HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արմավիրի մարզի Բաղրամյան և Խոյ համայնքների ղեկավարները ֆեյսբուքյան կառավարում են իրականացնում

Արմավիրի մարզի Բաղրամյան և Խոյ համայնքներում 2021թ. դեկտեմբերի 5-ին ավագանի են ընտրել, ընտրվածների կապն ընտրողների հետ այդ օրից ավարտվել է: Ընտրություններից անցել է 6 ամիս, բայց մինչ օրս նշված համայնքների պաշտոնական կայքերում ավագանու ոչ մի որոշում չի հրապարակվել: ՏԻՄ ընտրություններից առաջ այս համայնքները խոշորացվեցին, Բաղրամյան համայնքում միավորվեց 14 բնակավայր՝ 19 258 բնակչով, Խոյ համայնքում միավորվեց 17 բնակավայր՝  32 775 բնակչով: 

Համամասնական կարգով տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններին Բաղրամյան համայնքում մասնակցել է երեք քաղաքական ուժ՝ «Արդար Հայաստան» կուսակցությունը, «Մեր Բաղրամյանը» կուսակցությունների դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Իշխող «ՔՊ» կուսակցությունը մեկ ձայնի առավելություն է ունեցել, և համայնքի ղեկավարն ընտրվել է այս ցուցակից:

ՏԻՄ օրենքի համաձայն՝ ավագանու առաջին իսկ նիստերում կուսակցություններն ու դաշինքները պետք է ձևավորեին ֆրակցիաներ և հաստատեին ավագանու մշտական հանձնաժողովների կազմը: Հաստատեին համայնքի տարեկան բյուջեն, ընդունեին բազմաթիվ այլ որոշումներ, առանց որոնց անհնար է տեղական իշխանության օրինական գործունեությունը: Քանի որ ոչ մի տեղ չի հրապարակվել, որ այս համայնքներում ավագանին հրաժարվել է մանդատներից կամ դադարեցրել է իր գործունեությունը, պետք է ենթադրել, որ նշված որոշումներն ընդունվել են, սակայն հանրությանը հասանելի չեն: 

Այդ երկու համայնքապետարաններն իրենց էջերն ունեն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և պարզվում է, որ նրանք ոչ թե  տեղական ինքնակառավարում են իրականացնում, այլ՝ «ֆեյսբուքյան կառավարում»: Բնակիչները միայն այս էջում կարող են տեղեկանալ, որ ավագանու նիստ է գումարվել, և բոլոր որոշումներն ընդունվել են միաձայն: Թե ինչ որոշումներ են եղել դրանք՝ միայն այդ համայնքների ղեկավարները գիտեն և, թերևս, կարծում են, որ դա բավարար է:

«Սիրելի բնակիչներ, մարտի 7-ին Բաղրամյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2022թ. թիվ 2 ավագանու հերթական նիստը։ Նիստը վարեց համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը, օրակարգում ներառված էր թվով 11 հարց ...»: Որոշումը հրապարակելու փոխարեն՝ համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը մեկ համառոտ նախադասությամբ հայտնում է՝ «նիստը կայացավ ջերմ և կառուցողական մթնոլորտում»։ 

Բաղրամյան համայնքի մոտ 20 000 բնակիչները հնարավորություն չունեն անձամբ հետևելու ավագանու նիստին, չնայած այն պարտավոր էին հեռարձակել համայնքի պաշտոնական կայքով: Հնարավորություն չունեն ծանոթանալ ընդունված որոշմանը կամ նիստի արձանագրությանը և անձամբ համոզվել, որ ավագանու անդամները «ջերմ և կառուցողական մթնոլորտում» են որոշումներ ընդունում: Տարբեր կուսակցություններ ներկայացնող ավագանու անդամները ոչ մի առարկություն չեն ունենում քննարկվող հարցերի վերաբերյալ:

Համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը, հավանաբար, տեղյակ չէ, որ տեղական իշխանությունը կառավարումն իրականացնում է օրենքներով և ավագանու ընդունած որոշումներով: Կենացները, որոնցով նա առաջնորդվում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, իրավական որևէ ակտով ամրագրում չունեն: Ավագանին և համայնքի ղեկավարը անհատական և նորմատիվ իրավական ակտեր են ընդունում, որոնք «Իրավական ակտերի մասին» օրենքով իրավաբանական ուժ չեն կարող ունենալ, եթե դրանք օրենքով սահմանված ժամկետում չեն հրապարակվում: 

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հրապարակման օրինական, պաշտոնապես ամրագրված հարթակ է ճանաչում համայնքի պաշտոնական կայքը: ՏԻՄ օրենսդրության պահանջներով կառուցված համայնքային կայքերն առաջին հերթին կառավարման գործիք են, հետո միայն՝ տեղեկատվության միջոց:

Բաղրամյան համայնքն այդպիսի կայք ունի, որտեղ համայնքապետարանը պարտավոր է ավագանու նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ հրապարակել նիստի օրակարգում ընդգրկված նախագծերն ու դրանց կից փաստաթղթերը` ներբեռնման հնարավորությամբ: Եվ՝ «յուրաքանչյուր ոք իրավունք ունի պահանջելու և օրենքով սահմանված կարգով ստանալու սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկատվությունը»:

Ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է նաև նիստի անցկացման վայրը և ժամանակը, քանի որ ավագանու նիստը հրապարակային է, և բնակիչները նաև նիստին մասնակցելու ցանկություն կարող են ունենալ: ՏԻՄ օրենքը սահմանում է. «3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու նիստերի արձանագրությունները մեկշաբաթյա ժամկետում տեղադրվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում՝ ներբեռնման հնարավորությամբ: Իսկ 10 000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու նիստերը պետք է առցանց հեռարձակվեն համայնքի պաշտոնական համացանցային կայքում:

Վերը արված բոլոր դիտարկումները հավասարապես վերաբերում են նաև Խոյ համայնքին: Այս համայնքում, ինչպես նշեցինք, միավորվել է 17 բնակավայր՝  32 775 բնակչով, իսկ ավագանու կազմում երեք քաղաքական ուժ է ներկայացված: Ընտրողները 65.75% քվե տվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և ավագանու կազմում նրանք ունեն 14 մանդատ, «Զաթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն ունի 4 մանդատ, «Ազատական կուսակցությունը»՝ 3 մանդատ: Բազմակուսակցական ավագանին այս համայնքում նույնպես ոչ միայն չի ընդվզում ավագանու գործունեությունն ու իր ընդունած որոշումները հանրությունից թաքցնելու՝ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի դիրքորոշման դեմ, այլև համաձայն է, որ սոցիալական ցանցում համայնքապետարանի էջը նա ծառայեցնի միայն իր անձը գովազդելուն: 

Խոյ համայնքի ղեկավարն առաջնորդի կերպարով հայտարարություններ է տեղադրում համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։ Այստեղ միայն նրա լուսանկարներն են տարբեր հանդիպումներից և ոչ մի խոսք՝ համայնքապետարանի գործունեության մասին: «28.02.2022թ.-ին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՏԶՀ-ի կողմից իրականացվող՝ ՍՆՏԶ ծրագրի Բաղադիչ 2-ի ենթածրագրի ընտրության ժողովը: Ժողովն անցկացնում էր Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը: Նիստին ներկաները միաձայն կողմ քվեարկեցին համայնքը մեքենամեխանիզմներով վերազինելու գաղափարին»,- տեղեկանում ենք էջից:

«Ժողովը վարեց համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը, ով ներկայացրեց ՍՆՏԶ ծրագրի 2-րդ բաղադրիչի նպատակները և համայնքի մասնակցության հնարավորությունը: Քննարկվեցին համայնքում առկա խնդիրները, ամփոփվեցին բնակիչների շրջանում իրականացված գաղափարների հավաքագրման արդյունքները: Հաշվի առնելով հնչեցված խնդիրները և հարցման արդյուքները, ինչպես նաև՝ դրանց յուրահատկությունն ու կիրառությունը համայնքում՝ ընտրվեց հետևյալ առաջնահերթ գաղափարը՝ վերազինել համայնքը տեխնիկատրանսպորտային միջոցներով: Որի արդյունքում կունենանք կանաչապատ, մաքուր, լուսավոր, հեշտ անցանելի և բարեկարգ համայնքային և միջհամայնքային ճանապարհներով Խոյ համայնք»,- սա նույնպես հրապարակված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում: 

Այս հայտարարության հետ կապված առայժմ միայն մեկ դիտողություն ներկայացնենք. եթե բնակիչների շրջանում հարցում իրականացրած լինեին, առաջինը կհրապարակեին հարցման արդյունքները և ժողովի արձանագրությունը: Տեսականորեն հնարավոր է, չէ՞, որ համայնքի  32 775 բնակիչներից մեկն անհամաձայնություն հայտնած լինի այդ որոշման առնչությամբ, առհասարակ՝ համայնքի ղեկավարի կամ ավագանու կայացրած որևէ որոշման վերաբերյալ և ցանկանա բողոքարկել այն դատարանում: Ի՞նչն է բողոքարկելու՝ համայնքի ղեկավարի ֆեյսբուքյան հայտարարությո՞ւնը: 

Խոյ համայնքի կայքէջում նախորդ համայնքապետի ժամանակներից լրացումներ չեն կատարվել՝ ոչ աշխատակազմն է ներկայացված, ոչ տեղական ինքակառավարման մարմինների որոշումներն են հրապարակվում, ոչ էլ՝ որևէ լրատվություն՝ այցելուներին տեղեկացնելու, որ համայնքում նոր իշխանություն է ընտրվել: Համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը դրանով համայնքի բնակիչներին, նաև ոլորտի մասնագետներին զրկել է իր իրականացրած կառավարումը գնահատելու հնարավորությունից: 

Գլխավոր լուսանկարում՝ Բաղրամյան համայնքի ավագանու 2022 թ. ապրիլի 29-ի նիստը (համայնքապետարանի ՖԲ էջից)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter