
2023 թվականից դիմորդները ընդունելության քննություն կհանձնեն երկու անգամ
Կառավարությունը ապրիլի 7-ի հերթական նիստին ընդունել է բուհում միասնական քննություն հանձնելու նոր կարգավորում, ըստ որի՝ դիմորդը կարող է քննություն հանձնել 2 անգամ։ Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ԿԳՄՍՆ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանը ներկայացրեց կարգավորման վերաբերյալ մանրամասներ։
Ըստ նրա՝ կարգը, դրույթներն ընդունվել են, սակայն այն գործելու է 2022-ի դեկտեմբերից․ դիմորդները դեկտեմբերին սկսելու են հայտագրել միասնական 2 քննություն, և 2023թ․-ի հունվարին կազմակերպվելու են արդեն քննությունները, այնուհետև երկրորդ անգամ դիմորդները քննություն կհանձնեն հունիսին։
Միևնույն առարկայից երկու միասնական քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է քննությունից ստացած առավել բարձր միավորով։ Մրցույթը լինելու է մեկ անգամ՝ ամռանը։
Կարգավորմամբ փոփոխվելու են նաև քննությունների տեսակները, նախկին կարգավորմամբ ընդունելության քննությունները ներբուհական, կենտրոնացված և միասնական էին, նոր կարգավորմամբ լինելու են միասնական և ներբուհական։ Ներբուհական քննությունները արվեստի բնագավառի քննություններն են, որոնք իրականացնում և կազմակերպում են բուհերը, և միասնական քննությունները, որոնք կազմակերպում է ԳԹԿ-ն։
Լինելու է 2 միասնական քննություն, ԳԹԿ-ի փոխտնօրեն Կարո Նասիբյանի խոսքով՝ նախկինում եղել է 3 քննությունով բուհ ընդունվելու հնարավորություն, ինչպես նաև 1 քննությամբ ընդունվելու հնարավորություն, սակայն այս տարի լինելու է միայն 2 քննությամբ։ Հրաժարվել են կենտրոնացված քննություններից, բանավոր քննություններից, հրաժարվել են նաև լրագրության ֆակուլտետի 2 քննությունից՝ Բանավոր խոսքի հմտություն և Ստեղծագործական աշխատանք առարկաներից։
Կարո Նասիբյանի խոսքով՝ ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը սկսվել է։ Ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում նրանք, ովքեր ցանկանում են բուհ ընդունվել, պետք է հայտագրվեն։ Օտարերկրյա ուսհաստատությունների շրջանավարտները, բանակից զորացրվածները, մեր երկրում գտնվող օտարերկրյա երկրների շրջանավարտները կարող են հայտագրվել հունիսի 26-ից հուլիսի 1-ը։
Դիմորդը դիմելու է դպրոցի տնօրինությանը, ստանա ԳԹԿ-ի անձնական համարը, այնուհետև առցանց հայտագրմամբ հայտագրվելու է միասնական կամ ներբուհական քննություններին։ Քննություններին մասնակցելու համար գումար միասնական քննության համար պետք է մուտք անել ԳԹԿ-ի հաշվեհամարին, իսկ ներբուհական քննության համար՝ բուհի հաշվեհամարին։ Հայտագրումը իրականացվում է dimord․am կայքում։
Դիմորդը մինչև մայիսի 10-ը կարող է փոխել բուհը, մասնագիտությունը, քննությունը։ Դիմորդները հայտագրելու են մեկ բուհ՝ մեկ մասնագիտացմամբ։
Մեկնաբանել