
Բարեփոխումներ՝ զինծառայողի հաշմանդամության զինվորական նպաստի կարգում
Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին: Այն ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Փոխնախարարի խոսքով՝ նպատակն է բարեփոխումներ իրականացնել կենսաթոշակների և նպաստների ոլորտում, ինչպես նաև ապահովել ԵԱՏՄ անդամ երկրների կենսաթոշակային ապահովվածության բնագավառում կնքված համաձայնագրի կիրարկումը՝ կառավարությանը վերապահելով անհրաժեշտ իրավական ակտեր սահմանելու լիազորություն:
«Ներկայումս իրավակիրառ պրակտիկայում ունենք դեպքեր, երբ ժամկետային զինծառայողի հաշմանդամության զինվորական նպաստը, ըստ կարգավորումների, ավելի բարձր էր սահմանվում, քան պայմանագրային զինծառայողների դեպքում: Առաջարկում ենք, որ այն սահմանվի նվազագույն կենսաթոշակի չափից ոչ պակաս չափով: Նույն փոփոխությունը կատարում ենք կերակրողին կորցնողի դեպքում, էլի նույն կարգավորումներն ենք առաջարկում»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ չի կարող լինել իրավիճակ, որ ժամկետային զինծառայողները պայմանագրային զինծառայողներից ավելի բարձր կենսաթոշակ ստանան, դա է պատճառը, որ որոշակի շեմ են ֆիքսել, որին էլ գումարվում է զինվորական կոչումն ու այլ հիմքեր:
Նախագիծը դրվեց քվեարկության՝ ստանալով հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Մեկնաբանել