
Սերգեյ Բագրատյանն առաջարկում է ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը դարձնել մեկ տարի
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հանձնաժողովի հերթական նիստում անդրադարձավ ընդդիմության բացակայություններին:
Օրակարգում ներառված էին մի շարք հարցեր, որոնց հեղինակներն ընդդիմադիրներն էին, նրանց բացակայության պատճառով նախագծերի քննարկումը հետաձգվեց երկու ամսով:
«Եթե որևէ հիմնարկի որևէ աշխատակից երկար ժամանակ առանց հարգելի պատճառի բացակայի, անմիջապես կենթարկվի պատասխանատվության: Տվյալ պարագայում կարծես թե թաքնվելով անձեռնմխելիության և որոշակի խորհրդարանական արտոնությունների հետևում, ունենք նման գործընթաց: Ասեմ ավելին՝ չի հայտարարվել նիստերի բոյկոտի կամ նստաշրջանի աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ, որ հասկանանք գործ ունենք ոչ թե «դասից փախնելու», այլ ինչ-որ քաղաքական դիրքորոշման հետ»,- ասաց Վարդանյանը:
Նշենք, որ ապրիլի 12-ի քառօրյայի մեկնարկին, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, տեղադրելով Արցախի դրոշները, հայտարարեցին, որ մեկնում են Արցախ: Այդ նիստից հետո նրանք խորհրդարան չեն եկել՝ իրականացնելով փողոցային պայքար:
Վարդանյանի խոսքով՝ ընդդիմության վարքագծին ըմբռնումով են մոտենում, բայց այն համատեղելի պետք է լինի և՛ իրավունքի գերակայության, և՛ իրավական պետության կոնցեպտի հետ:
Այնուհետև հանձնաժողովը քննարկեց ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ներկայացրած ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Պատգամավորն առաջարկում է ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնել:
Գործող օրենքով այն վեց ամիս է, սակայն հնարավորություն կա ևս վեց ամսով երկարաձգելու: Հիմնական զեկուցողն իր խոսքում հիշեցրեց նախորդ գումարումների խորհրդարանների գործունեության ժամանակ ձևավորված քննիչ հանձնաժողովների մասին՝ նշելով, որ որևէ հանձնաժողով վեց ամսում չի ավարտել իր աշխատանքը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ բոլորն էլ փաստում են, որ քննիչ հանձնաժողովները վեց ամսում չեն հասցնում ավարտել աշխատանքները, սակայն չկա որևէ վերլուծություն դրա պատճառների վերաբերյալ: Նրա խոսքով՝ մի խնդիրն այն է, որ ոչ պաշտոնատար անձինք կամ մասնավոր սեկտորի աշխատակիցները երբեմն հրաժարվում են մասնակցել քննիչ հանձնաժողովների աշխատանքներին: Նա հարց հնչեցրեց, թե արդյոք պաշտոնատար անձը պետք է գա հանձնաժողովի նիստերին և եթե չի գալիս պե՞տք է արդյոք բերման ենթարկելու ընթացակարգ քննարկել:
Նախագիծը հնարավորություն է տալու քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնել մեկ տարով:
Նախագիծը դրվեց քվեարկության՝ ստանալով հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Մեկնաբանել