
Շուշիի շրջանի Քարինտակ գյուղն աշնանը կունենա խմելու ջրի նոր համակարգ
Շուշիի շրջանի շուրջ 660 բնակիչ ունեցող Քարինտակ համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը կառուցում է խմելու ջրի համակարգ, որն արդեն աշնանը գյուղի 194 տնտեսություններին կապահովի ջրով:
Գյուղի ջրամատակարարման ներկայիս համակարգը չի գործում և օգտագործվում է միայն ոռոգման նպատակով: Խմելու ջուրը բնակիչները կրում են գյուղի 2 աղբյուրից:
Կառուցվում են 3.8 կմ երկարությամբ ջրատար, 4.5 կմ երկարությամբ ներքին ցանց, 100 խմ տարողությամբ 2 ջրամբար, ջրընդունիչ կայան, տեխնիկական մաքրման համակարգեր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ Քարինտակում ջրի համակարգի կառուցման հովանավորներն են հիմնադրամի Հունաստանի, Կիպրոսի, Ուրուգվայի, Արգենտինայի, Բրազիլիայի տեղական մարմինները և ՀՕՄ-ը:
Գյուղի այցելուներին այստեղ գրավում են 17-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին և «Մամռոտ քարեր» քարանձավը, որի ջրավազանները, տեղացիների խոսքով, ունեն բուժիչ հատկություն:
Մեկնաբանել