
Դատարանը քննում է Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի հիմնավորվածության հարցը
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը բերվել է դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր քննում է Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածության հարցը:
Հիշեցնենք, որ ապրիլ ամսին ավարտվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, փողերի լվացման և այլ ենթադրյալ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որով Հովսեփյանը մեղադրյալ է:
Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդել է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:
Կոմիտեի փոխանցմամբ՝ 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն ժամանակաշրջանում Աղվան Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված ևս երկու ընկերության կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը: Մասնավորապես` նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» և «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող և իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր հէկերի կառուցման և շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ:
Հովսեփյանին վերագրվում է նաև այլ ենթադրյալ հանցավոր արարքների կատարում: Նա մեղադրանքը չի ընդունում:
Նրա պաշտպանները պնդում են, որ Հովսեփյանն ակնհայտ ապօրինի պահվում է կալանքի տակ:
Հովսեփյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանն այս պահին դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում: Մանրամասներն` ավելու ուշ:
Մեկնաբանել