վաչե Մարգարյանի որոշումը ստանալուն պես այն բողոքարկելու են Վերադասության կարգով:
Մեկնաբանել