HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամեն օր Ղազանչեցոցին նայելով աղոթք էի անում, հիմա նույնիսկ հավատս եմ կորցրել»

«Հոկտեմբերի 26-ն էր, զանգեց, ասեց՝ մամ, ցավդ տանեմ, ո՞նց ես։ Ասեցի՝ լավ եմ, բալաս, ասեց՝ մայորի կոչում եմ ստացել, ասեցի՝ լսել եմ, կներես տղաս, չեմ ուրախանում, բայց շնորհավորում եմ, զգույշ եղի, ինձ էդ կոչումդ պետք չի, դու մենակ զգույշ եղի»,- պատմում է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված մայոր Սերոբ Մելքոնյանի մայրը՝ Վարդիթեր Մելքոնյանը։

Սերոբի հայրը՝ Վարուժան Մելքոնյանը, Գեղարքունիքի մարզից էր, Շուշիի ազատագրման մասնակիցներից։ 

Նրանց ջոկատն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ եղել է Խոջալուում, այնտեղ հանդիպել է կնոջը՝ Վարդիթերին, սիրահարվել, ամուսնացել ու ապրել են Ստեփանակերտում։ 

Շուշիի ազատագրումից հետո Վարդիթերն ամուսնու՝ Վարուժան Մելքոնյանի հետ Ստեփանակերտից տեղափոխվել է Շուշի ու բնակություն հաստատել այնտեղ։

Վարդիթերը հիշում է Շուշիում իրենց վերջին օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 18-ը. որդու՝ Սերոբի կինը, նրանց դուստրն ու որդին արդեն Հայաստանում էին՝ Սերոբի ընկերոջ տանը։ Որդին զանգել է մորն ու ասել, որ նրանք էլ դուրս գան Շուշիից։

Վարդիթերը հակառակվել է որդուն, ասել, որ չի ուզում դուրս գալ։ «Հետո ձայնը դողաց, համ հուզված էր, համ` ջղայնացած, ասեց` մամ, չես լսու՞մ` ինչ եմ ասում, դուրս եկեք: Մտածում էր՝ մեզ համար ապահով լինի»,- պատմում է նա։

Հոկտեմբերի 18-ին Վարդիթերն ամուսնու՝ Վարուժանի, մոր՝ Զոյայի ու հոր՝ Յակովի հետ դուրս է եկել Շուշիից ու տեղափոխվել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի նախկին մանկապարտեզի շենք, որտեղ նախկինում՝ 1988-ին Բաքվից գաղթած Վարդիթերի հորաքույրն է բնակվել ընտանիքի հետ։

Շենքը դատարկ էր, չէր օգտագործվում։

Կարծում էին, թե ժամանակավոր են Պռոշյանում, թե պատերազմի ավարտից հետո կվերադառնան Շուշի։ «Որ գնացինք հաշվառվելու, ասեցին՝ որտե՞ղ եք ապրում, ասեցինք՝ մանկապարտեզում, հարցրին՝ բա հարմարություններ կա՞ն, ասեցի՝ դե, նկուղից լավ ա, բայց հո ստեղ չենք եկել միշտ մնանք, էս քանի օրն ա, կռիվը դադարի, գնանք, մի քանի օրը դարձավ հավերժություն»,-պատմում է Վարդիթերը։

Սերոբ Մելքոնյանը զինվորական որոշել էր դառնալ դեռ փոքր տարիքից։ 

Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո, երբ վերադարձել է, մեկնել է Գերմանիա։ 2 ամիս անց, սակայն, վերադարձել է։ 

«Զանգեց, ասեց՝ կարոտում եմ, ասեցի՝ ուզո՞ւմ ես գաս, ասեց՝ հա, եկավ ու անցավ ծառայության»,- պատմում է մայրը։

Սերոբը սկզբում ծառայել է Շուշիի ՀՕՊ-ում (հակաօդային պաշտպանություն)։ Հետո տեղափոխվել է Մարտունի-3 զորամաս։ Կապիտանի կոչում է ունեցել։ Պատերազմի ընթացքում ստացել է մայորի կոչում ու դարձել գումարտակի հրամանատար։

Վերջին հեռախոսազանգի ժամանակ՝ հոկտեմբերի 26-ին, Սերոբը կնոջը՝ Սրբուհուն ու մորն ասել է, որ մայորի կոչում է ստացել։ 

Սերոբն իր գումարտակով տեղակայվել էր Շեխեր-Կարմիր Շուկա բնագծում։ Ականապատում են կատարել, վերադարձել ու հենց մտել են բլինդաժ, անօդաչուն հարվածել է։ Սերոբը զոհվել է։ Նրան հուղարկավորել են Եռաբլուրում։

Մայրն ասում է, որ Արցախ վերադառնալ չի կարող, որովհետև չի ուզում որդուն մենակ թողնել։

«Խոհանոցի պատուհանն ուղիղ նայում էր Ղազանչեցոցին, ամեն օր մինչև քնելը նայում էի եկեղեցուն ու աղոթում, հիմա նույնիսկ հավատս եմ կորցրել»,- ասում է Վարդիթերը։

Այս պատերազմում զոհվել է նաև Վարդիթերի եղբայրը՝ կամավորական Վարուժան Հարությունյանը։

Նա զոհվել է Հադրութի Թութակներ տեղամասում հոկտեմբերի 16-ին։ Աճյունը հայտնաբերվել է հունվարի 22-ին ու հուղարկավորվել Եռաբլուր զինվորական պանթեոնում։ 

Սերոբի զինակից ընկերներն ընտանիքին պատմել են, որ նա իմացել է քեռու մահվան մասին։  

Օրեր առաջ Վարդիթերին են զանգահարել Նաիրի համայնքի Պռոշյանի գյուղապետարանից ու ասել, որ առաջիկայում պետք է ազատեն տարածքը, քանի որ մանկապարտեզի շենքը շահագործվելու է։

Շենքը որպես մանկապարտեզ չի շահագործվել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։

Մելքոնյաններին տարածքը լքելու դիմաց խոստացել են վճարել առաջիկա մի քանի ամսվա բնակարանի վարձը։ Թե ինչ կլինի դրանից հետո, ընտանիքը չգիտի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter