
Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետի ուղին հարթված է. չե՞ք հավատում, Աշոտյանից հարցրեք
Եվ այսպես, հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների միջոցով ՀՀԿ-ն կարողացավ իրագործել իր գերնպատակը` Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետի համար հարթել Բաղրամյան 26-ի ճանապարհը: Հիմնական ծրագրահենքն արդեն գծված է, պայքարի ուղղությունը` ճշտորոշված: Եվս մեկ-երկու «վրձնահարված», եւ գալիք տարվա փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում ՀՀԿ կուսակցապետի հաղթարշավը, թերեւս, անկարելի կլինի կասեցնել: Եթե, իհարկե, արտասովոր ոչինչ տեղի չունենա:
Պարույր Սեւակը կասեր. «Լավ է լինել հմուտ դարբին, քան ոսկերիչ»: Նախընտրական շրջանում եւ բուն ընտրությունների օրը Հանրապետականի «հմուտ դարբինները» բավական նրբորեն դզեցին-դարբնեցին կուսակցության ակնկալած արդյունքը, դեռ մի բան էլ ավելի` համամասնականով 40 եւ մեծամասնականով 29 պատգամավորական մանդատ: Իսկ մայիսի 6-ից հետո այնպես աննկատ չեզոքացրին հնարավոր սրացումները, որ, ինչպես ասում են, «եւ գայլերը կուշտ մնացին, եւ ոչխարներն` անվնաս»: Կոալիցիոն սակարկումներ, ճիշտ է, կան, բայց դրանք ընդամենը սեթեւեթանքներ են, ոչ ավելին: Վերլուծաբանների մեծամասնությունը մնում է այն կարծիքին, որ նախորդ կոալիցիոն եռյակի` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի քաղաքական ամուսնությունն անխուսափելի է:
Դեռեւս ԱԺ ընտրությունների նախօրեին Հանրապետական կուսակցության ազդեցիկ շրջանակներն անթաքույց խոսում էին իրենց ստանալիք 67 մանդատների մասին: Դա այն նվազագույն շեմն է, որը հնարավորություն է ընձեռում խորհրդարանում ունենալու քաղաքական մեծամասնություն եւ գերազանցապես սեփական անդամներով ձեւավորելու նոր կառավարության կազմը: Այդ կուսակցության «ծանրքաշայիններից» Արմեն Աշոտյանը` ավելի հեռուն գնալով, մասնավորապես հայտարարում էր, որ ՀՀԿ-ն առնվազն մինչեւ 2017-18 թթ. կպահպանի իր գերիշխող դիրքը:
Այսինքն` ամեն ինչ, առավելեւս 2013 թ. ընտրությունների ելքը հօգուտ ՀՀԿ-ի, ըստ էության, հաշվարկված է եղել նախապես: Բացարձակ մեծամասնությունը ՀՀԿ-ին պետք էր հնարավոր բոլոր ռիսկերից իրեն ապահովագրելու համար: Բացի դրանից, ստեղծված իրավիճակում նախագահական երկրորդ ժամկետի բանալին, կարելի է ասել, այլեւս Սերժ Սարգսյանի գրպանում է: Թերեւս հենց դա նկատի ուներ Աշոտյանը, երբ ակնարկում էր 2017-18 թվականները: Եվ, չնայած դեռ վաղ է խոսել նախագահական ընտրությունների մասին, քանի որ գոնե թեկնածուների մասով սխալվելու հավանականությունը մեծ է, այնուամենայնիվ, ըստ որոշ կանխատեսումների` գլխավոր ինտրիգը ծավալվելու է երեք նախագահների միջեւ:
Նման դասավորվածության պարագայում Սերժ Սարգսյանի դիրքերն, անտարակույս, գերադասելի են, որովհետեւ վերջինս, ծառայողական ու կլանային բազում կապեր ունենալուց զատ, տիրապետում է վարչական եւ նյութական ահռելի միջոցների: Գումարած ընտրակեղծիքների` ոսկերչական բյուրեղության հասցված գործիքակազմը, որն ԱԺ անցած ընտրություններում կենսունակության հաջող քննություն բռնեց: Գումարած միջազգային հանրության ակնհայտ աջակցությունը եւ այլն: Իսկ ի՞նչ ունի իր զինանոցում Սարգսյանի ներունակ մրցակիցներից, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Առաջին նախագահի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը նախընտրական եւ հետընտրական վայրիվերումներից դուրս եկավ բավական թալկացած, քվեների խայտառակորեն աղքատիկ ավարով եւ այժմ լուրջ պառակտումների եզրին է: Թեկուզ տարօրինակ հնչի` ՀԱԿ-ում պարզ «մանդատակռիվ» է, Կոնգրեսից դուրս գալու առաջին հայտերն արդեն ներկայացված են, մի խոսքով` տիրող իրավիճակը որեւէ լավատեսություն չի ներշնչում եւ, հետեւաբար, 2008-10 թթ. համեմատ մինչեւ 8-10 անգամ նվազած կողմնակիցներով Տեր-Պետրոսյանը հազիվ թե կարողանա ուժեղ մրցակից լինել գործող նախագահի համար, դիմակայել սարգսյանական վարչակազմի նրբահյուս խորամանկություններին ու խարդավանքներին:
Ռոբերտ Քոչարյանի պարագան մի փոքր այլ է: Լինելով գրեթե նույն խմորից պատրաստված կամ, ավելի շուտ, նույն քուրայում թրծված` երկրորդ նախագահը դավեր նյութելու հարցում պակաս վարպետ չէ: Սակայն, քանի որ չունի մեծ իշխանություն, Քոչարյանի վիճակն ինչ-որ տեղ նման է անատամ այն մարդու վիճակին, ով ապարդյուն փորձում է համտեսել կիսահաս, կարծր խնձորը: Այդուհանդերձ` նա Սերժ Սարգսյանի համար շատ ավելի վտանգավոր ախոյան է, քան` Տեր-Պետրոսյանը: Եվ, միաժամանակ, Սարգսյանի հետ շատ ավելի հեշտ կարող է պայմանավորվել, քան` Տեր-Պետրոսյանը: Գաղտնիք չէ, որ երկրորդ եւ երրորդ նախագահներին ընդհանուր շատ բան է միավորում: Չափից դուրս շատ: Նրանք երբեք, ոչ մի պարագայում իրար ոտք չեն տրորի` որքան էլ լուրջ հակասություններ ունենան:
Վերջերս «Մեդիամաքսին» տված հարցազրույցում երկրորդ նախագահը բավական սուր քննադատության ենթարկեց մասնավորապես տնտեսության ոլորտում ներկայում վարվող քաղաքականությունը` պարզորոշ նշելով, որ իրական փոփոխությունների հասարակական պահանջի առկայության դեպքում պատրաստ է վերադառնալ մեծ քաղաքականություն: Նույն միտքը նա կրկնեց նաեւ մայիսի 6-ին` 7/03 ընտրատեղամասում քվեարկությունից հետո պատասխանելով ակտիվ քաղաքականություն վերադառնալու հնարավորության մասին լրագրողուհիներից մեկի հարցին: Լայն ժպտալով եւ կատակի տալով` Քոչարյանն իր հերթին հարցրեց. «Իսկ ուզո՞ւմ եք»: Հետաքրքիր է, որ մեր նախագահները պաշտոնաթողությունից հետո «ազգովի խնդրելու» ազդանշանի մասին են միայն երազում:
Նախագահական առաջիկա ընտրություններին իր մասնակցության մասին Քոչարյանը շարունակում է լռություն պահպանել, եւ դա հասկանալի է` խաղաթղթերը բացելու համար շատ վաղ է: Իսկ միգուցե մայիսի 9-ին Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ դեմառդեմ զրույցի ընթացքում բոլորովին ա՞յլ պայմանավորվածություն է ձեռք բերվել նրանց միջեւ: Ասենք` հաջորդ վարչապետի պաշտոնի շուրջ, որովհետեւ Սարգսյանը հազիվ թե հրաժարվի իր երկրորդ ժամկետի պատեհությունից: Մանավանդ որ ճանապարհը, կարծես թե, իսկապես հարթված է:
Իհարկե, «Նախագահական ընտրություններ-2013»-ին չի բացառվում նաեւ այլ թեկնածուների մասնակցությունը, մասնավորապես` Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի (կամ Գագիկ Ծառուկյանի), Դավիթ Հակոբյանի, ով այդ մասին մի քանի անգամ ակնարկել է, եւ էլի ուրիշների: Թե ում կժպտա Ֆորտունան` բախտի աստվածուհին, այս պահի դրությամբ ոչ ոք ասել չի կարող: Նույնիսկ ինքը` Ֆորտունան: Մի բան, սակայն, պարզ է` եթե նախագահի ընտրությունները լինեին, ասենք, առաջիկա կիրակի, ապա Սերժ Սարգսյանի հաղթանակը որեւէ կասկած չի հարուցում: Եվ դուք լավ գիտեք` ինչպես դա կարվի:
Բայց, փառք Աստծո, ընտրություններին ամբողջ ինն ամիս դեռ կա, եւ հաղթելու լուրջ մտադրություններ ունեցող թեկնածուներից պահանջվում է այդ ժամանակն ի սպաս դնել «անցողիկ» ծրագրերի ու գաղափարների ձեւավորման, հանրային տրամադրությունների, ընդվզումների փիլիսոփայության ընկալման հրամայականին: Այլապես «Նախագահական ընտրություններ-2013»-ը կավարտվի… առաջիկա կիրակի օրը:
Չե՞ք հավատում, հարցրեք ֆեյսբուքյան երկնակամարի ճաճանչափայլ աստղ Արմեն Աշոտյանից: Կամ, ծայրահեղ դեպքում, Էդուարդ Շարմազանովից:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել