
Վարդանյանը վստահեցնում է` ընդդիմության մանդատները վայր դնելուց հետո ԱԺ-ն չի կարող արձակվել
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի համոզմամբ` նույնիսկ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորների ամբողջ մանդատներից հրաժարվելուց հետո չի կարող խորհրդարանն արձակվել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը` արձագանքելով հարցին, թե ինչ ընթացակարգ է լինելու, եթե ընդդիմությունը վայր դնի մանդատները:
«Ոչ մի բան էլ տեղի չի ունենա, որևէ պատգամավորի կամ նույնիսկ փոքրամասնության վարքագծի պատճառով չի կարող բնականոն գործունեությունը խաթարվել: Դա լավագույն լուծումը չէ, լուծում է, որը համահունչ է ժողովրդավարական զարգացումներին, բայց դրանից հետո ոչինչ չպետք է հետևի: Պատկերացրեք իրավիճակ, որ մի փոքրաթիվ խմբակցություն դուրս է գալիս ԱԺ-ից, և սա հանգեցնում է խորհրդարանի արձակմանը»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով` դա նշանակում է, որ անընդհատ կարող են լինել պերմամենտ ճգնաժամեր, որոնք որևէ կերպ չեն համապատասխանում խորհրդարանական կառավարման մոդելին:
Ինչ վերաբերում է ընդդիմության հետ հնարավոր երկխոսության հարցին, պատգամավորն ասաց՝ ԱԺ դահլիճը երկխոսության համար է, ստեղծվել է հենց երկխոսություն ծավալելու նպատակով: Քաղաքական մեծամասնության պատգամավորն այն կարծիքին է, որ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով քննարկումը մտացածին է, երկրում նման օրակարգ չկա:
«Ցանկացած ճգնաժամի հաղթահարումը պետք է տեղի ունենա սահմանադրության նախատեսված ընթացակարգերի հունի ներքո, և խորհրդարանական քննարկումներն այդ սահմանադրական միջոցներից մեկն են»,- նշեց նա:
Մեկնաբանել