
Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցում Հայաստանի քրեակատարողական հիմնարկները բարելավել են ցուցանիշները
Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (ԽԿԿ) այսօր՝ ապրիլի 21-ին, հրապարակել է տարեկան զեկույցը, որը վերաբերում է բանտերի գերբնակեցմանը և այդ հարցի լուծման ուղիներին։ Հայաստանը, ըստ զեկույցի, բարենպաստ դիրքերում է:
2021թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 100,000 բնակչության հաշվով Հայաստանում ազատազրկված անձանց թիվը եվրոպական միջին ցուցանիշից «շատ ցածր» է: Այս ցուցանիշով Հայաստանը տեղ է գտել այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են Իռլանդիան, Մեծ Բրիտանիան, Հյուսիսային Իռլանդիան, Շվեյցարիան, Գերմանիան, Շվեդիան, Կիպրոսը, Դանիան, Նորվեգիան և այլն:
Ազատազրկված կանանց թվով ևս Հայաստանը «շատ ցածր» հորիզոնականում է: Նույն ցուցանիշն է արձանագրվել նաև օտարերկրացիների ազատազրկման տվյալներով: Փոխարենը «շատ բարձր» ցուցանիշ է գրանցվել կալանավորված անձանց թվով, որոնց վերաբերյալ դեռ չի կայացվել վերջնական դատական ակտ:
Հայաստանում էականորեն նվազել է անազատության մեջ գտնվողների թիվը: Մասնավորապես, 2011թ․-ի համեմատ 2021թ․-ին այդ թիվը նվազել է 52%-ով, մինչդեռ, օրինակ, հարևան Թուրքիայում այդ թիվն աճել է 89,3%-ով, Սերբիայում՝ 1.5%-ով և այլն:
Զեկույցը հատուկ ուշադրություն է դարձրել երկրների բանտերի գերբնակեցմանը: 2021թ․-ի հունվարի 1-ի դրությամբ՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկները նախատեսված են եղել ընդհանուր 5 346 մարդու համար, սակայն փաստացի անազատության մեջ պահվել է 1 967 մարդ: Այլ կերպ ասած՝ ազատազրկման վայրերը բնակեցված են եղել 36.8%-ով: Սա եվրոպական երկրների համեմատ ցածր ցուցանիշ է: Օրինակ՝ Ադրբեջանում բանտերը զբաղեցված են 85,5%-ով, Վրաստանում՝ 79,2%-ով: Ֆրանսիայում, Հունաստանում ազատազրկման վայրերը գերբնակեցված են, ցուցանիշը կազմում է համապատասխանաբար 103.5% և 111,4%:
Գերբնակեցված քրեակատարողական հիմնարկներից ամենաբարձր ցուցանիշն ունի Ռումինիան՝ 119.3%, իսկ ամենացածրը՝ Մոնակոն: Այստեղ բանտերը նախատեսված են ընդամենը 97 մարդու համար, սակայն բանտում պահվել է 13 մարդ, որը կազմում է ընդհանուր հզորության 13,4%-ը:
Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև ազատազրկման ժամկետներին: 2021թ․-ի հունվարի 1-ի դրությամբ՝ Հայաստանում գերակշռել են 5-10 տարի ժամկետով ազատազրկումները: 1053 դատապարտյալից 371-ը ազատազրկվել է 5-10 տարի ժամկետով, փոխարենը 1-3 տարի ժամկետով ազատազրկվել է 141 մարդ, իսկ մինչև 1 տարի ժամկետով՝ 12 մարդ: Գրեթե նույն պատկերն է Վրաստանում: Իսկ Ադրբեջանում գերակշռել են 3-5 տարի ժամկետով ազատազրկումները։
Մեկնաբանել