
Հովիկ Աղազարյան. «Ես սա համարում եմ դասակարգային պայքար, ոչ թե պայքար Արցախի համար»
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նորմալ է վերաբերվում ընդդիմության իրականացրած անհնազանդության ակցիաներին` ասելով, որ թե´ քաղաքական ուժերը, թե՛ քաղաքացիներն իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում:
Նման տեսակետ հայտնեց պատգամավորը մեզ հետ զրույցում: Սակայն Աղազարյանի համար կարևոր է, որ ակցիաներն իրականացվեն օրենքների շրջանակում` չխոչընդոտելով այլոց իրավունքները:
«Էդ ամեն ինչը պետք է արվի օրենքների և սահմանադրության շրջանակում, սա իրավական իմաստով, իսկ քաղաքական իմաստով ես սա համարում եմ դասակարգային պայքար, և ոչ թե պայքար Արցախի համար: Պայքարը մի կողմից էն անհատների, էն մարդկանց միջև է, ովքեր սովոր են ուրիշի հաշվին ապրեն, գողանալով, թալանելով հարստանալ, այ էդ դասակարգը ելել է պայքարի հասարակ ժողովրդի, իրենց ապրուստն օրենքի սահմաններում վաստակողների դեմ»,- ասաց նա:
Ըստ Աղազարյանի` ընդդիմության պայքարի նպատակն է փորձել իշխանությունը վերադարձնել` «տարիների ընթացքում ապօրինի ճանապարհով ձեռք բերված հարստությունն ապահովելու համար»:
Պատգամավորը, սակայն հավելում է` ցուցարարների շարքում անկասկած կան մարդիկ, որոնք դուրս են գալիս փողոց անկեղծ մղումներով, վերջիններիս Աղազարյանը կոչ է անում դուրս գալ փողոց միայն սեփական գաղափարական հենքի վրա` զերծ մնալով ընդդիմության ուղղորդումներից:
«Իրենք ուրիշ տարբերակ չունեն իշխանության գալու, քան Մարտի մեկ, Հոկտեմբեր 27 հիբրիդային տարբերակն իրացնելն է»,- ասում է Աղազարյանը:
Պատգամավորի կարծիքով` քաղաքացիները կարող են իշխանություններից դժգոհել, այդ հարցում խնդիր չի տեսնում, խնդիր տեսնում է, երբ «պետական փողերով տենդերները շահած հիմնարկությունների բետոնակիրները փակում են ճանապարհը»:
«Ես այդտեղ խնդիր ունեմ և´ բարոյական, և´ իրավական իմաստով»,- ասաց նա:
Հովիկ Աղազարյանը վստահեցնում է` Նիկոլ Փաշինյանը և իշխանությունները բացարձակ տիրապետում են իրավիճակին, իսկ ընդդիմությունն, ըստ նրա, մարդկանց մոտ փորձում է դեժավյու առաջացնել` կրկնելով 2018-ի իշխանափոխության ժամանակ եղած գործիքները:
«Իշխան Սաղաթելյանն ինչ է ասում` կգանք ու թալանածը հետ կբերենք: Էն ժամանակ մենք էինք ասում` Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին, հիմա իրենք են ասում` Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում, մնում է` մի հատ էլ լոզունգով հանդես գան, որ կգան ու մեզ կպատժեն նրա համար, որ իրենց չենք պատժել»,- եզրափակեց նա:
Մեկնաբանել