HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

ՏԻՄ ընտրություններից մեկ տարի չանցած՝ Վարդենիսում կրկին ընտրություն կանցկացվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵ) հանրային քննարկման է ներկայացրել համայնքների խոշորացման հերթական նախագիծը: Նախորդ տարիներին փնջային տարբերակով միավորված 13 համայնքներ, որոնց կազմում ընդհանուր 141 բնակավայր էր ընդգրկված, կրկին կխոշորացվեն և միավորման արդյունքում կձևավորվի 5 համայնք:

ՏԿԵ նախարարությունը նախագծի հիմնավորումների մեջ նշում է, որ «հանրային քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին»: Իսկ եթե ավելի անկեղծ՝ 2018-21թթ.-ին կիրառված համայնքները միավորելու խառը՝ փնջային և շրջանային տարբերակների հետևանքով խիստ անհամաչափ համայնքներ են ձևավորվել: Այն հնարավորություն չի տալիս անցնելու բարեփոխումների երկրորդ փուլին՝ ապակենտրոնացմանը, որի նպատակը կենտրոնացած որոշ ծառայություններ համայնքներին փոխանցելն է: Խոշորացման երկրորդ փուլով նախարարությունը վերականգնում է խորհրդային տարիների շրջաններն՝ իրենց վարչական տարածքներով:

Նախարարությունը պատճառաբանում է, որ ներկայացված 5 ծրագրերը չեն իրականացվել 2021թ.-ին, քանի որ այդ համայնքներում ՏԻՄ-երի մեծամասնության լիազորությունների ժամկետն ավարտվելու է 2022թ. նոյեմբերին: «Կառավարության մոտեցումն այն էր, որ միավորված համայնքների ՏԻՄ-երի լիազորությունների 5-ամյա ցիկլը նպատակահարմար չէ ընդհատել»,- ասվում է նախագծում: Այդուհանդերձ, որոշ համայնքներում ընտրված տեղական իշխանությունների լիազորությունները, ներկայացված նախագծի հիմքով, ընդհատվելու են դեռևս չսկսված, ինչպես Վարդենիս համայնքինը, որի մասին նախարարությունն այս պահին լռում է:

Ներկայացված նախագծով վերաձևումներ են լինելու Գեղարքունիքի մարզում. Ճամբարակի շրջանը կվերականգնվի՝ Շողակաթ համայնքում միավորված 5 գյուղերը Ճամբարակի հետ միավորելով: 2017թ.-ին փնջային տարբերակով խոշորացված Շողակաթի համայնքում ընդգրկվեց 6 գյուղ, որից 5-ը Ճամբարակի վարչատարածքում գտնվող գյուղեր էին, մեկը՝ նախկին Վարդենիսի շրջանի  մեջ մտնող Ծափաթաղ գյուղն է: Խոշորացվող Ճամբարակ համայնքի նախագծից Ծափաթաղը դուրս է թողնվել, բայց չի ասվում, թե այդ գյուղի հետ ինչ են պատրաստվում անել: 

Տրամաբանորեն այն պետք է միավորվի Վարդենիս համայնքի հետ, որն անցած տարի կրկին խոշորացվեց՝ նրա հետ միավորեցին Գեղամասար համայնքը: 2021թ. դեկտեմբերի 5-ին այս համայնքում տեղական ինքնակառավարման   ընտրություններ տեղի ունեցան, սակայն նոր ձևավորված համայնքում մի քանի ամիս էր տեղական իշխանություն չէր հաստատվում: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չհաջողվեց ընտրության արդյունքներով ձայների մեծամասնություն ապահովել և իր կուսակցությունից համայնքի ղեկավար ընտրել:

Ավագանու նիստերը ձախողելու համար գործի դրվեցին խարդավանքի զանազան միջոցներ՝ ոստիկանությունը ավագանու անդամներին թույլ չէր տալիս մուտք գործել համայնքապետարան, ընդդիմության թեկնածուն ձերբակալվեց, հետո համայնքի ղեկավարի ընտրությունը բողոքարկվեց դատարանում և այլն: Ի վերջո, արդյունքի չհասնելով՝ իշխանությունն առերևույթ հաշտվեց կատարվածի հետ: Այս տարվա մարտի 19-ին համայնքի ղեկավարն ստանձնեց իր պարտավորությունները:

Մեկ տարի չանցած ՏԿԵ նախարարությունը նոր ընտրություն է նախապատրաստում Վարդենիս համայնքի համար, որի առիթը Ծափաթաղ համայնքը Վարդենիսի հետ միավորելն է լինելու: Վարդենիս համայնքը կրկին պետք է անցնի ընտրական փորձությունների միջով:    

2021թ. դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո իշխանությունն ամեն ինչ անում է համայնքներում կառավարումն ապակայունացնելու և տեղական իշխանությունը յուրայիններով համալրելու համար, բայց բոլոր տեղերում չէ, որ դա նրանց հաջողվում է: Օրինակներից մեկը Թալին համայնքն է, որտեղ պարտադրանքով համայնքի ղեկավար ընտրեցին, բայց ավագանին հրաժարվեց նրան օրինական լիազորություններ շնորհել: Մինչ օրս ավագանու նիստ տեղի չի ունեցել, ավագանու անդամները հրաժարվում են նիստերին մասնակցելուց: 

Թալինում հարկադրված են նոր ընտրություն անցկացնել ավագանի ընտրելու համար, քանի որ այս համայնքում փաստացի տեղական իշխանություն չձևավորվեց: Եղածին գումարվել է ևս մեկ պատճառ՝ ներկայացված նախագծով Արագածավան համայնքը, որում ներառված է 4 բնակավայր, միավորվելու է Թալինի հետ և այդպես վերականգնվելու է նախկին Թալինի շրջանը: 

Մեր տեղեկություններով՝ Արագածավանում կտրուկ դեմ են արտահայտվել այս միավորմանը: Չի բացառվում, որ այստեղ կկրկնվի Սևան համայնքի հետ կատարվածը, երբ Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները դեմ լինելով Սևան համայնքի հետ միավորվելուն՝ իրենց բողոքն արտահայտեցին ընտրություններին չմասնակցելով  և մինչ օրս այս թնջուկը լուծված չէ:

Սիսիան համայնքի հետ կմիավորվեն նախկին Սիսիանի շրջանի 4 գյուղերը՝ Գորայք,  Սպանդարյան, Սառնակունք, Ծղուկ, որոնք 2016թ.-ի սեպտեմբերին փնջային տարբերակով միավորվեցին և ստեղծվեց Գորայք համայնքը: Գորայքը բնակչության թվաքանակով հանրապետության 75 համայնքներից ամենափոքրն է՝ ընդամենը 1837 բնակիչ ունի, բայց եզակի համայնք է, որի սեփական եկամուտները գերազանցում են դոտացիան: 

Ներկայումս ամենամեծ թվով համայնքներ ունի Լոռու մարզը՝ 16 համայնք, որոնք նախորդ տարիներին միավորվել էին փնջային տարբերակով՝ երեք և ավելի գյուղեր միավորելով ձևավորել էին համայնքներ: Դրանց թիվը նկատելիորեն կկրճատվի՝ Ալավերդի համայնքում կմիավորվեն արդեն իսկ մեկ անգամ խոշորացված Օձուն, Շնող և Ախթալա համայնքները:

Ներկայացված նախագծով Լոռու մարզի Տաշիր համայնքի հետ կմիավորվեն Մեծավանը՝ 4 գյուղով և Սարչապետը՝ 8 գյուղերով: Կձավորվի 28 բնակավայր ունեցող համայնք՝ Տաշիր համայնքային կենտրոնով:

ՏԻՄ ընտրությունների օրը դեռևս չի հայտարարվել, բայց ամենայն հավանականությամբ այն տեղի կունենա մինչև տարեվերջ:

Լուսանկարը՝ Վարդենիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter