
Գլխավոր դատախազը պատերազմի դադարեցման մասին վարչապետի խոսքում հանցակազմ չի տեսնում
2021 թվականի ընթացքում գլխավոր դատախազության վարույթում քննվել է պատերազմական հանցագործություների վերաբերյալ 2150 քրեական գործեր:
Խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Տարվա ավարտի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի վերաբերյալ, 55 անձի արդեն իսկ դատի են տրվել, ունեն նաև համապատասխան դատավճիռներ»,- ասաց Դավթյանը:
Նրա խոսքով՝ արդեն իսկ ավարտված քրեական գործերով պարզվել է հետևյալ պատկերը. զինված ուժերի ներկայացուցիչներ, բազում սպաներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չկատարելու դրսևորումեր են ունեցել:
«Որոնցով ունեցել ենք նաև քրեական հետապնդումներ, դատի տրված նման անձինք, մնացյալ գործերով նախաքնությունը շարունակվում է: Բոլորս էլ նախանձախնդիր ենք՝ առավելագույնս օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու համար»,- ասաց նա:
Խոսելով Ադրբեջանի ռազմական հանցագործությունների և պատերազմին մասնակից վարձկաների մասին ՀՀ գլխավոր դատախազը հայտնեց, որ նրանցից երկուսը դատապարտվել են ցմահ ազատազրկման:
Լրագրողների հետ զրույցում Դավթյանն անդրադարձավ ԱԺ-ում վարչապետ Փաշինյանի ելույթից հետո զոհված զինծառայողների հարազատների՝ գլխավոր դատախազությունում հաղորդման ներկայացմանը:
«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի: Նույն վիճակը՝ բոլոր հարցերով, բոլոր նրբություններով»,-խորհրդարանում ասել է Փաշինյանը:
Դավթյանը հիշեցրեց, որ Մովսես Հակոբյանի հաղորդման հիման վրա դեռ նախորդ տարի քրեական գործ է հարուցվել, որն այժմ Հակառուպցիոն կոմիտեի վարույթում է և որի ուսումնասիրության առարկան պատերազմին նախապատրաստվելը. ռազմաքաղաքական ղեկավարության պարտականությունները բարեխղճորեն կատարելը քննելն է: Ասում է՝ մինչ զոհված զինծառայողների հարազատների՝ դատախազություն հաղորդում ներկայացնելը, իրենք արդեն իսկ ուսումնասիրել էին վարչապեի խոսքերը և ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե՝ նույն քրգործի ուսումնասիրության առարկան դարձնելու համար:
«Քրեական գործը անդրադառնում է այն նույն հանգամանքներին, ինչի վերաբերյալ հնչել է վարչապետի խոսքը, հետևաբար այդ խոսքը քրեական գործով ձեռք բերված այլ տվյալների համադրման արդյունքում պետք է արժանանալ համապատասխան իրավական գնահատականի: Խոսքն ինքն իրենով իրավական նշանակություն չի կարող ունենալ, եթե ինքն այդ փաստով քննվող քրեական գործի այլ հանգամանքների, ձեռք բերված այլ ապացույցների հետ համադրության մեջ չդիտարկվի»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ ընդդիմադիրները հայտարարում են, թե վարչապետի խոսքերում հանցակազմ կա, և իրավապահները պետք է զբաղվեին, գլխավոր դատախազը չհամաձայնեց:
«Ոչ, ես նման իրավական գնահատական չեմ կարող տալ, որովհետև եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, այսինքն իրենց ասածն ինչ է, որ մենակ այդ խոսքը կարող էր նկարագրվել որպես մեղադրանքի նկարագրություն և մեղադրանք առաջադրվել: Հիմա նույն հաջողությամբ, նույն անհիմն իրավական տրամաբանությամբ կարող էր էդպիսի մեղադրանք առաջադրվել այն դեպքում, երբ առանց համապատասխան պաշտպանություն կազմակերպելու մեր պետության, համապաատասխան տարածքներ զիջվեին թշնամուն: Այսինքն նույն տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կարող էր նաև հնչել, եթե ունենայինք այդպիսի իրողություն»,- ասաց նա:
Դավթյանի խոսքով՝ պատերազմական գործողությունները կարող էին կանգնեցվել և այլ նման հրապարակային արտահայտությունները քրգործով ձեռք բերված այլ ապացույցների հետ պետք է համադրվեն: Դավթյանն այդպես էլ մանրամասներ չհայտնեց՝ այդ գործով վարչապետը հարցաքննվել է, թե ոչ:
«Բնականաբար վարչապետն այդ քրգործով տեղեկություններ հայտնելու իրավունք ու պարտականություններ ունի: Նախաքննական մարմինը նրա պարզաբանումները՝ բազում հարցերի շուրջ, պետք ստանա, իսկ թե հարցաքննվել է, չի հարցաքննվել, քանի անգամ և դեռ կհարցաքննվի, թույլ տվեք էս պահին դեռևս չասեմ»,- եզրափակեց գլխավոր դատախազը:
Մեկնաբանել