
Բողոքի ակցիաների հանգուցալուծումը տեսնում ենք բացառապես ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցներով․ ԱԽ քարտուղար
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական բոլոր հարցերում միշտ էլ ապավինել է հայ ժողովրդի կամքին: Նույնիսկ նոյեմբերի 9-ից հետո ստեղծած լուրջ ճգնաժամի ժամանակ նա ապավինել է միայն ժողովրդի կամքին, և ճգնաժամի լուծումը տեսել է ներքաղաքական ինստիտուցիոնալ կարողությունների շրջանակում»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ընդդիմության ցույցերի հետ կապված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաջնորդներից աջակցություն խնդրելու մասին լուրերը ԱԽ քարտուղարը կեղծ է համարել։
«Վարչապետի մասին կեղծ լուրերի տարափը վերջին շրջանում ահագնացել է նաև միջազգային մակարդակում, և բնականաբար, այդ լուրը ևս կեղծ է: Ցույցերի կազմակերպիչներն ավելի քան մեկ ամիս իրացնում են բողոքի ցույցեր անցկացնելու իրենց իրավունքը, իսկ օրենքի և օրինականության շրջանակներում դրանց անցկացման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը: Ակնհայտ է, իհարկե, որ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները չեն ստացել հանրության աջակցությունը: Բնականաբար, բողոքի ակցիաների հանգուցալուծումը մենք բացառապես տեսնում ենք Հայաստանի ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցներով»,- նշել է Արմեն Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարը լրագրողների հետ զրույցում նաև հայտնել է, որ ՀՀ վարչապետի հրամանագրով գործում է աշխատանքային խումբ, որը Հայաստանի ներսում համակարգում է կենսաանվտանգության ոլորտը։ Աշխատանքները համակարգում է ԱԽ քարտուղարը:
«Աշխատանքային խումբն ինտենսիվ աշխատում է մեր բոլոր միջազգային գործընկերների հետ: Աշխատանքային խմբի համակարգմամբ ժամանակին Ռուսաստանից մասնագետներ են այցելել Հայաստան, և նրանց կողմից բարձրացված բոլոր հարցերին հայկական կողմը տվել է սպառիչ պատասխաններ:
Հայաստանում բոլոր լաբորատորիաներում աշխատում են միայն ՀՀ քաղաքացիներ, այդ լաբորատորիաները գործում են ՀՀ օրենսդրության համաձայն և միտված են սպասարկելու միայն ՀՀ շահերը:
Բացի այդ, կենսանվտանգությանը վերաբերող հարցերը մշտապես եղել են ՀՀ և ՌԴ անվտանգության խորհրդի գրասենյակների համագործակցության օրակարգում: Մեր ռուս գործընկերների կողմից բարձրացվող բոլոր հարցերը մշտապես ստացել են սպառիչ պատասխաններ»,- եզրափակել է Գրիգորյանը։
Մեկնաբանել