
Աղվան Հովսեփյանը կալանավորված կմնա
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը քիչ առաջ որոշեց անփոփոխ թողնել Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը:
Հիշեցնենք, որ դատարանը երկու օր քննում էր Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավոր լինել-չլինելու հարցը: Դատախազները նիստի ընթացքում դիրքորոշում են հայտնել, որ Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պետք է մնա անփոփոխ, իսկ պաշտպանական կողմը դիրքորոշում է հայտնել, որ կալանավորման հիմք առկա չէ ու միջնորդել Հովսեփյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի համարել: Հովսեփյանի կալանքի հիմքում դրվել է նրա կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը:
Հովսեփյանի պաշտպաններից Արթուր Ղամբարյանը դատական նիստի ընթացքում դիրքորոշում է հայտնել, որ Հովսեփյանի նկատմամբ հետապնդումը, նրան կալանավորելը պայմանավորված է երկու թույլ, թունավորված անձի վրեժխնդրությամբ, որոնցից մեկը նստած է ՀՔԾ-ում, մյուսը՝ ԲԴԽ-ում: Ենթադրվում է, որ խոսքը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասին է:
Աղվան Հովսեփյանն իր խոսքում նշել է, որ ժամանակին, երբ Սասուն Խաչատրյանին դատախազությունում աշխատանքից ազատել են, վերջինս ցանկացել է Քննչական կոմիտեում աշխատանքի անցնել, սակայն ինքը նրան աշխատանքի չի ընդունել:
«Ինչո՞ւ ես հանրությունից թաքցնում, որ Հովսեփյանը քեզ աշխատանքի չի ընդունել, դրա համար էլ դու լարված հարաբերություններ ունես Հովսեփյանի հետ»,- հայտարարել էԱղվան Հովսեփյանը։
Դատական նիստերի ընթացքում պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն էլ հայտարարել է, որ 2008 թվականի Մարտի իրադարձությունների ժամանակ ԲԴԽ ներկայիս նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը եղել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տեղակալը: Հիշեցնենք, որ Ջհանգիրյանը 2008-ի մարտի իրադարձությունների ժամանակ եղել է գլխավոր դատախազի տեղակալը, նա անցել է ընդդիմության կողմը, հրապարակում ելույթ ունեցել: Այս իրադարձություններից հետո Ջհանգիրյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել:
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանն, ըստ մեղադրանքի՝ 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:
Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր:
Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ նույն ժամանակաշրջանում Աղվան Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված եւս երկու ընկերության կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը: Մասնավորապես` նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» եւ «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող եւ իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր հէկերի կառուցման եւ շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ: Հովսեփյանին վերագրվում է նաեւ այլ ենթադրյալ հանցավոր արարքների կատարում:
Աղվան Հովսեփյանը մեղադրանքը չի ընդունում:
Մեկնաբանել