
Հարուցվել է քրեական գործ՝ վարչապետի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու և խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ. ՔԿ
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ քաղաքացու կողմից վարչապետի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու և խուլիգանություն կատարելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 06:30-ին, Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում քաղաքացին, վարչապետի հանրային գործունեությամբ պայմանավորված, նրա հասցեին հայհոյանքներ է հնչեցրել։
Այնուհետև, Ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 06:48-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը վնասել է Երևան քաղաքում գործող սրճարանի պատուհանի ապակիները, ալյումինե հատվածները և գովազդային պաստառները։
Պարզվել է, որ նշված ենթադրյալ հանցագործությունները կատարվել են միևնույն անձի կողմից, և հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 258-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործությունները կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել