
Դատավոր Գևորգ Նարինյանին պարզ չէ մեղադրանքի էությունը. դատախազն ընթերցեց եզրակացությունները
«Ինչո՞ւ է տուժող Սիմոն Աղեկյանը մինչև այժմ ապրում այն բնակարանում, որն, իբրև ինձ է պատկանում»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանում իր գործի քննության ընթացքում երեկ հայտարարեց Սնանկության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Գևորգ Նարինյանն, ով, ի թիվս այլ արարքների, մեղադրվում է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելուն դրդելու մեջ: Ըստ Նարինյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի՝ Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի վարույթում քննվող սնանկության գործի շրջանակներում Նարինյանի դրդմամբ հրապարակային սակարկությունների անցկացման կարգ է խախտվել, որի հետևանքով քաղաքացի Սիմոն Աղեկյանի՝ Վարդանանց փողոցում գտնվող բնակարանը օտարվել է անհամարժեք փոխհատուցմամբ, Աղեկյանը զրկվել է ապրուստի միակ միջոցից ու դարձել անօթևան:
Այժմ, փաստորեն, Նարինյանը հարցնում է՝ ըստ գործի անօթևան դարձած Սիմոն Աղեկյանն ինչո՞ւ է ապրում այդ բնակարանում:
«Եթե բնակարանն ինձ չի պատկանում, ապա պատկանում է Տիգրան Մարտիրոսյանին, այսինքն` կրկին Աղեկյանին չի պատկանում»,- դիտարկեց Գևորգ Նարինյանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ, ըստ մեղադրանքի՝ սնանկ ճանաչված Սիմոն Աղեկյանի բնակարանի իրական սեփականատերը Գևորգ Նարինյանն է՝ չնայած դրա աճուրդի ձևական գնորդը Տիգրան Մարտիրոսյանն է:
Դատախազ Արամ Արամյանն այս հարցադրմանը չպատասխանեց, բայց երեկվա նիստի ընթացքում ընթերցեց Նարինյանի, Արա Կուբանյանի, սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի և Նարինյանի մորեղբոր որդու՝ Տիգրան Մարտիրոսյանի գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Ըստ այդմ՝ մտերիմ հարաբերություններ ունենալով Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի և զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված իրենից որոշակի կախվածության մեջ գտնվող սնանկության գործերով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի հետ` վերջիններիցս տեղեկացել է 2015 թվականի քաղաքացիական գործերից մեկով ԱՁ Սիմոն Աղեկյանին սնանկ ճանաչելու և սնանկության վարույթի շրջանակներում՝ վերջինիս և նրա ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքի իրացման գործընթացի մասին:
Նշված անշարժ գույքը Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող Աղեկյանին պատկանող բնակարանն է: Ըստ մեղադրանքի՝ բնակարանը հնարավորին էժան գնով ձեռք բերելու նպատակով, խնդրելու և համոզելու եղանակով Նարինյանը դրդել է ԱՁ Սիմոն Աղեկյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանին խախտել հրապարակային սակարկությունների անցկացման կարգը և խոչընդոտել հրապարակային սակարկությունների միջոցով նշված բնակարանի իրացման բնականոն գործընթացին, ինչն իրագործելու նպատակով 2018-2019թթ. ընթացքում Աշոտ Խաչատրյանն ապակողմնորոշել է անշարժ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված տարբեր անձանց՝ հայտնելով, որ գույքը ձեռք է բերվելու համասեփականատերերի կողմից, հնարավոր գնորդներին զերծ է պահել օրինական կարգով աճուրդներին մասնակցելուց՝ այդ կերպ ապահովելով աճուրդների չկայանալը և դրանով պայմանավորված բնակարանի իրացման աճուրդի մեկնարկային գնի արհեստական նվազումը՝ 26 մլն 400 հազ․ դրամից այն հասցնելով 12 մլն 382 հազ․ դրամի, ինչի հետևանքով գույքի սեփականատիրոջը պատճառվել է խոշոր վնաս: Հետո Նարինյանի մորաքրոջ որդին՝ այս գործով ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանը, մասնակցել է աճուրդին ու ձեռք բերել բնակարանը:
Այս գործը գտնվել է Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի վարույթում, վերջինս, ըստ մեղադրանքի, տեղեկացված լինելով վերը նկարագրված գործընթացների մասին, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելով, որևէ միջոց չի ձեռնարկել՝ Աշոտ Խաչատրյանի հանցավոր գործողությունները խափանելու և դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ: Ավելին, նշված բնակարանում առկա գույքը հարկադրաբար հանելու նպատակով Կուբանյանն, ըստ մեղադրանքի, Աշոտ Խաչատրյանին հանձնարարել է Տիգրան Մարտիրոսյանի կողմից հետին ամսաթվով դիմում ստանալ, ինչն արվել է: Նշված գործողությունների կատարման արդյունքում, ըստ գործի՝ կայացվել է դատական ակտ, տրվել է կատարողական թերթ՝ աճուրդի դրված և վաճառված անշարժ գույք հանդիսացող բնակարանում գտնվող կենցաղային իրերը (շարժական գույքը) Ս. Աղեկյանին դուրս բերելուն պարտավորեցնելու վերաբերյալ:
Սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանը մեղադրվում է վերը նշված գործողությունների, ինչպես նաև հրապարակային սակարկությունների կարգը խախտելու մեջ:
Տիգրան Մարտիրոսյանն, ըստ մեղադրանքի, ձևականորեն հանդիսանալով մորաքրոջ որդու՝ Գևորգ Նարինյանի կողմից սնանկության վարույթի ընթացքում աճուրդով գնված Երևան քաղաքի՝ արդեն վերը նշված բնակարանի սեփականատերը, օժանդակել է դատավոր Արա Կուբանյանին վերջինիս կողմից դատական ակտ կայացնելու հարցում:
Այս գործից զատ, Գևորգ Նարինյանը մեղադրվում է նաև իր գույքն ավելացնելու և այդ մասին հայտարարագրում թաքցնելու, փողերի լվացման մեջ: Մասնավորապես՝ ըստ գործի՝ 2017-2020 թթ. ընթացքում Նարինյանը 100 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 47 մլն 581 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, թաքցրել, ապա Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի հետ կազմել 2020 հունիսի 4 -ի թվագրմամբ 100 հազար ԱՄՆ դոլար փոխառություն տրամադրելու վերաբերյալ ձեւական պայմանագիր։ Հիշյալ գումարը մուտք է եղել Անի Հարությունյանի բանկային հաշվեհամարին, որից հետո փոխանցվել է Նարինյանի՝ մեկ այլ բանկում գործող հաշվեհամարին, եւ վերջնարդյունքում դրանց հաղորդվել է օրինական տեսք։
Մեղադրական եզրակացությունների հրապարակումից հետո դատարանը հարցրեց՝ ամբաստանյալներին պա՞րզ է առաջադրված մեղադրանքը, ընդունո՞ւմ են, թե՞ ոչ:
Գևորգ Նարինյանն ասաց, որ մեղադրանքն իրեն անհասկանալի է և ժամանակ խնդրեց՝ մեղադրանքի էության պարզաբանման համար դատախազին հարցեր տալուն նախապատրաստվելու: Դատավոր Ջոն Հայրապետյւանը դիտարկեց, որ Քրեական դատավարության օրենսգիրքը մեղադրանքի պարզաբանման պարտականություն դատախազի վրա չի դրել, ապա նկատեց, որ պաշտպանական կողմը բավարար ժամանակ է ունեցել մեղադրական եզրակացությունը ծանոթանալու և հարցեր պատրաստելու համար:
Նարինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դիրքորոշում հայտնեց, որ թեև Քրեական դատավարության օրենսգիրքը մեղադրանքի պարզաբանումը դատարանի վրա է դնում, սակայն իրենք համոզված են, որ մեղադրանքի պարզաբանմամբ՝ դատարանը մեղադրողի դեր կստանձնի, դատախազն է մեղադրանքի տերը, և նա պետք է պարզաբանի, իրենք հարցեր կտան, և թող դատախազը չպաշտպանի իր բերած մեղադրանքը:
Դատավոր Ջոն Հայրապետյանը նշեց, որ եթե խոսքն այն մասին է, որ մեղադրանքն անորոշ է, ապա անորոշ մեղադրանքը հանգեցնում է արդարացման դատական ակտի, բայց դատարանը այս փուլում մեղադրանքի անորոշությունը չի ստուգում. մեղադրանքի՝ անորոշ լինելը և պարզ չլինելը տարբեր հասկացություններ են:
«Եթե ինձ պարզ չէ մեղադրանքի էությունը, ես չեմ կարող բարձրաձայնել իմ մեղավորության կամ անմեղության մասին»,- ասաց Նարինյանը։
Դատավորը հարցրեց՝ այդ դեպքում ինչպե՞ս է նախաքննության ընթացքում Նարինյանը հայտնել, որ իրեն մեղավոր չի ճանաչում, ինչին պատասխանեց պաշտպան Լուսինե Սահակյանը:
«Այն ժամանակ նշել է, որ առհասարակ հանցագործություն չի կատարել»,- ասաց Սահակյանը:
Ի վերջո Նարինյանը մնաց իր դիրքորոշմանը, դատարանն արձանագրեց, որ նա հրաժարվեց հայտնել՝ իրեն մեղավոր ճանաչում է, թե ոչ:
Արա Կուբանյանը հայտնեց, որ մեղադրանքը չի ընդունում, որ այդտեղ մեղադրանք չկա, իրավաբանական որակումն էլ սխալ է:
Պաշտպաններից Հովսեփ Սարգսյանն ասաց, որ հինգ նախադասությամբ մեղադրական եզրակացությունից իրենց համար այդպես էլ պարզ չի դառնում՝ ի՞նչ պետք է աներ Կուբանյանը, որ չի արել կամ ի՞նչ պետք է չաներ, որ արել է:
Պաշտպան Կրոմվել Գրիգորյանը նշեց, որ գլխավոր դատախազը մեղադրանքի մեջ իրեն թույլ է տվել օգտագործել «կեղծ տեղեկություններ պարունակող դատական ակտ» արտահայտությունը մի դատական ակտի մասին, որն օրինական ուժի մեջ մտած է եղել: Ինչպես վերևում նշել ենք, ըստ մեղադրանքի՝ սնանկ ճանաչված քաղաքացու բնակարանում առկա գույքը հարկադրաբար հանելու նպատակով Կուբանյանն, ըստ մեղադրանքի, Աշոտ Խաչատրյանին հանձնարարել է Տիգրան Մարտիրոսյանի կողմից հետին ամսաթվով դիմում ստանալ, ինչն արվել է: Նշված գործողությունների կատարման արդյունքում, ըստ գործի՝ կայացվել է դատական ակտ, տրվել է կատարողական թերթ՝ աճուրդի դրված և վաճառված անշարժ գույք հանդիսացող բնակարանում գտնվող կենցաղային իրերը (շարժական գույքը) Ս. Աղեկյանին դուրս բերելուն պարտավորեցնելու վերաբերյալ: Խոսքը այս դատական ակտի մասին է:
Ամբաստանյալ Աշոտ Խաչատրյանին նույնպես մեղադրանքը պարզ չէ, սակայն դատարանի հարցին ի պատասխան ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
Վերջինիս պաշտպան Գուրգեն Գրիգորյանը դիտարկեց, որ Խաչատրյանի մեղադրանքում նշված չէ, թե վերջինս, հրապարակային սակարկության կարգը խախտելով, ում է խաբել, ում է վախեցրել, ովքեր են եղել հնարավոր գնորդները, որոնց, ըստ մեղադրանքի, Խաչատրյանը զերծ է պահել օրինական կարգով աճուրդին մասնացկելուց:
Պաշտպանը նաև հարց բարձրացրեց, թե ի՞նչ կախվածության մեջ է գտնվել սնանկության կառավարիչ Խաչատրյանը Գևորգ Նարինյանից:
«Եթե չեմ սխալվում, ՀՀ-ում 244 դատավոր կա, հիմա պիտի համարենք, որ ինչքան սնանկության կառավարիչ կա, բոլորը կախվածության մե՞ջ են այդ 244 դատավորներից»,- հարցրեց Գրիգորյանը:
Խաչատրյանի մյուս պաշտպան Խաչատուր Ղանդիլյանն էլ ընդգծեց, որ ըստ մեղադրանքի աճուրդի մեկնարկային գինը ձևականորեն նվազեցվել է: Պաշտպանը նշեց, որ օրենքով ընդհուպ 3 մլն-ի չափով կարող էր նվազեցվել աճուրդի գինը:
Ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանը մեղադրականի վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց, ասաց, որ առաջին անգամ է տեսնում դատավոր Արա Կուբանյանին:
Որոշվեց նաև ապացույցների հաջորդականությունը, ըստ այդմ՝ նախ գործում առկա գրավոր ապացույցները կհետազոտվեն, ապա՝ իրեղենները, որից հետո կհարցաքննվեն տուժողը, վկաները, վերջում, ցանկության դեպքում, ամբաստանյալները: Նիստը հետաձգվեց, հաջորդը նշանակվեց հունիսի 24-ին:
Լուսանկարում՝ դատախազ Արամ Արամյանը
Մեկնաբանել