
«Չենք բացառում, որ Ադրբեջանը գործընթացն օգտագործի տարածքային պահանջներ ձևակերպելու համար». Փաշինյանը՝ երկկողմ հանձնաժողովի մասին
«Չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել` դա դարձնելով Հայաստանի և Արցախի դեմ նոր ագրեսիայի, ագրեսիվ գործողությունների առիթ»: Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը նման միտք հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` Հայաստանը նույն մտահոգություններն ունի նաև դելիմիտացիայի աշխատանքերի կապակցությամբ.
«Չենք բացառում, որ Ադրբեջանն այդ գործընթացն օգտագործի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպելու համար` դե յուրե հայտարարելով, որ ոչ մի տարածքային պահանջ էլ չունի: Հասկանալով բոլոր մարտահրավերները՝ եկել ենք այն եզրակացության, որ նույն կետում կանգնելը և գործընթացում որոշակի առաջընթաց չապահովելը ոչ միայն չի նվազեցնում, այլև ավելի է սրում ռիսկերը: Այս է պատճառը, որ նաև դելիմիտացիայի հարցում Բրյուսելում եկել ենք համաձայնության` մինչև ապրիլի վերջ ստեղծել դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանձնաժողով»,- ասաց Փաշինյանը:
Ըստ նրա` այդ հարցում Հայաստանի դիրքորոշումն է հիմնվել Հայաստանի տարածքների ճշգրտման համար դե յուրե նշանակություն ունեցող փաստերի և ոչ թե ցանկությունների վրա: Վարչապետը խոսեց բրյուսելյան հանդիպումից, հետո՝ իր հասցեին հնչած քննադատություններից, որ հրաժարվել է զորքերի հայելային հետքաշման առաջարկից.
«Այս առնչությամբ պետք է ասեմ, որ մի քանի անգամ նախկինում արձանագրել ենք, որ զորքերի հետքաշումը մեր կողմից նախապայման չի եղել: Մենք կարծում ենք, որ դելիմիտացիայի բնականոն գործընթաց հնարավոր է միայն այն սահմանների առնչությամբ, որտեղ անվտանգության որոշակի մակարդակ կա, ինչը, ցավոք, չենք կարող ասել Հայաստան-Ադրբեջան այսօրվա սահմանի մասին»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` հայկական կողմը մտահոգություն ունի, որ դելիմիտացիային զուգահեռ Ադրբեջանը սահմանին ռազմական լարվածություն կպահպանի և Հայաստանի տարածքների նկատմամբ նկրտումներ կիրականացնի: Այս մտահոգությունն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ընկալված է միջազգային հանրության կողմից:
«Բայց վտանգավոր մի գծի էինք հասել, երբ զորքերի հայելային հետքաշման առաջարկը կարող էր ընկալվել որպես իրադրությունը փակուղի մտցնող քաղաքականություն: Մենք ճկունություն ցուցաբերելու պատրաստակամություն ենք հայտնել և Բրյուսելում ցուցաբերել ենք այդ ճկունությունը»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով` Բրյուսելում ոչ թե զրոյից պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծման աշխատանքների վերաբերյալ, այլ վերջնական հանգրվանի են հասցվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները: Փաշինյանը հավելեց` հիմք է ստեղծվել, որ անհրաժեշտության դեպքում թե' Ռուսաստանի Դաշնությունը, թե' Արևմուտքի գործընկեր երկրներն իրենց տեղեկատվությամբ, փորձառությամբ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն սահմանների դելիմիտացիայի աշխատանքներին:
Վարչապետի ներկայացմամբ` դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովն ունենալու է կրկնակի մանդատ:
«Առաջինը՝ բուն դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանագծման աշխատանքներն են, երկրորդը՝ սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովումը: Սա նշանակում է, որ հանձնաժողովը սահմանային իրավիճակի մոնիտորինգի որոշակի լիազորություն է ունենալու, նաև՝ սահմաններում անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելուն ուղղված կոնկրետ առաջարկով հանդես գալու հնարավորություններ: Անհրաժեշտության դեպքում այս գործընթացում հնարավոր կլինի նաև միջազգային փորձագիտական ներուժ ներգրավել: Տեղեկացնեմ նաև, որ հիմա աշխատում ենք հանձնաժողովի ձևաչափի և անհատական կազմի վրա և ամենաուշը ապրիլի 30-ին պետք է փորձենք հանձնաժողովի անհատական կազմը հստակեցնել: Այս ընթացքում մեր համապատասխան պաշտոնյաները պետք է աշխատեն ադրբեջանական կողմի հետ և ընդհանուր հայտարարի հասնեն կազմակերպչական այս հարցում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել