
Թևանյան. «Փաշինյանը, միջազգային հանրություն ասելով, նկատի ունի Թուրքիային ու Ադրբեջանին»
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ողջունում է Արցախի խորհրդարանի պատգամավորների ընդունած հայտարարության նախագիծը, որով Հայաստանի իշխանություններին կոչ են անում «հրաժարվել ներկայիս աղետալի դիրքորոշումից» և հայտարարում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում մեկ ապագա ունի` ցեղասպանություն:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցներին ասաց պատգամավորը:
«Այդ որոշմամբ փաստացի Հայաստանի և Արցախի խորհրդարաններով հաստատվեց կոնսենսուս մինուս 1 տարբերակ, այսինքն Արցախը 100 %-ով` ի դեմս իր խորհրդարանի և Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը դեմ են այն մոտեցմանը, որի համաձայն՝ լղոզված, մանիպուլյացիաներով և այլ տարբերակով ներկայացնելով, հանրությանը փորձում են տարածել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Մենք դեմ ենք էդ մոտեցմանը»,- ասաց Թևանյանը:
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց Հայաստանի իշխանությունների` տարիներ առաջ արված այն հայտարարությունը, թե ԼՂ կոնֆլիկտի լուծումը պետք է բավարարի Արցախի ժողովրդին: Պատգամավորի խոսքով` փաստորեն Արցախի ժողովուրդը խորհրդարանի միջոցով հայտարարեց, որ այս մոտեցումներն իրեն չեն բավարարում:
«Պետք է ամեն ինչ անենք, որ «կոնսենսուս մինուս Նիկոլ Փաշինյան» տարբերակը վերածի նաև քաղաքական արդյունքի, այսինքն քաղաքական կապիտալիզացիայի ենթակվի այս բանաձևը: Ես հասկանում եմ մեր քաղաքացիների շտապողականությունը, բայց մենք ունեցել ենք ոչ դրական փորձ, ուստի սխալներից հետևություններ ենք արել: Խոսքս փողոցային պայքարի մասին է, մենք պետք է կազմակերպվենք և հաշվի առնենք մի կարևոր հանգամանք` մեր ներքաղաքական հակառակորդը ոչ այնքան Փաշինյան ու իր խմբակն է, այլ Թուքիան ու Ադրբեջանը, որ ուղղակի սատարում են Փաշինյանին: Փաշինյանը երբ հայտարարում է միջազգային հանրության մասին, նկատի ունի Թուրքիային ու Ադրբեջանին»,-ասաց նա:
Թևանյանի գնահատմամբ Փաշինյանը երկու օր շարունակ ստեր է ասել ԱԺ ամբիոնից, որից առաջինն այն է, թե պատերազմը Շուշիի համար էր: Թևանյանի խոսքով դա հերքվել է ՌԴ նախագահի մակարդակով դեռ 2020 թվականին, ինչից հետո հերքման հերքում չի եղել:
Նա սուտ որակեց նաև Փաշինյանի այն հայտարարությունը, թե միջազգային հանրությունը ԼՂ կարգավիճակի հարցում Հայաստանից նշաձողի իջեցում է պահանջում:
«ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահող երկրներից որևէ ներկայացուցիչ չի հայտարարել այն մասին, որ Հայաստանը պետք է ԼՂ կարգավիճակի հետ կապված նշաձողի իջեցում անի: Համանախագահող որևէ երկիր չի ասել, որ հրաժարվում է Մադրիդյան սկզբունքներից: Փաշինյանը, միջազգային հանրություն ասելով, նկատի ունի Թուրքիային ու Ադրբեջանին»,- ասաց Թևանյանը:
Պատգամավորի խոսքով` հաջորդ սուտն այն է, թե հայ-թուրքական երկխոսությունը տեղի է ունենում առանց որևէ նախապայմանի: Անդրանիկ Թևանյանը հիշեցրեց, որ թուրքական կողմը հայտարարել էր, որ գործընթացը կսկսվի Ադրբեջանի միջնորդությամբ ու նրա հետ կկորդինացմամբ:
«Թուրքական կողմը հայտարարեց, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, և հարցը փակված է: Այդ մոտեցումները արձանագրվել էին Շուշիի հռչակագրում, որին ըստ էության կողմ քվեարկեց քաղաքական մեծամասնությունը: Եւ փաստացի սա այն նախապայմանն է, որը բավարարելու համար էլ Փաշինյանը հղում է անում անհայտ միջազգային հանրությանը` փորձելով իր համար քաղաքական ալիբի ապահովել և ժողովրդի վրա վաճառել էն հանգամանքը, որ Հայաստանը մենակ է մնացել ու չունի դաշնակիցներ ԼՂ կարգավիճակի և այլնի հարցում, ուստի Արցախը պետք է թողնել Ադրբեջանի կազմում»,-ասաց նա:
Անդրանիկ Թևանյանի խոսքով` Փաշինյանը ճիշտ է ասում, որ տարածություն է բացում, սակայն մինչև վերջ չի ասում: Ըստ նրա` Փաշինյանը տարածություն է բացում թուրք-ադրբեջանական զույգի համար, Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար, այնտեղ ռուս խաղաղապահների գոյությունը իմաստազրկելու և Գյումրիի ռուսական ռազմաբազան հեռացնելու միջոցով:
«Այ սա է տարածություն բացելը»,- մանրամասնեց Թևանյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ հանրությունն ընդդիմությունից այլ ակնկալիքներ ունի, սակայն վերջինս զբաղված է Արցախի դրոշը տարբեր համայնքներում տեղադրելու ակցիաներով, Թևանյանն ասաց, որ այն զուտ խորհրդանշական նշանակություն ուներ:
«Եւ փորձը ցույց տվեց, որ ճիշտ ենք արել, դրանով մեսիջ ենք տվել ժողովրդին և ամբողջ աշխարհին: Ինչ վերաբերում է մեր քայլերին, մենք պետք է կազմակերպվենք և էնպես անենք, որ արդյունք ունենանք, զուտ հանրահավաքային չլինի, իհարկե փողոցային պայքարը պետք է ակտիվացնենք»:
Նրա խոսքով` քանի որ իշխանություններն օպերատիվ կապ ունեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ, բացառված չէ, որ իշխանափոխությունը կանխելու համար դիմեն նրանց օգնությանը` խնդրելով սադրանքներ իրականացնել սահմանին և այդ կերպ պատերազմով վախեցնել ժողովրդին: Պատերազմի հավանականությունը, սակայն, պատգամավորը իրատեսական չհամարեց:
«Մենք ցնցումներ չենք ուզում, բայց էնպես ենք անելու, որ օղակը կամաց-կամաց սեղմելով հասնենք փոխոխությունների»,- եզրափակեց նա:
Մեկնաբանել