
Ձերբակալություն՝ Հրազդանի ԲԿ-ում խուլիգանություն կատարելու և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Մեղրաձոր բնակավայրի բնակիչների կողմից խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Նախնական տվյալներով, 2022թ ապրիլի 30-ին՝ ժամը 20:50-ին, մի խումբ անձինք իրենց վատառողջ բարեկամին Երևան քաղաք տեղափոխելու հարցի շուրջ վիճաբանել են «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժշկական անձնակազմի և շտապօգնության հերթապահ բժշկի հետ, որի ընթացքում Մեղրաձոր բնակավայրի երկու բնակիչ՝ հայր և որդի, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խախտելով հիվանդանոցի բնականոն աշխատանքը, կոտրել են հիվանդանոցի գույքը, բարձրաձայն հայհոյանքներ հնչեցրել: Նրանցից մեկը՝ հայրը, հարվածել է շտապօգնության ավտոմեքենայի վարորդին, իսկ որդին հարվածներ է հասցրել բժշկի մարմնի տարբեր մասերին: Այնուհետև, երբ ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և պահանջել դադարեցնել հակաօրինական գործողությունները, որդին, չենթարկվելով նրանց օրինական պահանջներին, վիճաբանել է վերջիններիս հետ, որի ընթացքում հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի երկու աշխատակցի:
Հրազդան համայնքի Մեղրաձոր բնակավայրի բնակիչներից մեկը՝ որդին, ձերբակալվել է, իսկ հոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Մեկնաբանել