
Ովքե՞ր են մարզերում նշանակված քրեական մասնագիտացմամբ դատավորները
Նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ` ապրիլի 28-ին, մարզերում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացմամբ 8 դատավոր նշանակելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել:
Ստորև ներկայացնում ենք, թե ովքեր են դատավոր նշանակված անձինք:
Այսպես՝ Հայկ Պետրոսյանը նշանակվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի դատավոր: Պետրոսյանը մինչև դատավոր նշանակվելն աշխատում էր Գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի նկատմամբ հսկողության վարչությունում՝ որպես ավագ դատախազ:
Տարոն Թադևոսյանը նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Վերջինս եղել է Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի պետ:
Լոռու մարզում դատավոր է նշանակվել նաև Մարտին Արզումանյանը: Նա աշխատել է Երևան քաղաքի դատախազությունում՝ որպես ավագ դատախազ:
Ռոման Սմբատյանը նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Վերջինս 2019-2020 թվականներին եղել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետը:
Շիրակի մարզում է նշանակվել նաև Արամայիս Ասատրյանը: Վերջինս Վերաքննիչ քրեական դատարանում դատավորի օգնական է եղել:
Շիրակի մարզում նշանակված մյուս դատավորը Էդուարդ Մկրտչյանն է: Վերջինս նույնպես Վերաքննիչ քրեական դատաանում դատավորի օգնական է եղել:
Մուշեղ Արամյանը դատավոր է նշանակվել Սյունիքի մարզում: Նա Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալն է եղել:
Արամ Մարտիրոսյանը նշանակվել է Տավուշի մարզում: Մարտիրոսյանը եղել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ:
Մեկնաբանել